Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ճաշել թագուհու հետ

Օգոստոս 15,2020 12:00

Կամ` արքայական ճաշի տասը կանոն

Ի՞նչ է թույլատրված եւ արգելված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սեղանի շուրջ:

kulturologia-ն փորձել է պատասխանել այս հարցին՝ նշելով, որ շատ շատերն են երազել ճաշել թագուհու հետ՝ նույն սեղանի շուրջ:

Աղբյուրը նշում է, որ Բուքինհեմյան պալատում հատուկ արարողակարգ ու կանոններ կան դրա համար, ինչը վերաբերվում է սպասքի գործածելուց մինչեւ սենյակ ներս մտնելու կարգին:

Առաջին կանոնն այն է, որ չպետք է սենյակ մտնելիս խախտել հերթը: Այն դահլիճում, որտեղ պետք է կայանա ճաշը կամ ընթրիքը, ոչ ոք չի կարող ավելի շուտ գտնվել, քան թագուհին: Բայց նրանից անմիջապես հետո էլ չի կարելի ներս մտնել, որովհետեւ թագուհուն պետք է հետեւեն Էդինբուրգի դուքսը, ընտանիքի անդամները՝  ըստ գահի ժառանգորդության իրավունքի:

Երկրորդ կանոնն այն է, որ ճաշկերույթին, եթե իհարկե ձեզ բախտ է վիճակվել  նման հնարավորության արժանանալ, պետք է այնպես հագնված լինել, որ տպավորություն թողնեք, բայց նաեւ պետք է հետեւել սահմանված դրես-կոդին: Ճաշի ժամանակ նախընտրելի է խիստ ոճը, իսկ ընթրիքին, բնականաբար, հնարավոր չէ մասնակցել առանց երեկոյան զգեստի:

Երրորդ կանոնն է՝ ոչ երբեք թագուհուց շուտ: Հյուրերը կարող են մոտենալ սեղանին միայն  այն ժամանակ, երբ թագուհին արդեն զբաղեցրել է իր տեղը՝ սեղանի շուրջ, նրանք պետք է նաեւ համբերատար սպասեն՝ մինչեւ թագուհին առաջին պատառը կդնի իր բերանը:

Չորրորդ կանոնն է՝ ոչ մի բառ չխոսել, մինչեւ թագուհին որեւէ բառ չարտաբերի: Սեղանի շուրջ կատարյալ լռություն է տիրում մինչեւ այն պահը, երբ թագուհին մի փոքր թեքվում է իրենից աջ նստած սեղանակիցը ու ինչ-որ բան խոսում նրա հետ: Դրանից հետո աջ կողմում նստածները կարող են խոսել իրենցից աջ նստածների հետ: Նույնն  էլ՝  նույն սկզբունքով վերաբերում է ձախ կողմի նստածներին: Ի դեպ, հենց թագուհու աջ կողմում է նստում ամենահարգարժան հյուրը:

Հինգերորդ կանոնը վերաբերվում է սեղանից երբեք  չհեռանալուն: Հյուրերը չեն կարող ցանկացած պահի վեր կենալ ու հեռանալ սեղանից: Նրանք պետք է նախօրոք հոգան իրենց զանազան կարիքները՝ մինչեւ ճաշի սկսվելը: Վեցերորդ կանոնը սպասքը ճիշտ գործածելուն է վերաբերում: Կանայք թեյ կամ սուրճ խմելիս բաժակը մի դիրքով պետք է պահեն, որպեսզի շրթներկով «չզարդարեն» բաժակի ողջ եզրագիծը:

Յոթերորդ կանոնն է՝ վարվել այնպես, ինչպես թագուհին: Հատկապես, եթե հյուրը չգիտի՝ ինչպես պետք է պահի իրեն թագավորական ընթրիքին կամ ճաշին, հարկ է, որ հետեւի, թե ինչպես է թագուհին գործածում սպասքը կամ կտորից անձեռոցիկը:

Ութերորդ կանոնը թագավորական ազդանշաններն են: Թագուհին մատուցողներին եւ հյուրերին ինչ-ինչ ազդանշաններ է ուղարկում  սպասքի կամ իր անձնական իրերի միջոցով: Եթե առաջին ուտեստից հետո թագուհին պատառաքաղն ու դանակը միասին դնում է ափսեի աջ անկյունում, դա նշանակում է, որ մատուցողը կարող է ափսեն վերցնել սեղանից: Եթե թագունին իր փոքրիկ պայուսակը դնում է սեղանին, դա նշանակում է, որ ընթրիքը կամ ճաշը կավարտվի ուղիղ հինգ րոպեից: Եթե թագուհին տեղից վեր է կացել, ուրեմն հյուրերից որեւէ մեկը չի կարող շարունակել ընթրիքը կամ ճաշը:

Իններորդ կանոնն է՝ հաց կամ աղ  չխնդրել սեղանի շուրջ, չի կարելի նաեւ ձգվել ու սեղանի ծայրից վերցնել դրանք:

Տասներորդ կանոնն այն է, որ ընթրիքի կամ ճաշի ժամանակ չպետք է օգտվել հեռախոսներից, դա կարող է ահավոր անքաղաքավարություն դիտարկվել: Եթե մարդը ճաշում է թագուհու հետ, ուրեմն ողջ աշխարհը կարող է սպասել, որովհետեւ նման հնարավորություն միշտ չէ եւ բոլորին չէ, որ ընձեռվում է: Ի դեպ, թագուհու ընտանիքում ուտելիքի «պաշտամունք» չկա, բայց խոհարարը հաշվի է առնում թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամի  նախասիրությունը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31