Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոն Գրիգորյան. «25 տարի է` բոլոր վարչապետերն իրենց անհաջողությունները կապում են ՀԴՄ չխփելու հետ»

Օգոստոս 14,2020 20:35

«Մենք ՀԴՄ կտրոն չտրամադրելուն դեմ ենք, բոլորը պետք է կտրոն տրամադրեն եւ բոլորը պետք է օրենքի դաշտում աշխատեն: Բայց 25  տարի է` բոլոր վարչապետերն  իրենց պարտքն են համարում տնտեսության զարգացման համար շեշտադրումն անել ՀԴՄ կտրոնի վրա: Փաստորեն ստացվում է, որ մեր երկրում վերջնական եկամտի աղբյուրը ՀԴՄ կտրոնն է:  Մեր կառավարությունները համարում են, որ տնտեսական զարգացումը սկսվում է ՀԴՄ-ով, ավարտվում՝ ՀԴՄ-ով: Ցավալի է»,-Aravot.am-ի հետ զրույց նման կարծիք է հայտնում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ է  խոսել. կրկին անդրադարձել է հարկեր թաքցնելուն,  ՀԴՄ կտրոն չտրամադրելուն:

Սամսոն Գրիգորյանը նկատում է՝ շատ հաճախ ՀԴՄ կտրոն չեն խփում հարկային  օրենսդրության, այսպես ասած՝ անարդար մոտեցումների պատճառով: Պարոն Գրիգորյանը հիշեցնում է՝ այս իշխանության ներկայացուցիչները, մինչ իշխանության գալը, մշտապես հայտարարում էին՝ հարկային օրենսգիրքը լավը չէ, հարկային դաշտը շատ խրթին եւ բարդ համակարգ է, որտեղ  գործարարը շատ դժվար է աշխատում, դրա պատճառով էլ չի աճում, միշտ մնում է մանր բիզնեսի կարգավիճակում, փորձում է ընդամենը օրվա հացի խնդիր լուծել. «Հիմա ի՞նչ եք պահանջում այդ մանր բիզնեսից, որը չի կարողանում կառավարության մեղքով աճել, օրվա հացի փո՞ղն էլ տա կառավարությանն ու նա էլ պարգեւավճարներ բաժանի նախարարություններին, ՏԻՄ-երին, որոնք չեն ուզում իրենց գործառույթները ճիշտ կատարել, ինչի պատճառով ՀՀ-ում բիզնես չի զարգանում: Եթե վաճառականը մնում է վաճառական, ներքին արտադրողը մնում է ներքին շուկայում ու չի դառնում համաշխարհային, դրա մեղքը բիզնեսինը չէ, կառավարության վատ աշխատանքի պատճառով է: Կառավարությունն առաջին հերթին պետք է սկսի իրենց սխալները ուղղել»:

Սամսոն Գրիգորյանն ասում է՝ իշխանությունն այդպես էլ չլուծեց հարկային եւ մաքսային օրենսդրության բացերը, խութերը, խնդրահարույց կետերը չփոխեցին, եւ հիմա այդ օրենքներով արագ հաղթահարել խնդիրներն, արագ  զարգացնել տնտեսությունը՝ անհնար է. «Որովհետեւ տնտեսության թռիչքային զարգացման համար հարկավոր են խորքային, առանցքային փոփոխություններ, բիզնեսին հարկավոր էր առանցքային հնարավորություններ տալ, ինչը չի արվել: Հին, ծակ դույլով պահանջել, որ ամեն ինչ նոր ձեւով լինի՝ սխալ է, չի լինի: Մեր պետական ծախսերը նման են անհատակ դույլի, որքան ուզում ես լցրու, մեջից ավելի արագ է հոսում, քան եկամուտներն են ապահովվում»:

Սամսոն Գրիգորյանն ասում է՝  մեր  երկրում հիմա փոփոխություններ են կատարվում, բայց ո՞վ է հաշվում, թե  համաշխարհային նորմատիվներով մենք ի՞նչ ծախսերի  մեջ պետք է տեղավորվեինք, իրականում ի՞նչ ծախսեր են արվում. «Կամ, ասենք, պետական պաշտոնյան ի՞նչ ռեսուրս է տալիս պետությանը եւ  դրա համեմատ որքան  պարգեւավճար եւ եկամուտ է ստանում: Նրա ՕԳԳ-ն որքա՞ն է: Միայն պահանջելով հարց չի  լուծվելու, հարկավոր էր նախապես փոփոխություններ անել, հետո՝ պահանջել»:

Նոր կառավարությունը շրջանառության հարկի շեմը բարձրացրել է 115 մլն դրամ: Սա փոփոխություն էր, պետք է, որ գոհ լիներ բիզնեսը: Սակայն Սամսոն Գրիգորյանը նկատում է՝ իրականում այդ շեմը չբարձրացավ. «Որովհետեւ լուրջ խնդիր կա՝ 58 մլն դրամի դեպքում գործում էր ՀԴՄ սարքի վրա ԱԴԳ կոդեր, անվանումներ, գներ տպելը, որը մանր բիզնեսի համար խնդրահարույց էր, դա չբարձրացվեց: Այսինքն, այսօր մանր բիզնեսը պետք է զգույշ լինի, որ 58 մլն շեմը չանցնի: Ընդհանրապես, շեմեր սահմանելը սխալ էր, ընդհանուր հարկման համակարգ էր պետք, որը կլիներ պարզ, ու մատչելի բոլորի համար, որպեսզի բիզնեսի համար խուսանավելու տեղեր չլինեին, որպեսզի շեմը չանցնելու համար ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան վերանար, դրանից հետո կարելի էր նաեւ ՀԴՄ տուգանքը բարձրացնել»:

Սամսոն Գրիգորյանն, իհարկե, չի բացառում, որ կան անբարեխիղճ գործարարներ, որոնք չարամտորեն ՀԴՄ կտրոնը չեն տրամադրում, բայց բարեխիղճ շատ  գործարարների դեպքում կտրոն չտրամադրելը օբյեկտիվ պատճառներ ունի. «Այսօր շրջհարկը մուծում են 1,5%-5% , բայց եթե շեմն անցնեն, անմիջապես ընկնում են 20% ԱԱՀ-ի դաշտ եւ գումարած 18% շահութահարկը: Ահռելի տարբերություն կա մի շեմից մյուսին անցման դեպքում: Սա վախեցնում է բիզնեսին, սա կառավարության մեղավորությունն է, որովհետեւ նախապես պետք է այնպես կարգավորեր դաշտը, որ անցման փուլում  շատ մեծ ցնցումներ չլինեն»:

Ամեն անգամ վարչապետը հարկ չվճարելու, ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար կոշտ հայտարարություններ  է անում, եւ ամեն անգամ  բարեխիղճ բիզնեսը նեղանում է, որ բիզնեսին մեղադրում է վարչապետը:  Սամսոն Գրիգորյանը կառավարությանը խորհուրդ է տալիս խորանալ խնդրի մեջ, խոսել բիզնեսի հետ, թե ինչո՞ւ կտրոն չի խփում.«Պետք է պարզի՝ ժլատությունի՞ց չի խփում, թե՞ եթե խփի, կկործանի բիզնեսը: Եթե ժլատությունից է,ապա տուգանեք, բայց եթե  այլ խնդիրներ կան, ու միակողմանի են նայում դրան, չեն տեսնում՝ իրականում ի՞նչ է կատարվում, դա այլ խնդիր է»:

Սամսոն Գրիգորյանն ասում է.«25 տարի է՝ բոլոր վարչապետներն իրենց անհաջողությունները կապում են ՀԴՄ չխփելու հետ, սա նույնիսկ ծիծաղելի է»:

Երեկվա նիստում վարչապետն ասել է. «Հիմա ճգնաժամ է, հասկանում ենք, մենք կվերադառնանք այն շրջանին, երբ ամենադաժան ձեւով պետք է բիզնեսի կարգապահությունը եւ ստանդարտները բարձրացնենք»: Վարչապետի այս հայտարարությունը սպառնալիքի է նման. մեր այս դիտարկմանը պարոն Գրիգորյանն ասում է՝ նման փորձ արվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, բիզնեսը դուրս եկավ  փողոց. «Երկրորդ անգամ բիզնեսը դուրս եկավ փողոց հեղափոխության ժամանակ՝ ազատ գործարարներն ու իրենց երեխաները, աշխատակիցներն էին փողոցում, չմոռանանք դա:  Ուրեմն՝ եկեք ազնիվ լինենք, գտնենք, թե որտեղ է  խնդիրը եւ այն լուծենք, ոչ թե  վերջնագրերով խոսենք: Լավ, եթե այդպես են խոսում, իսկ հանկարծ պարզվի ՀԴՄ չխփելու պատճառներն այլ տե՞ղ էին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31