Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում է ՍԴ դատավորների դիմումները. Հայկուհի Հարությունյան

Օգոստոս 14,2020 15:06

2020 թվականի ապրիլի 25-ից, մի շարք փոփոխությունների շնորհիվ, Հայաստանում ներդրվեց բարեվարքության ստուգման հայեցակարգը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու անգամ հնարավորություն ունեցավ այն կիրառելու: Այսօր, հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի հանրային քննարկման ժամանակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց հայեցակարգը, որի միջոցով հանձնաժողովն ուսումնասիրում է պետական պաշտոններին նշանակման ենթակա անձանց: Այս կարգով են քննվելու հակակոռուպցիոն դատարանի դատավորների դիմումները: Գործընթացն իրականացվում է չորս փուլով՝ տվյալ անձի եւ նրա ընտանիքի գույքի եւ եկամուտների հայտարարագրի ներկայացում, նախկինում վարչական, քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հարց, նախկին աշխատանքային, մասնագիտական գործունեություն, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ հարց:

Բանախոսը կարեւորեց, որ ուսումնասիրվում է ոչ միայն գույքի եւ եկամուտների օրինականությունը, այլեւ պաշտոնատար անձի շահերի բախման հարցը, մասնավորապես, մերձավոր ազգականներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ նրա գործունեության եւ որոշումների վրա: Մշակված բարեվարքության հարցաթերթիկը հրապարակային է, հասանելի է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Հայկուհի Հարությունյանի խոսքով, 2020 թվականի հուլիսին առաջին անգամ կիրառել են բարեվարքության հարցաթերթիկի պրակտիկան՝ նորաստեղծ դատախազական ստորաբաժանման, դատախազների թեկնածուների եւ ոլորտը համակարգող, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների նկատմամբ: Ստացվել էր 26 բարեվարքության հարցաթերթիկ: Բանախոսը մանրամասնեց, որ թեկնածուների կողմից լրացված թերթիկները ստուգվելու են հանձնաժողովի կողմից, հետո, կազմակերպվում է հարցազրույց՝ թերթիկում նշված անձանց հետ, ինչի արդյունքում ի հայտ են գալիս թեկնածուի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն: Երրորդ անձանց հետ ունեցած հարցազրույցները վարվում են անանունունության կարգով եւ ենթակա չեն հրապարակման:

Հաջորդ փուլում, հանձնաժողովը հետազոտում է մամուլը, հանրային դիսկուրսը: Այս ամենի հիման վրա դուրս է բերվում թեկնածուի հավաքած միավորը, որի շուրջ էլ կազմվում է եզրակացությունը: Եզրակացության մեջ նախ նշվում են ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձած փաստերը, ապա՝ դրանց արժանահավատությունը:

Վերջնական արդյունքում, թեկնածուն կարող է ստանալ դրական եզրակացություն, դրական եզրակացություն՝ վերապահումով , այսինքն` կան խախտումներ, ռիսկեր, սակայն չունեն այն կարեւորությունը, որ խոչընդոտեն պաշտոնատար անձի գործունեությանը) կամ բացասական եզրակացություն:

Եզրակացությունը հրապարակային չէ, այն ներկայացվում է թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում կայացնող մարմնին, որը նույնպես այն չի հրապարակում:

Եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ:

Հայկուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ հիմա հանձնաժողովը զբաղվում է Սահմանադրական դատարանի անդամների ուսումնասիրությամբ. այս պահին քննում են 3 հարցաթերթիկ:

Բանախոսը քաղաքացիներին կոչ արեց առավել ակտիվ ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներին, եւ չկաշկանդվել հարցազրույցի մասնակցելուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31