ԱԺ «Իմ քայլական» պատգամավոր Մարիա Կարապետյանը խոսելով չափորոշիչների մասին` ասել էր. «Հայոց գրականությունը դա հայ ժողովրդի պատմությունն է, ուսումնասիրելով հայ գրականություն, հայ գրողների կենսագրությունները` մենք կրկին ծանոթանում ենք հայ ժողովրդի պատմությանը: Եվ հայոց պատմություն առարկան, եթե փոփոխության չենթարկվի, դպրոցում երկու փուլով ենք ուսումնասիրում. մեկը միջնակարգ դպրոցում` ամբողջությամբ սկզբից մինչեւ վերջ, մյուսը` ավագ դպրոցում, նորից սկզբից մինչեւ վերջ: Երրորդ առարկայի միջոցով արդյոք այդ նույն աշակերտի մոտիվացիայի խնդիրը չի առաջանա, որ նույն պատմականության նյութը, մեր ժողովրդի պատմության նյութը գրականության միջոցով, պատմություն առարկայի միջոցով` երկու անգամ, մի հատ էլ Հայ եկեղեցու պատմության միջոցով անցնենք»:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով պատգամավորի պնդումը ` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Տիկինն ասում է «հայոց գրականությունը դա հայ ժողովրդի պատմությունն է»: Նախ` ուշադրություն դարձնենք հայ գրականությունը հայոց պատմության հետ նույնացման հայտարարությանը, ըստ այդ տրամաբանության, եթե Վահան Տերյանն ասում է` «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին, անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ», ապա դա հայոց պատմությունն է: Հիմա լա՞մ, թե՞ խնդամ:
Նման բան ասելը, այն էլ կրթական բարեփոխումների կնքամայր պատգամավորի կողմից, պարզապես անգիտության դասական օրինակ է: Նույն անտեղյակ անգիտությամբ հայտարարվում է, թե «գրողի կենսագրությունը հայոց պատմություն է», որից կարելի է մակաբերել, որ ասենք, եթե Մուրացանի կինը դավաճանել է ամուսնուն, ապա դա ևս հայոց պատմությունն է: Այս տիկինը չգիտի մի պարզ ճշմարտություն, որ գրականությունը գեղարվեստ է, իսկ պատմությունը` գիտություն: Եվ այս մակարդակով ուզում են բարեփոխել կրթական ոլորտը: Դպրոցականների` իբր միայն գիտելիք ստանալն անընդունելի համարելով` տիկինը պնդում է, թե պետք է աշակերտը «գիտելիք ստեղծի, արժեք ստեղծի»: Տիկինն ասես չգիտի «գիտելիք» բառի իմաստը. հիշեցնենք, որ այն իմացության ամբողջությունն է, հետևաբար աշակերտը գիտելիք ստեղծող չէ, քանի որ գիտելիքների ամբողջությունը գիտության խնդիրն է, իսկ գիտելիք ստեղծողը` գիտնականը:
Կարդացեք նաև
Առհասարակ մի ակնբախ թյուրըմբռնում էլ կա. պնդում են, թե դպրոցում անհրաժեշտ են բարեփոխումներ, ինչին ի դեպ, դեմ չէ ոչ մի գիտնական, քանի որ գիտության մեջ անընդհատ տեղի են ունենում նոր բացահայտումներ, որոնց համահունչ պետք է վերանայվեն և´ դպրոցական ծրագրերը, և´ դասագրքերը: «Բարեփոխիչները» պնդում են, որ աշակերտի մեջ պետք է ձևավորել արժեհամակարգ, կարողություններ ու հմտություններ, ինչը միշտ էլ եղել է, սակայն, չգիտես ինչու, ներկայացնում են, թե իբր դա նոր է արվում:
Այլ բան է, որ «բարեփոխիչները» արժեհամակարգային փոփոխություններ են ցանկանում ներմուծել` ակնհայտ ապազգային ու անմարդկային երանգավորումներով, ինչը հանդիպել է գիտական հանրույթի խիստ մերժողական գնահատականին` թե´ գիտնականների անհատական տեսակետների արտահայտությամբ, թե´ գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշումների տեսքով, որքան էլ նախարարի բերանը գիտական խորհրդի որոշումը որակի որպես աղմուկ: Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի հավաքական իմաստնություն, և այսօրինակ ապազգային «բարեփոխումը» կհանդիպի համաժողովրդական կտրուկ հակադարձման»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ