Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ կազմված 25 դատավորից: 25 դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Նախագիծն արդեն պատրաստ է եւ դրված է հանրային քննարկումների:
Այսօր կայացած քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նախագծով նախատեսված է ստեղծել նաեւ մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որը կունենա առնվազն 10 դատավոր, փոփոխություններ են առաջարկվում նաեւ Վճռաբեկ դատարանում. ըստ նախագծի, քրեական պալատը կունենա 8 դատավոր, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատները՝ 13։
Շղթայի առաջին օղակը, ըստ փոխնախարարի, ստեղծում են հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաեւ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Ի դեպ, դատախազությունում ևս կգործի առանձին ստորաբաժանում, որի անդամները նույնպես անցնում են բարեվարքության ստուգումը: Հակակոռուպցիան դատարանի ստեղծմամբ շղթան փակվում է: Փոխնախարարը վստահեցնում է՝ ունենալու ենք մասնագիտացված կադրերով հագեցած դատարան:
Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան եւ գործող դատավորները, եւ դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թեւերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաեւ հասարակական հատվածի համար։ Փոխնախարարը վստահեցնում է, որ այս պայմանները հնարավորություն կընձեռեն, որպեսզի դատավորների ընտրության մասով մտահոգությունները փարատվեն, մանավանդ, որ հարցազրույցի փուլը նաեւ լրատվամիջոցների համար է բաց լինելու: Վերաքննիչ դատարանի դատավորների ընտրությունը ևս իրականացվելու է բաց մրցույթով: Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան սահմանափակումներ: Ըստ փոխնախարարի, օրինակ վերջին ժամանակահատվածում կարգապահական խախտումներ ունեցած եւ դրանց հիման վրա պատասխանատվության ենթարկված անձանց մուտքը հակակոռուպցիոն դատարան՝ կսահմանափակվի: Դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով եւ այլն:
Ի՞նչ կտա հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը հասարակությանը` հարցին, փոխնախարարը պատասխանեց՝ կբարձրացնի վստահության աստիճանը, կկրճատվի դեպքերի քննման ժամկետները, կմշակվի կոռուպցիոն դեպքերը դիտարկելու միասնական մեթոդաբանություն, կբարձրանա արդարադատության որակը:
Ի դեպ, հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի մոտ մեկ միլիոն դրան:
Փոխնախարարը չմեկնաբանեց Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու հեռանկարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ