Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛վ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն». կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադևոս Ավետիսյան  

Օգոստոս 14,2020 15:19

Ակնհայտ է՝ խորանում են մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման հիմնախնդիրները:

Կարծում եմ կարիք կա նորից հիշեցնելու այս հիմնախնդիրներին վերաբերող մեր տեսակետներն ու մոտեցումները, որոնք շարունակում են մնալ արդիական:

Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձևավորում են հետևյալ խումբ ռիսկերը՝

  • շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր,
  • հանքարդյունաբերության ճյուղի կազմակերկպությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը և կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:

Այս երկու խումբ ռիսկերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական առարկայական բնույթ: Դրանք վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին և տնտեսական այլ գործունեություն իրականացնողներին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ ռիսկերն առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում: Շուկայական գործիքներն ի զորու չեն լուծելու այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձևափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ու խորացման իմաստով: Ցավոք, մեր երկրի օրինակով դրա ականատեսն ենք լինում բազում անգամներ:

Մասնավորապես, միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը կարող է առաջ բերել բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական ակտիվության կրճատում և տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության և աղքատության ավելացում և այլն:

Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջև համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդների համար զարգացման հավասար պայմաններ։

Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաև սոցիալական ներառականությունն ու արդարությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն և դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու և առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:

Այս տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման: Միաժամանակ, պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը և հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:

Ցավոք, ներկայումս Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները և դրա կառուցվածքը հակառակ միտումներն են արձանագրում:

Մյուս կողմից՝ սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատև սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:

Ցավոք, այս նպատակին ուղղված զբաղվածության պետական աջակցության ծրագրերը ևս լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին: Ավելին՝ դրանք աննախադեպ թերակատարվել են 2018-2019 թվականներին, համապատասխանաբար՝ շուրջ 70 և 50 տոկոսներով:

Հավաքական այս լուծումների հավասարակշռված գործադրումը հնարավորություն կստեղծի խուսափել այլևս իրողություն դարձած «աշխատա՞նք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «և՛ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31