Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրողները հերթում կկանգնեն տեղամասից դուրս եւ պարտադիր կջերմաչափվեն». «IFES»-ի՝ ԸՕ-ի փոփոխման առաջարկները

Օգոստոս 14,2020 16:24

Ինչպես հայտնել էինք, ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր  հրապարակվեցին խմբում ներգրավված եւ ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «IFES» (Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակ) միջազգային կազմակերպության հեղինակած առաջարկները, որոնք վերաբերում են համավարակի պայմաններում ընտրությունների կազմակերպմանը: Ներկայացվեցին նաեւ քվեարկության ընթացքի վերաբերյալ հետեւյալ առաջարկները:

Քվեարկության ժամեր

-Կուտակումներից խուսափելու համար առաջարկվում է սահմանել ժամեր եւ ընտրողներին առաջարկել տեղամաս այցելել SMS հաղորդագրությամբ ուղարկված կամ հարցումին ի պատասխան սահմանված երկժամյա ժամանակահատվածում: Այս ժամկետից դուրս քվեարկելը չի արգելվում:

-Քվեարկության առաջին երկու ժամերը նախատեսել ռիսկային տարիքի անձանց համար:

-Քվեարկության վերջին ժամը հատկացնել այն ընտրողներին, որոնք ունեցել են ջերմություն:

-Դիտարկել մեկուսացած անձանց մասնակցության հնարավորությունը:

Հաշվի առնելով ընտրողների հոսքը եւ համավարակի տարածման վտանգը՝ «IFES»-ն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել քվեարկության սենյակում 15 ընտրողի ներկայության դրույթը. «Ընտրողը քվեարկության սենյակ պետք է մտնի այն ժամանակ, երբ կա տեխնիկական սարքի ազատ մասնագետ եւ ազատ քվեախցիկ: Սոցիալական հեռավորությունը սենյակում պահպանելու համար անհրաժեշտ է գծանշում: Դռները պետք է մշտապես բաց լինեն, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս: Տեղամասից դուրս հերթերի վերահսկողությունը պետք է հանձնարարել ոստիկաններին: Տեղամասի մուտքի մոտ պետք է դրված լինի աղբաման եւ սեղան՝ ախտահանիչ միջոցով, դիմակներով: Հերթում սպասող ընտրողներին պետք է ջերմաչափել, 37-ից բարձր ջերմություն ունեցողներին արգելել մտնել եւ առաջարկել գալ քվեարկելու 19:00-20:00-ի հատվածում: Այդ ժամանակ ընտրողները տեղամաս պետք է մտնեն մեկ մեկ, նրանց սպասարկելու է հանձնաժողովի միայն մեկ անդամ, որը պետք է լինի ապաքինված կամ պատվաստված: Վերջին ընտրողի քվեարկությունից հետո սենյակն օդափոխվում է»:

Ընտրողների գրանցում

-Գրանցումը կատարել բացառապես տեխնիկական սարքավորման միջոցով՝ սարքով անցկացնելով անձը հաստատող փաստաթուղթը: Կամ, ընտրողն իր նույնականացման քարտն ինքնուրույն պետք է տեղադրի ընթերցող սարքի մեջ, որը լարով միացված է տեխնիկական սարքավորմանը:

-Ընտրողը ստորագրում է տեխնիկական սարքավորմանը միացված ստորագրության սալիկի՝ էլեկտրոնային տախտակի վրա:

-Ընտրողը վերցնում է տեխնիկական սարքի միջոցով տպագրված քվեարկության կտրոնը:

Քվեաթերթիկների հատկացում

-Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում քվեաթերթիկները տպագրվում են առանձին՝ յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի համար:

-Նույն եղանակով կարող են տպագրվել, եթե ընտրությունը կատարվում է մեծամասնական ընտրակարգով եւ թեկնածուների թիվը պակաս է տասից:

-Քվեաթերթիկների տպագրությունը կազմակերպվում է այնպես, որ ընտրական հանձնաժողովները դրանք ստանան արդեն խմբավորված:

-Հանձնաժողովի՝ քվեաթերթիկ հատկացնող անդամը իր անհատական կնիքը դնում է ընտրողի քվեարկության կտրոնի վրա, որից հետո ընտրողը վերցնում է քվեաթերթիկների տրցակը/քվեաթերթիկը:

Քվեարկությունը խցիկում

-Եթե քվեաթերթիկները տպագրված են ամեն կուսակցության կամ թեկնածուի համար առանձին, ապա ընտրողն իր նախընտրած կուսակցության կամ թեկնածուի քվեաթերթիկը դնում է քվեարկության ծրարի մեջ:

-Եթե պետք է նշում կատարվի, ապա քվեաթերթիկի հետ ընտրողին տրվում է մեկանգամյա օգտագործման գրիչ:

-Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո ընտրողը եւս մեկ անգամ պետք է ձեռքերն ախտահանի:

 

Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31