Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես մայրն ամուսնացրեց իր 40 տարեկան պաշտոնյա որդուն կամ արժե՞ դիմել ամուսնական գործակալություն

Օգոստոս 14,2020 16:53
harsaniq

Մայրը 40 տարեկան որդուն ամուսնացնելու համար եկել էր ամուսնական գործակալություն, խնդրել, որ մի հարմար աղջիկ գտնեն որդու համար, քանի որ որդին ժամանակ չուներ իր համար աղջիկ գտնել:

Սա իրական պատմություն է: Aravot.am-ի հետ զրույցում այն պատմեց «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը։ Նա նշեց, որ մինչև հիմա էլ այդ տղան չգիտի, որ իր մայրը դիմել է ամուսնական գործակալություն. «Մայրը եկավ, ասաց, որ տղան իր համար աղջիկ գտնելու ժամանակ չունի: Պարզվեց, որ նրա տղան պաշտոնյա էր: Մենք ունեինք աղջիկ, որ 34 տարեկան էր, տեսքով: Տղայի մայրն ասաց, թե իր որդուն կասի, որ իր ծանոթի աղջիկն է: Այդպես աղջկա կոորդինատները փոխանցեցինք, նրանք ծանոթացան, ամուսնացան, հիմա արդեն երկու երեխա ունեն: Բայց ես այդ տղային չեմ էլ տեսել, նա մինչև հիմա էլ չգիտի, որ իր մայրը դիմել է ամուսնական գործակալություն»:

Aravot.am-ի «Ֆեմինի» էջի «Մասնագիտությունը՝ մայրիկ» խորագրի ներքո փորձեցինք պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները վստահում ամուսնական գործակալությունների աշխատանքին:

Մեր հարցախույզը շուրջ 20 քաղաքացիների շրջանում պարզեց, որ նրանց կարծիքը ոչ միանշանակ է: Միջին տարիքի մի տղամարդ մեզ հետ զրույցում ասաց. «Ի՞նչ գործակալություն, ի՞նչ բան, քո կնոջը դու ինքդ պիտի գտնես: Ծանոթացնելը ո՞րն է»:

30 տարեկան մի տղա էլ ասաց. «Հնարավոր է դիմեմ, քանի ողջ օրն աշխատում եմ, իսկ տնեցիներն ասում են, թե տարիներն անցնում են, բայց դու չես ամուսնանում»:

Մի երիտասարդ աղջիկ էլ մեզ հետ զրույցում ասաց. «Անձնական կյանքը կարևոր է մարդու համար: Եթե իրոք ցանկանում ես այն լավ դասավորել, պետք է բոլոր միջոցներին էլ դիմես»:

Իլոնա Բաղիշյանն ասաց, որ իրենց գործակալությունը գործում է 2009 թվականից: 11 տարվա ընթացքում մոտ 700 զույգ իրենց միջոցով ամուսնացել է. արդեն բալիկներ ունեն: Ամուսնական գործակալություն դիմելու դեպքում բոլոր տվյալները գաղտնի են պահվում: Ցանկացողները կարող են կամ զանգահարել գործակալություն կամ գրանցվել առցանց: Իլոնա Բաղիշյանը նշեց. «Կայքն ուղղակի տեղեկություններ է տրամադրում մեր գործունեության մասին, բայց ոչ մի ինֆորմացիա մեր հաճախորդների մասին չկա: Այսինքն՝ գրանցումն էլ տեսնում է միայն ադմինիստրատորը: Մենք կապ ենք հաստատում գրանցվողի հետ և անպայման հանդիպում, լսում նրա ակնկալիքները իր՝ երկրորդ կեսի մասին: Մեզ մոտ սկզբում ընտրվում է տղամարդը, հետո տվյալ աղջկան ներկայացնում ենք այդ տղամարդու նկարները և տեղեկություն նրա մասին, և միայն կնոջ համաձայնության դեպքում իր տվյալները փոխանցում ենք տղամարդուն»:

Իլոնա Բաղիշյանն ասաց, որ կարանտինը նպաստել է, որ շատ մարդիկ ժամանակ գտնեն և զբաղվեն իրենց անձնական կյանքով: Այս առիթով պատմեց. «Կարանտինի ժամանակ մենք աշխատել ենք առցանց: Կարանտինի շրջանում հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Արդեն կան զույգեր, որոնք այս ամիսներին ակտիվ առցանց շփումների մեջ էին: Հիմա սպասում են, որ սահմանները բացվեն, գան Հայաստան, հանդիպեն: Մի զույգ էլ կա, որ առցանց ծանոթացել է կարանտինի օրերին, պատահաբար տեղեկացա, որ նշանվելու են»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց հիմնականում դիմում են միջին տարիքի մարդիկ՝ 30-45, 50 տարիքային սահմաններում: Ասաց, որ դիմում են նաև 25-26 տարեկան աղջիկները, նույնիսկ մայրիկների հետ են գալիս կամ միայն մայրիկներն են գալիս իրենց երեխաներին գրանցելու համար: Այնուհետև զգուշացրեց՝ չեն գրանցում մինչև 28 տարեկան տղամարդկանց և հայտնեց, որ ցանկանում են այդ շեմը բարձրացնել մինչև 30 տարեկան:

Հարցին՝ երկրորդ կեսի ակնկալիքների հետ կապված պահանջները տարեցտարի փոխվո՞ւմ են, Իլոնա Բաղիշյանը պատասխանեց՝ ոչ ու մանրամասնեց. «Տղամարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում արտաքինին: Որ ասում են՝ թող կինը հոգով լավը լինի, այդպես չէ: Հենց սկզբից էլ նայում են արտաքինին: Բայց լավ է, որ ամեն տղամարդ ունի իր ճաշակը, և ցանկացած կնոջ համար մենք կարող ենք գտնել իր զույգին: Իսկ կանայք նախընտրում են ավելի կայացած տղամարդկանց: Բայց թող մեր կանայք չմոռանան, որ տղամարդն ուժեղ է իր կնոջով, և հաջողակ տղամարդու հետևում միշտ կանգնած է խելացի կինը: Պետք է կանայք ոչ թե սպասեն այն տղամարդուն, որին ձգտում են, այլ փորձեն իրենք ստեղծել, գտնել: Ինչպես ասում են принцев мало, и на всех их не хватает»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31