Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

5 հարց ու պատասխան առողջության մասին

Օգոստոս 15,2020 14:00

«TV ալիք». Հարց.- Ճի՞շտ է արդյոք, որ ենթաստամոքսային գեղձը պաշտպանելու համար հարկավոր է շատ ուտելուց հետո օգտագործել ֆերմենտային հաբեր։ Արդյո՞ք դրանք վտանգավոր չեն։

Պատասխան.- Բոլոր ֆերմենտ պարունակող դեղահաբերը նախեւառաջ դեղորայք են։ Դրանք նախատեսված են մարսողական համակարգի խանգարումներ ունեցող անձանց համար, այդ թվում` ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումների դեպքում։ Եվ այդպիսի դեղորայքը չարժե օգտագործել անվերահսկելի ձեւով։ Կարեւոր է խստորեն հետեւել բժիշկների խորհուրդներին։

Ինչո՞վ են վտանգավոր ֆերմենտային դեղահաբերը, եթե չկան կոնկրետ բժշկական ցուցումներ։

1. Օրգանիզմը սովորելով, որ ստանալու է ֆերմենտներ, թուլացնում է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան։ Վերջինս «ծուլանում է» եւ սկսում է ավելի քիչ ֆերմենտներ արտադրել։ Ժամանակի ընթացքում խնդիրը կարող է խորանալ, եւ ի վերջո գեղձը կսկսի նորմալ չաշխատել։

2. Եթե մշտապես չափից շատ ուտեք, զբաղվեք շատակերությամբ եւ հետեւանքներից փորձեք խուսափել ֆերմենտային հաբերի միջոցով, ապա հեշտությամբ ձեռք կբերեք ճարպակալում, քանի որ օրգանիզմը չի կարողանա ամբողջությամբ հեռացնել քայքայված ճարպերը։ Արդյունքում դրանք կնստեն անոթների պատերին եւ կխցանեն անոթները։

3. Բոլոր այդպիսի դեղահաբերն ունեն հակացուցումներ եւ կողմնակի ազդեցություններ` սկսած սովորական ալերգիաներից մինչեւ լեղաքարային հիվանդության սրացում եւ աղիների գործունեության խանգարումներ։ Նման դեղահաբերը նախատեսված են լուրջ հիվանդությունների դեպքում եւ ոչ թե շատակերության։ Նույնիսկ առողջ մարդը, օգտագործելով այդպիսի դեղահաբեր, ճարպոտ սնունդը չարաշահելու, շատակերության դեպքում, ալկոհոլն էլ գումարած, կարող է վաղ թե ուշ ձեռք բերել ենթաստամոքսային գեղձի հիվանդություն՝ խրոնիկ պանկրեատիտ։

Հարց.- Ինչպիսի՞ օգտակար եւ վնասակար ազդեցություն ունեն արեւածաղկի սերմերը։

Պատասխան.- Արեւածաղկի սերմերն օգտակար նյութերի մի մեծ շտեմարան են. չէ՞ որ իրենք մի ամբողջ մեծ բույսի՝ գեղեցիկ արեւածաղկի հիմքն են կազմում։ Արեւածաղկի սերմերը մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ են պարունակում, որոնք կարգավորում են ճարպային փոխանակությունը եւ նպաստում են խոլեսթերինի քանակի նվազեցմանը։ Այս փոքրիկ հատիկները հանքային նյութերի մեծ աղբյուր են: Օրինակ՝ 100 գրամ արեւածաղկի սերմերը 5 անգամ ավելի շատ մագնեզիում են պարունակում, քան աշորայի հացը, իսկ մագնեզիումը հարկավոր է սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեության համար։

50-60 գրամ արեւածաղիկը հավասար է 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղին եւ լիարժեք բավարարում է մեր օրգանիզմի պահանջները գերչհագեցած ճարպաթթուների նկատմամբ, որոնք շատ կարեւոր են աթերոսկլերոզի կանխարգելման համար։ Պարունակում են B խմբի վիտամիններ, վիտամին E, A, D, K, PP, հանքային նյութերից՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, մանգան, ցինկ, երկաթ, սելեն։ Ճարպալույծ վիտամինները՝ A, D, E, շնորհիվ արեւածաղկի սերմերում պարունակվող ճարպերի, լավ յուրացվում են աղիներում։

Արեւածաղկի սերմերը պարունակում են բջջանյութեր, որոնք նպաստում են մարսողական համակարգի նորմալ գործունեությանը, արագացնում են սննդի տեղափոխումը աղիներով, ինչպես նաեւ երկար ժամանակ առաջացնում են հագեցման զգացում։ Դրանք հարուստ են նաեւ արգինին կոչվող անփոխարինելի ամինաթթվով (սպիտակուցային նյութ), որը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը եւ սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեությանը։ Արեւածաղկի սերմերում պարունակվող մագնեզիումը հանգստացնում է նյարդային համակարգը, նվազեցնում արյան ճնշումը, թուլացնում է մկանային ցավերը։ Այն պարունակում է նաեւ շատ կարեւոր եւս մեկ ամինաթթու՝ տրիպտոֆան, որը մասնակցում է սերոտոնին եւ մելատոնին հորմոնների առաջացմանը` այդպիսով կարգավորելով քունը եւ հանգստացնելով նյարդային համակարգը։

Իր այս բոլոր օգտակար հատկություններով հանդերձ` արեւածաղկի չափից շատ օգտագործումը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Առաջին հերթին այն բարձր կալորիականություն ունեցող սննդամթերք է՝ 100 գրամը պարունակում է 500-600 կիլոկալորիա, որը հավասար է մեկ ամբողջ շոկոլադե սալիկի կամ լիարժեք ճաշի (բորշչ, կոտլետ)։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 50 գրամից ոչ ավել արեւածաղիկ՝ ավելորդ քաշից խուսափելու համար։

v Արեւածաղկի սերմերը բացասաբար են անդրադառնում ատամների էմալի եւ լնդերի վրա, հատկապես կեղեւը, որը կարող է անտեսանելի վնասվածքներ առաջացնել։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում արեւածաղիկի սերմեր չրթել, ավելի լավ է մաքրած վիճակում օգտագործել։

v Տարածված կարծիք կա, որ հատկապես կեղեւով արեւածաղիկն ուտելու դեպքում առաջանում են կույր աղիքի բորբոքումներ։ Այս կարծիքն ապացուցված չէ, սակայն մասնագետները համարում են, որ չմաքրված սերմերը կարող են խցանումներ առաջացնել։

v Մեծ քանակները կարող են առաջացնել ստամոքսի այրոց։

v Արեւածաղկի սերմերի ճարպաթթուները մեծ քանակների դեպքում, նստում են լորձաթաղանթներին, որը բացասաբար է անդրադառնում ձայնալարերի վրա։ Սա ցանկալի չէ երգիչների, ուսուցիչների համար։ Բացի այդ, առաջանում է չորություն բերանում եւ ծարավի ուժեղ զգացում։

Հարց.- Ի՞նչ է աստիգմատիզմը, ինչպե՞ս կարելի է այն բուժել։

Պատասխան.– Աստիգմատիզմը տեսողության խանգարում է, որի ժամանակ փոխվում է եղջերաթաղանթի կամ ոսպնյակի սֆերիկ ձեւը՝ կորությունը։ Աստիգմատիզմի ժամանակ ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկեր ստանալ հնարավոր չէ։ Այստեղից էլ լատիներենից «աստիգմատիզմ» անվանումը (կիզակետի բացակայություն)։ Այդ իսկ պատճառով տեսողությունը կորցնում է ֆոկուսը, պատկերները մեկ կամ երկու աչքերում էլ ստացվում են մշուշոտ, լղոզված, ոչ հստակ եզրերով։ Եթե գծենք սեւ ուղիղ գիծ եւ նայենք դրան, ապա աստիգմատիզմի ժամանակ այն կերեւա լղոզված, կիսասեւ երանգներով, ավելի լայն, քան իրականում կա. մի տեսակ աղավաղված պատկեր է ստացվում։

Աստիգմատիզմը լինում է բնածին եւ ձեռքբերովի։ Երկրորդ դեպքում աստիգմատիզմի պատճառ կարող են լինել վնասվածքները, աչքի բորբոքային հիվանդությունները։ Տեսողության խանգարման այս տեսակը վտանգավոր է ոչ միայն տեսողության թուլացման առումով, այլեւ եթե ժամանակին այն չկարգավորվի, ապա կարող է առաջանալ շլություն, իսկ տեսողությունը խիստ կթուլանա։

Բուժման հիմնական մեթոդը հատուկ կարգավորող ակնոցներն են, կոնտակտային ոսպնյակները եւ լազերային կորեկցիան։ Ակնոցները եւ կոնտակտային ոսպնյակները նշանակում է ակնաբույժը։ Լազերային կորեկցիայի միջոցով, վիրահատական ճանապարհով փոխվում է եղջերաթաղանթի հաստությունը, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել տեսողությունը, ֆոկուսը ցանցաթաղանթի վրա։

v Աստիգմատիզմը բուժել ժողովրդական միջոցներով հնարավոր չէ։

v Աչքի վարժությունները նույնպես չեն կարող վերականգնել թուլացած տեսողությունը, պարզապես մի փոքր կթեթեւացնեն աչքի լարվածությունը։

v Լիարժեք տեսողություն հնարավոր է ունենալ լազերային կորեկցիայի օգնությամբ։

Հարց.- Ի՞նչ է լյուտեինը։ Ո՞ր սննդամթերքներն են հարուստ լյուտեինով։

Պատասխան.– Լյուտեինը գունավորող պիգմենտ է, որը գտնվում է որոշ բուսական ծագման սննդամթերքներում։ Օրգանիզմում լյուտեինը վերափոխվում է այլ նյութի՝ զեակսանտինի, որը ցանցաթաղանթի նորմալ գործունեության համար կենսական անհրաժեշտություն է։ Այն պատասխանատու է պարզ եւ որակով տեսողության համար, այդ իսկ պատճառով, եթե օրգանիզմն անբավարար քանակով է լյուտեին ստանում, տեսողությունը թուլանում է, պատկերները դառնում են լղոզված, խունացած։

Լյուտեինը նաեւ աչքերը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից եւ համակարգիչների ճառագայթումից։ Հետեւաբար այն անձինք, ովքեր երկար ժամանակ են անցկացնում արեւի տակ կամ մոնիտորների առջեւ, պետք է իրենց սննդակարգում օգտագործեն լյուտեինով հարուստ սննդամթերք։ Լյուտեինի մեծ աղբյուր են մուգ կանաչ գույնի բանջարեղենները՝ սպանախ, բրոկկոլի, բազուկի ճավ, կանաչ ոլոռ, կաղամբ, մաղադանոս։ Խոհարարական մշակման ժամանակ լյուտեինը չի քայքայվում, ուստի բանջարեղենը կարելի է օգտագործել ոչ միայն հում, այլեւ եփած կամ շոգեխաշած վիճակում։

Լյուտեինով հարուստ են նաեւ նարնջագույն մրգերն ու բանջարեղենը՝ նարինջ, մանդարին, ծիրան, այդ թվում՝ ծիրանաչիրը, սեխը, դդումը, գազարը, եգիպտացորենը։ Կարմիր գույնի բոլոր հատապտուղները՝ մորի, ելակ, կարմիր հաղարջ, ինչպես նաեւ բազուկը, նուռը, կարմիր խնձորը, կարմիր խաղողը, կարմիր սոխը, կարմիր պղպեղը։

Օրգանիզմը լյուտեինով հագեցնելու լավ միջոց են բնական, թարմ քամված հյութերը։ Օրինակ՝ 1 բաժակ լոլիկի հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ լյուտեինի օրվա չափաքանակը։ Կենդանական ծագման սննդամթերքներից լյուտեին պարունակվում է հավկիթներում, հատկապես դեղնուցում։

Հարց.- Կարելի՞ է արդյոք դեղահաբերն օգտագործելուց առաջ կիսել։

Պատասխան.- Կիսել կարելի է այն դեղահաբերը, որոնց վրա կա գծիկ, կոտրելու տեղ՝ ճիշտ չափաքանակը պահելու համար։ Իսկ եթե դեղահաբերը թաղանթի մեջ են, դրանք կիսել ոչ մի դեպքում չի կարելի։ Այդ թաղանթները գեղեցկության համար չեն, այլ պատրաստված են հատուկ նպատակով, այն է՝ որ դեղահաբերը յուրացվեն աղիներում եւ ոչ թե կորչեն ստամոքսում։ Թաղանթը նաեւ կարող է թաքցնել դեղահաբի չափազանց դառը համը։ Չի կարելի կիսել նաեւ կապսուլաները (պատիճները), քանի որ դրանց մեջ դեղանյութերը գտնվում են միկրոհատիկների ձեւով եւ այն կիսել ճիշտ հավասար մասերի պարզապես հնարավոր չէ։ Եվ ընդհանրապես այդպիսի հարցերը ճիշտ կլինի քննարկել բուժող բժշկի հետ։

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթի 17-23 օգոստոսի համարում. թիվ 33 (1191)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31