Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախընտրական հավաքները եւ դռնեդուռ քարոզչությունը համավարակի տարածման ռիսկ են». օրենսդրական առաջարկներ

Օգոստոս 14,2020 15:46

Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնած՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկման առցանց հեռարձակման ժամանակ այսօր հրապարակվեցին խմբում ներգրավված եւ ՀՀ-ում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «IFES»(Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակ) միջազգային կազմակերպության հեղինակած առաջարկները, որոնք վերաբերում են համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման խնդիրներին ու լուծումներին: Առաջարկները սահմանում են համավարակի պայմաններում, այդ թվում ընտրությունների եւ քվեարկության կազմակերպման ընթացակարգեր:

Փաթեթում նախ նշվում է, որ մոտ 70 երկրում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել են ընտրություններ, հանրաքվեներ, լուծումներ են կիրառվել, սակայն դրանցից ոչ մեկը չի բացառել ընտրատեղամասում ֆիզիկապես քվեարկելը: Լեհաստանն, օրինակ, ներդրել է փոստային քվեարկության համակարգը, սակայն այն հնարավոր չի եղել իրականացնել՝ ժամանակի սղության պատճառով:

Նշվում է, որ համավարակի պայմաններում ընտրողների վարքագիծն այլ է, եւ այն ազդում է մասնակցության վրա, ուստի առաջարկվում է մի քանի սցենար.

-Հակահամաճարակային լրացուցիչ կարգավորումներ՝ առանց ԸՕ-ի էական փոփոխությունների

-Հակահամաճարակային լրացուցիչ կարգավորումներ՝ ԸՕ-ի նպատակային փոփոխություններով:

-Նոր կարգավորումներ եւ ԸՕ-ի էական փոփոխություններ:

Ըստ «IFES»-ի՝ համավարակի պայմաններում հերթերը կարգավորելու առնչությամբ նպատակահարմար է, որ ԿԸՀ-ն լրացուցիչ կարգավորումներ ընդունի, սակայն խնդիր կա նաեւ ԸՕ-ի հետ, որում նշված է՝ քվեարկության սենյակում առնվազն 15 հոգի պետք է լինի, հետեւաբար, ԸՕ-ն եւս պետք է փոխվի, որպեսզի որոշ կարգավորումներ դրական ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա: «IFES»-ն առաջարկում է, որպեսզի ընտրական օրենսգրքով ԿՀԸ-ին լիազորություն տրվի համաճարակի հետեւանքով գործող արտակարգ դրության պայմաններում սահմանել ընտրատեղամասերի ձեւավորման, քվեարկության սենյակի կահավորման, թեկնածուների գրանցման, քվեարկության արդյունքների ամփոփման լրացուցիչ կարգավորումներ եւ պահանջներ:

Առաջարկների փաթեթում մատնանշվում է, որ թեկնածուները եւ քաղաքական գործիչները ռիսկային գոտում են եւ գրանցման ընթացքում նրանց շփումը տեղամասի ընտրական հանձնաժողովների անդամների հետ կարող է վարակի տարածման պատճառ դառնալ, ուստի առաջարկվում է թեկնածուների անունների կամ ընտրական ցուցակների գրանցման թվայնացում եւ առցանց իրականացում. «Անհրաժեշտ է նաեւ թեկնածուներին առցանց եղանակով հնարավորություն տալ ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան մարմիններից, օրինակ՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը»:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, «IFES»-ի առաջարկների փաթեթում նշված է, որ անկախ համավարակի գոյությունից՝ աշխարհում գնալով ավելի մեծ ծավալով է իրականացվում թվային քարոզարշավը. «Իսկ ընտրողների հետ հանդիպումները, նախընտրական հավաքները, դռնեդուռ քարոզչությունը ռիսկային են համավարակի տարածման տեսանկյունից: Բանավեճերը եւ ճեպազրույցները կարող են իրականացվել հեռավար: Նախընտրական հանդիպումներն անհրաժեշտ է անցկացնել բացօթյա՝ պահպանելով սոցիալական հեռավորություն: Դրանք պետք է արգելել կամ խիստ կանոնակարգել, եթե փակ տարածքներում հավաքների մասին է խոսքը: Իսկ դռնեդուռ քարոզարշավի ժամանակ պետք է նախապատվություն տալ տեղեկատվության տրամադրման անհպում եղանակին, օրինակ՝ քարոզչական թերթիկները թողնել դռների առջեւ»:

Ընտրական հանձնաժողովների կազմավորման համար էլ «IFES»-ն առաջարկում է, որպեսզի բացասական թեստը կամ պատվաստված լինելը պարտադիր լինի, եւ որ հանձնաժողովներում չընդգրկվեն 60 տարեկանից բարձր եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Հավելենք, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը մշակվելու է հանրային քննարկումների արդյունքում, նախատեսվում է ԱԺ-ում քննարկել գարնանային նստաշրջանում: ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական երեք խմբակցությունների, ՄԻՊ գրասենյակի, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31