Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 չվերթով Լիբանանից Հայաստան է եկել 370 մարդ՝ մեր երկրում բնակվելու. Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ լավ պատրաստվել են, որ Հայաստանից այլ երկիր չմեկնեն

Օգոստոս 14,2020 14:56

Օգոստոսի 9-11-ը Հայաստանի պատվիրակությունը գտնվում էր Լիբանանում՝ մարդասիրական օգնություն հասցնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Այսօր Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հրավիրած ասուլիսում մանրամասներ ներկայացրեց: Նա ասաց, որ օգնությունը բաղկացած էր 3 ինքնաթիռ բեռից՝ դեղամիջոցներ, սնունդ, առողջապահական գույք, առաջին ու երրորդ ինքնաթիռները նախատեսված էին Լիբանանի կառավարության ու ժողովրդի համար ընդհանրապես, իսկ երկրորդ ինքնաթիռի բեռը՝ լիբանանահայ համայնքի համար:

Սինանյանն ասաց, որ Լիբանանում հանդիպումներ են ունեցել հոգեւոր համայնքի, կուսակցական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ: Շատ հակասական կարծիքներ են լսել: Հոգեւոր համայնքի ներկայացուցիչներն ասել են, որ լիբանահայերը ամուր կառչած են իրենց հողին, չեն ուզում որեւէ տեղ գնալ, մինչդեռ բնակիչների հետ հանդիպումը այլ տպավորություն է ստեղծել՝ խուճապի են մատնված ու ուզում են գալ Հայաստան. «Խնդիրը շատ բարդ է, մարդիկ ուզում էին, բայց ֆիզիկապես չէին կարող գալ, բանկային խնդիրների պատճառով չեն կարողանում իրենց գումարը հանել բանկից, չեն կարողանում վաճառել իրենց բնակարանները, իրենց տները, իրենց բիզնեսները»:

Հարցին՝ պայթյունից տուժած մեր հայրենակիցների համար հայրենադարձության քաղաքականություն է իրականացվում, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փախստականների եւ սիրիահայերի պարագայում իշխանությունների գործողությունները շատ թերի էին, տարիներով զբաղվածության ու կացարանի խնդիրները չէին լուծվում, դրա համար մարդիկ գնացին երրորդ երկրներ, հիմա ի՞նչ կլինի լիբանանահայերի վերադարձի պարագայում՝ Սինանյանը պատասխանեց. «Ասել, որ ՀՀ կառավարությունը իրականացնում է լիբանանահայերի հարենադարձության քաղաքականություն՝ մի փոքր ճիշտ չի: Երբ մենք անցկացնում ենք հայրենադարձության քաղաքականություն, նշանակում է մենք թելադրողի դերում ենք, մենք ենք ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ հայրենիք: Իրականում այդպես չէ, մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնց արդյունքում այսօր կա այն, ինչ կա: Երկարաժամկետ տնտեսական ճգնաժամ: Ճգնաժամ, որը մի փոքր արհեստածին է, այսինքն՝ պարտադրված է Լիբանանի վրա, բայց որի արդյունքները շատ լուրջ են: Արդեն մի տարուց ավելի տեւող լրջագույն բանկային համակարգի կաթվածահար վիճակ, դրան ավելացնենք այն, որ անտեղ տեղի է ունենում շահերի բախման լուրջ գործընթաց՝ Արեւմուտք, Արեւելք, ԱՄՆ, Իրան, կարծես բոլորի շահերը բախվում են, այնտեղ կարող են նույնիսկ տեղի ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երեւույթներ: Սրան ավելացնենք նաեւ կորոնավիրուսի համավարակի պատճառով հավելյալ տնտեսական խնդիրները, վերջին այս պայթյունն էլ կարծես վերջին հարվածն էր Լիբանանի ժողովրդին ու լիբանանահայությանը»:

Զարեհ Սինանյանը սոցհարցման արդյունքներ ներկայացրեց, ըստ որի լիբանանահայ հարցվածների 58 տոկոսը նշել է, որ լքելու է Լիբանանը, 49 տոկոսն ասել են, որ մտածում են Հայաստան գալու մասին: Սա դեռ պայթյունից ու համավարակից առաջ էր իրականացվել: Սինանյանը նշեց, որ սիրիահայերի հայրենադարձությանը ՀՀ կառավարությունը լավ չէր պատրաստված, դրա արդյունքում էլ Հայաստանը իրենց համար հիմնականում դարձավ տրանզիտային կետ՝ երրորդ պետություններ մեկնելու համար: Հիմա ՀՀ կառավարությունը փաթեթ է պատրաստում, որ կարողանա նորմալ ընդունել լիբանանահայերին, որ դառնան ՀՀ լիիրավ քաղաքացիներ, հարկ վճարողներ:

Արդեն 5 չվերթով Հայաստան է եկել 370 մարդ՝ մեր երկրում բնակվելու: Սինանյանը վստահեցրեց, որ հավուր պատշաճի պատրաստվել են, որ իրենք քիչ պատճառ ունենան Հայաստանից մեկնելու եւ այլ երկրում հաստատվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31