ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «BBC Hard talk Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրական մասում Արցախի հիմնախնդիրը նշված է իբրև՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար»:
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը՝ առնվազն, ի դեմս ԱԳ նախարարի, ուղղակի պարտավոր են հրապարակային կերպով ընդդիմանալ այս ձևակերպմանն ու որակել սա իբրև հակամարտության բուն բնույթի խեղաթյուրում:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա որակվելու է իբրև հարցազրուցավարի հեղինակային նախաբան և սուբյեկտիվ կարծիք, սակայն լռելը նշանակելու է համաձայնել այս ձևակերպման հետ:
Կարդացեք նաև
Արդյոք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձա՞յն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին, ներկայացնելով հիմնախնդիրը իբրև «պայքար տարածքայի շուրջ»:
Արդյոք Փաշինյանն ու իր կառավարությունը չե՞ն պատկերացնում, որ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, ինչի վրա և կառուցված է բանակցությունների մեր ողջ տրամաբանությունը, և այս վտանգավոր ձևակերպումը ուղղակի և անտեսում այն և հարվածում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը:
Ուզում եմ հիշեցնել, որ դիվանագիտության մեջ «վրիպակներ» չեն լինում, և պարտադիր է սրան արձագանքելը:
Հարցազրույցի բովանդակությանը կանդրադառնամ հաջորդիվ»: