Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովների անդամներին թեստավորելը հրաշալի գաղափար է, բայց իրագործելի չէ». Մուկուչյան

Օգոստոս 14,2020 17:12

Ինչպես հայտնել էինք, ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր հրապարակվեցին խմբում ներգրավված եւ ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «IFES»(Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակ) միջազգային կազմակերպության հեղինակած առաջարկները, որոնք այդ թվում ենթադրում են համավարակի պայմաններում ընտրատեղամասերի թվի ավելացում: «Մեկ շենքում մեկից ավելի տեղամասի տեղակայումը ոչ թե պայմանավորված է իդեալական պայմաններով, այլ այն հանգամանքով, որ ուրիշ հնարավորություն չի եղել»,-կարծիք հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե տեղամասերին կարողանո՞ւմ են շենքային պայմաններով ապահովել, որովհետեւ նախորդ ընտրությունները ցույց տվեցին՝ անգամ այլընտրանքային լուծում համարվող վարձակալության պայմաններում շատ բարդ է Երեւանում մեկ ամսով տարածք վերցնելը, տեղամաս ձեւավորելը. «Ցավոք, ունենք տեղամասեր, որոնցում նեղվածք է, դժվար է անգամ ոչ համավարակի պայմաններում քվեարկություն կազմակերպել: Դիտորդների, վստահված անձանց թիվն արդեն իսկ մեծ է՝ մեկ սենյակում գտնվելու համար: Ուստի ՏԻՄ մարմինների տրամադրած այն շենքային պայմանները, որոնք ունենք, առավելագույնն են»:

Մեկնաբանելով «IFES»-ի՝ վրանային տեղամասեր հիմնելու առաջարկը, Մուկուչյանը շեշտեց՝ պետք է հարցը քննարկել, որովհետեւ խոսքը միայն վրան տեղադրելու մասին չէ, այլեւ էլեկտրաէներգիայով սնուցելու. «Պետք է սա հաշվի առնել, հետո՝ առաջարկն օրենք դարձնել»: Ինչ վերաբերում է «IFES»-ի այն առաջարկին, որ տեղամասային հանձնաժողովների անդամները պետք է թեստավորված լինեն, Տիգրան Մուկուչյանը շեշտեց. «Հանձնաժողովների անդամների նախնական թեստավորում անցկացնելը գուցե հրաշալի գաղափար է, բայց իրագործելի չէ բոլոր առումներով: Նախ, հանձնաժողովները ձեւավորվում են 25 օր առաջ, կուսակցությունները նշանակում են անում: Քվեարկությունից օրեր առաջ հանձնաժողովականները կարող են փոփոխվել: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ համապետական ընտրությունների ժամանակ 16 000 քաղաքացի հանձնաժողովի անդամ է, իսկ 4000 քաղաքացի՝ տեխնիկական սարքն աշխատեցնող, այդքան քաղաքացու համար քվեարկությունից օրեր առաջ թեստավորում հնարավոր չի անել»:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաեւ «IFES»-ի այն առաջարկին, որ մեկուսացած անձանց համար քվեարկելու հնարավորություն է պետք մտածել: Նա շեշտեց՝ տարիքի կամ այլ խնդիրների պատճառով որոշ թվով անձինք զրկված են քվեարկելու իրավունքից, մինչդեռ նրանց խնդիրը չլուծած՝ մեկուսացածների համար է լուծում փնտրվում: Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31