Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «Որքա՞ն է վճարվելու ուսուցիչը, եթե նույն դասարանում 3 անգամ պետք է պարապի»

Օգոստոս 14,2020 14:20

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

ԿԳՄՍ նախարարությունը վստահեցրել է, որ պարետատունը և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով տեսաքննարկման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ հարցականները շատ են եւ անորոշության մեջ ենք. «Այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպես են բացվելու, քան Հայաստանինը: Ունենք ինֆորմացիայի պակաս, մարդկանց համար էլ հասկանալի չէ, թե ինչու են հենց սեպտեմբերի 15-ից բացվում դպրոցները:

Եթե պատճառը շոգն է, ապա կարելի էր որոշ մարզերում, ասենք` Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, հենց օգոստոսի վերջից էլ սկսել: Դասարանների հետ կապված էլ հարցեր կան: Եթե ուսուցիչը 20 կամ 22 ժամ ծանրաբեռնվածություն ունի, եւ դասարանները կիսվում են` ի՞նչ է լինելու: Այսինքն, այդ ուսուցիչը շաբաթական 40 ժա՞մ պետք է պարապի, արդյոք լրացուցիչ վճարվելո՞ւ է այդ աշխատանքի համար: Սա անհասկանալի է: Ենթադրվում է, որ երկհերթ կաշխատեն»:

Փորձագետը հավելեց. «Ես կողմնակից եմ, որ դպրոցներն ավելի շուտ բացվեն, ընդ որում, միանշանակ պետք է բացվեն 1-5-րդ դասարանները, որովհետեւ կան հետազոտություններ, իսկ ամենավերջինը հարավկորեացի գիտնականների հետազոտությունն էր, որի համաձայն` մինչեւ 10 տարեկան երեխաները գրեթե չեն տարածում վիրուսը…Այժմ աշխարհը հակված է կրտսեր դպրոցները բացելուն, որովհետեւ այդ տարիքի երեխաները չեն կարող տանը մնալ եւ հեռավար սովորել մանավանդ այն դեպքում, եթե ծնողներն աշխատանքի են»:

Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, պետք է բացվեն նաեւ գյուղական փոքր դպրոցները. «Կարելի է գնալ մինչեւ 200 հոգանոց դպրոցները բացելու տարբերակին, որովհետեւ գյուղերում իրավիճակն ավելի հեշտ է վերահսկել եւ կառավարել»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքերով, ԱԺ համապատասխան հանձնաժողովում այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Նրա ձեւակերպմամբ, հարցը ուսումնասիրված չէ. «Մեր երկրի կրթական խնդիրները հաշվի չեն առնվել` նման որոշում կայացնելուց առաջ»: Պատգամավորի համար եւս պարզ չէ, թե ի՞նչ է լինելու, երբ դասարանները կիսվեն, մի՞թե ուսուցիչը երեք անգամ պետք է ծանրաբեռնվի նույն դասարանում, եւ արդյոք լրացուցիչ ծանրաբեռնվածության համար հավելյալ վճարվելու է, կամ ինչպե՞ս են կազմակերպելու կրթական գործընթացը 700-1000 աշակերտ ունեցող դպրոցները:

Նրա խոսքով, դասերը մի քանի հերթով եւ կիսված դասարաններով իրականացնելու դեպքում ստացվում է, որ կամ ուսուցիչը 24-ժամյա ռեժիմով պետք է աշխատի, կամ պետք է հավելյալ ուսուցիչներ ներգրավվեն, որ հնարավոր լինի խոշոր դպրոցներում դասեր իրականացնել: Պատգամավորի համոզմամբ, փոքր դպրոցները աչքաթող են արված, այդ հաստատությունները ախտահանման խնդիր ունեն, իսկ պետությունը այդ բեռն իր վրա չի վերցրել:

«Որքա՞ն է վճարվելու ուսուցիչը, եթե նույն դասարանում 3 անգամ պետք է պարապի, ի՞նչ գումարների հաշվին, դպրո՞ցը պետք է վճարի, որ չունի այդ գումարը, թե՞ պետք է պետությունը հավելյալ հատկացումներ անի, սրանք հարցեր են, որ մենք պետք է ի սկզբանե մինչեւ որոշում կայացնելն ունենայինք»,-ընդգծեց Սոֆյա Հովսեփյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31