Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն ուզում է ներկայացնել իբր Ամուլսարը փոքր հարց է, նշանակություն չունեցող, և կառավարությունն իր այլ կարևոր գործերով է զբաղված». Անդրիաս Ղուկասյան

Օգոստոս 14,2020 17:58

«Ամուլսարի անունը վկայում է, որ այդ տարածքում կենդանական աշխարհ չի եղել և ժողովուրդն այդ անունն է դրել այդ տարածքին, քանի որ ռադիոակտիվ սար է»,-ՀՀ կառավարության դիմաց Ամուլսարի հարցով հրավիրված ասուլիսին հայտարարեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ սարը պահպանելու խնդիրը չէ միայն, այլ վերացնել այն վտանգները, որոնք կան ողջ հայ ժողովրդի համար, եթե այդ ռադիոակտիվ սարը սկսի գործադրվել:

Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց մի խումբ գիտնականների կողմից Ամուլսարում իրականացրած հետազոտություն ու դրա արդյունքների վերաբերյալ զեկույց։

Նրա խոսքով՝ զեկույցը եղել է հույժ գաղտնի, ունեցել է չորս օրինակ, իր ձեռքին երկրորդ օրինակի պատճենն է։

Նա նշեց, որ 1952-54 թվականներին՝ ԽՍՀՄ տարիներին, ուրանի պաշարների երկրաբանական-հետախուզական մեծ հետազոտություն է անցկացվել: Այս առիթով ասաց. «Պարզվել է, որ Ամուլսարում 76 տոննա ուրան կա։ Իսկ հիմա այդ տարածքը տրամադրվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Այն փաստերը, որոնք հրապարակվում են և որոնց միջոցով կարելի է եզրակացություն անել, թե ինչ հիմքերով է տրամադրվել «Լիդիանի Արմենիային» հանքի օգտագործման թույլտվությունը, այնտեղ կես բառ, խոսք չկա նրա մասին, որ այդ տարածքում կա ուրանի հանքաքար՝ ուրան տորիում, այդպիսի պաշարներ»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ զեկույցը պատրաստվում է  հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև պարզաբանեց. «Այս հարցը վերաբերում է բոլորին: Համարում ենք, որ մեր առաքելությունն այն է, որ կազմակերպենք իրազեկում այն փաստերի վերաբերյալ, որոնք այս հարցում կան»:

Հիշեցմանը՝ վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցող բողոքի գործողությունների մասին, երբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցրել են, նա պատասխանել է, որ չի հասցրել հետևել և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի կառավարության այս վերաբերմունքը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Դա քաղաքական տեխնոլոգիա է: Անցյալ տարի այս ժամանակ ճիշտ հակառակ վերաբերմունքն էր ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից. անձամբ ՀՀ վարչապետն էր գնում Ջերմուկ, հանդիպում քաղաքացիների հետ: Բայց քանի որ նախորդ փուլում հաջողության չհասավ կառավարությունն այդ ռազմավարությամբ, ընտրվեց մեկ այլ քաղաքական գիծ՝ ներկայացնել իբր փոքր հարց է, նշանակություն չունեցող, որ կառավարությունն իր այլ կարևոր գործերով է զբաղված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31