«Մեղադրող դատախազի ելույթը, դիրքորոշումը շատ բարձր եմ գնահատում, ամեն ինչ արվեց, որ լուծումն արդարացի լինի, բայց, իմ կարծիքով, պատժաչափերն ավելին պետք է լինեին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողի իրավահաջորդ, գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Հիշեցնենք՝ օրերս գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական ճառի ժամանակ միջնորդեց, որպեսզի դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամներ Էդվարդ Գրիգորյանին, Արեգ Կյուրեղյանին ազատազրկի 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին և Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, իսկ Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ: Ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը, մեղադրանքը չի ընդունում:
«Կուզեի՝ Բիլյանին էլ ցմահ բանտարկեին, որովհետեւ անմեղ մարդու կյանք խլելն արդարացի չէ»,-նշեց տիկին Ոսկանյանը: Նա հավելեց. «Գիտեմ, որ դատախազն ամեն ինչ օրենքի սահմաններում է արել, բայց կուզենայի՝ ում համար որ միջնորդվեց 8 կամ 9 տարի, նրանց չափն էլ բարձր լիներ, գոնե 15 տարի, եթե ոչ ցմահ: Վատն այն է, որ բոլորը մտան համաներման տակ, մինչդեռ իմ կարծիքով՝ դա արդարացի չէ պետության հանդեպ: Առաջինը, մեր ընտանիքները քանդեցին, եւ գլխավորը՝ պետության վրա զենք բարձրացրին: Պետությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի նրանք ոչ թե ութ տարի նստեին ու դուրս գային, այլ ցմահ մնային, որպեսզի հաջորդ անգամ ուրիշները չմտածեն, թե կարող են մեկի ընտանիքը քանդել, մեկ է՝ ութ տարի են տալու…»:
ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանն էլ մեզ ասաց, որ առաջիկա չորեքշաբթի սպասվող դատական նիստի ընթացքում կհայտնի դիրքորոշումը: Հիշեցնենք, որ առաջիկա նիստերում կարտահայտվեն տուժողների իրավահաջորդները, այնուհետեւ մեղադրյալները վերջին խոսքը կասեն, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
զոհերի անունով՝
. Պառաւի խօսք՝ շաղգամակերին
https://haytougchamlian.blog/պառաւի-խօսք՝-շաղգամակերին/