Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Հակոբյանի զուգահեռները Ալեքսանդր Ազարյանի եւ Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Եգորյանի արտահայտությունների միջեւ

Օգոստոս 14,2020 14:46

ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը: Սա ընդգրկված է նաեւ ԱԼԳ-ի 2020թ գործողություններում, հավանաբար ընդգրկված կմնա նաեւ 2020-ից հետո: Կոռուպցիայի դեմ պայքարն առկա է նաեւ ԱԼԳ քաղհասարակության պլատֆորմի ռազմավարական նպատակներում: Ուստի, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումը ոչ միայն ուշի-ուշով հետեւելու է գործընթացին, այլեւ առաջարկություններով է հանդես գալու, մոնիտորինգ է իրականացնելու: Այս մասին այսօր հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԼԳ քաղհասարակության պլատֆորմի Հայաստանի համակարգող Լուսինե Հակոբյանը:

Ողջունելով հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, բանախոսն անցավ մտահոգություններին: Նա շատ կարեւոր է համարում համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Այս իմաստով, դատավորների ընտրության չափանիշները իրենց համար խնդրահարույց են: Օրինակ, ըստ նախագծի, փաստաբանները ևս կարող են հայտ ներկայացնել եւ դառնալ հակակոռուպցիոն ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի դատավորներ: Սահմանափակումների թվում են վերջին հինգ տարվա ընթացքում կարգապահական տույժեր ստացածները, որոնք չեն կարող մասնակից լինել գործընթացին: Լուսինե Հակոբյանը սա խիստ խնդրահարույց է համարում, քանի որ 2012 թվականներից ի վեր, հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբանները ենթարկվել են ճնշումների՝ Փաստաբանների պալատի կողմից, որն, իր բնութագրմամբ, հանդես է եկել որպես գործիք՝ առավել ակտիվ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին լռեցնելու համար: Նա օրինակ բերեց 2016-ի ՊՊԾ գրավմանը հետեւած զարգացումներում «Սասնա ծռերի» դատավարությունը, երբ պետությունը դատարանների դռների մոտ չէր կարողանում ապահովել սքանավորման սարքերը, փաստաբաններին փորձում էին խուզարկության ենթարկել, ինչը առաջացնում էր վերջիններիս լուրջ դիմադրությունը: Արդյունքում մի շարք փաստաբաններ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, այդ թվում նաեւ խիստ նկատողությունների տեսքով: Բայց, ի վերջո, պետությունը գնեց այդ սարքերը եւ փաստորեն, փաստաբանների իրավունքները խախտվեցին:

Հետհեղափոխական դատարանում, այս իմաստով, Լուսինե Հակոբյանը, դրական փոփոխություններ է արձանագրել: Օրինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության որոշ դրվագներն են: Նա հիշեց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանին, որը «Սասնա ծռերի» որոշ անդամների նկատմամբ բռնության կապակցությամբ մի հարցազրույցում ոստիկանությանը «հրոսակախումբ» էր կոչել եւ կարգապահական տույժի ենթարկվեց: Մինչդեռ հեղափոխությունից հետո, երկրորդ նախագահի դատավարության ժամանակ, տեսնում ենք, թե ինչպես են փաստաբաններից ոմանք դատարանի դահլիճում դատավորին հարցնում՝«Դուք վնգստացո՞ղ դատավոր եք, թե՝ ո՞չ» կամ հարցազրույցի ժամանակ հայտարարում են, որ այսինչ «դատավորի տեղը տունն է, որտեղ նա կատուներ պետք է պահի»: Նա հիշեցնում է նաեւ «Հաց բերողի» գործը, որի շրջանակներում Տիգրան Եգորյանը կարգապահական տույժի ենթարկվեց եւ սահմանվեց, որ նա լրացուցիչ դասընթացներ պետք է անցնի՝ արձանագրելով, որ կարգապահական տույժերը ընտրողաբար են եղել, ուստի նման ժամկետի սահմանումը ողջամիտ չէ:

Նա նաեւ օրինակ է բերում եւ զուգահեռներ է անցկացնում կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանների եւ «արտոնյալ» դատավորների միջեւ: Իր կարծիքով, օրինակ, դատավոր Ալեքսանդր Ազարյանը բացարձակ զսպվածություն չի դրսեւորում, տարբեր հարցազրույցներում ամեն տեսակ հայտարարություններ է անում, բայց ոչ ոք նրան դրա համար կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում ու այս տեսանկյունից, ստացվում է, որ Ալեքսանդր Ազարյանը շատ լավ թեկնածու է:

Նույնը վերաբերվում է օպերլիազորներին, քննիչներին:

Ըստ նախագծի, փորձագետները պետք է խորհրդատվական կարծիք տրամադրեն ԲԴԽ-ին: Լուսինե Հակոբյանը երկու հարց ունի՝ ովքե՞ր են այդ փորձագետները, եւ ինչպե՞ս պետք է ապահովել, որ ԲԴԽ-ն հաշվի առնի այդ կարծիքները:

Բանախոսի հավաստմամբ, քաղհասարակության ներկայացուցիչների մեծամասնության կարծիքով, ԲԴԽ-ն հանրային հեղինակություն չի վայելում, անվստահություն կա դատավորների կազմի նկատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31