Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների անկախության վրա պետք է աշխատենք. Կարեն Զադոյան

Օգոստոս 14,2020 12:19

«Հակակոռուպցիոն դատարանն ամբողջացնում է ինստիտուցիոնալ համակարգը, քանզի արդեն դատական վերահսկողություն է իրականացվում հակակոռուպցիոն հարցերով մինչդատական վարույթի նկատմամբ: Հետագայում պիտի աշխատենք նաեւ այս դատարանի անդամների անկախության երաշխիքների վրա, որովհետեւ եթե այստեղ ունենանք ոչ պատշաճ դատավորներ, ապա ամբողջ գործընթացը տանուլ կտանք»,- այս կարծիքին է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Իր կարծիքը Կարեն Զադոյանը բարձրաձայնեց մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու փաստով պայմանավորված «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ սահմանադրական օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ:

Կարեն Զադոյանն ասաց, որ իրավաբանների հայկական ասոցիացիան, հետագայում նաեւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան շուրջ 10 տարի առաջարկում էր ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Սա իրականացրել են Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման գործընթացի շրջանակներում, որի համատեքստում առաջարկվել է նաեւ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում:

Իշխանությունը գնաց այլ ճանապարհով. ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քննարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Այսպիսով, ըստ Կարեն Զադոյանի, առաջին քայլն արված է: Երկրորդ քայլը հատուկ մասնագիտացված նախաքննություն իրականացնող մարմին՝ դատախազությունում ստորաբաժանման ստեղծումն է, գլխավոր դատախազի տեղակալներից մեկի համակարգմամբ: Վերջերս դա էլ իրականացավ:

Կարեն Զադոյանը խոսեց մարտահրավերների մասին, որոնցից ամենակարեւորը դատավորների ընտրությունն է համարում: Ըստ նրա, եթե ձախողենք կադրային քաղաքականությունը, ձախողելու ենք նաեւ հանրային սպասումներն արդարացնելը. «Հակակոռուպցիոն դատախազների ընտրության ընթացքում բարեվարքության առաջին թեստն արդեն արվել է, եւ եթե թերություններ են եղել, կշտկվեն դատավորների դեպքում»:

Բանախոսը շատ կարեւոր է համարում այս գործընթացի թափանցիկությունը եւ հանրային մասնակցությունը. «Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա տեղյակ լինելու բոլոր գործընթացներից, այդպիսով կփարատվեն նրանց կասկածները: Գործընթացին մասնակից կարող ենք դարձնել նաեւ հակակոռուպցիոն փորձագետների, որոնք պետք է նոմինացվեն հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների կողմից: Այս մասով կարելի է բարձրացնել նախատեսված 3 տարվա փորձառության շեմը, որովհետեւ 3 տարվա փորձառություն ունեցող փորձագետը չի կարող գնահատել /ուսումնասիրել 7-8 տարվա փորձ ունեցող դատավորներին: Հասարակությունը պետք է վստահ լինի նաեւ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացված բարեվարքության թեստը կտա դատավորի անկախության, անկողմնակալության հետ կապված հարցերի պատասխանները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31