ՀՀ Ազգային ժողովի Բյուջետային գրասենյակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիր: Այսպիսով, հաշվետվության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել կորոնավիրուսի համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։
Այսպիսով, 2020 թ առաջին կիսամյակում գրանցվեց տնտեսական ակտիվության անկում: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության եւ մշակող արդյունաբերության ճյուղերը։ 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է՝ կիսամյակի վերջում արձանագրելով անկում: Պետական բյուջեի ընթացիկ եւ կապիտալ ծախսերն աճել են բարձր տեմպերով։
2020 թվականի առաջին կիսամյակում COVID-19 համավարակի տարածման հետևանքով տնտեսական ակտիվության դանդաղման և թույլ ներքին պահանջարկի անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է խթանող:
Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:
Կարդացեք նաև
2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որն իր մեջ ներառում է նաև հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը և առողջապահական ծախսերի աճը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 45.8 մլրդ դրամ, որում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 96%-ով կամ 22.8 մլրդ դրամով:
Արդյունքում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձևավորվել է պետական բյուջեի 48.9 մլրդ դրամ դեֆիցիտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձևավորված 121.9 մլրդ դրամ պետական բյուջեի հավելուրդի դիմաց:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։