Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռ Կամսար. «Ես չեմ կարդում պատմական վեպ եւ չեմ հարգում դրանց հեղինակներին»

Օգոստոս 14,2020 13:30

Տպագրում ենք խորհրդային տարիներին երկու տասնամյակից ավելի անազատության մեջ անցկացրած, այլախոհ երգիծաբանի «Միայնակը» գրքից մի հատված, որն ընդգրկում է 1961թ. բանտային օրապատումները

Ես չեմ կարդում պատմական վեպ եւ չեմ հարգում դրանց հեղինակներին: Պատմությունը հին, անցած-գնացած մարդկանց կյանքի կոնսերվացում է: Իսկ հայ ազգի պատմությունն իր բազմապիսի դառնություններով ոչ միայն տհաճ կոնսերվ է, այլ նաեւ թունավոր, ինչպես մեր կոոպերատիվ խանութում շարված ձկան կոնսերվները: Ինքն իր մեջ պառակտված`հայը միայնակ անհավասար կռվի մեջ է մտել իր զորեղ հարեւանների հետ եւ միայն կոտորվել ու գերի տարվել:

Ի՞նչ գեղարվեստական հաճույք կարող է ստանալ ընթերցողը`նման կյանքից գրված պատմական վեպեր կարդալիս: Ոչ մի:

Կոնսերվները պատրաստվում են, առհասարակ, քաղցր պտուղներից, որ մարդ մի գդալ ճաշակի ամեն հաց ուտելուց հետո եւ բերանը քաղցրացնի, եւ ոչ դառը, թունավոր պտուղներից, որ ուտի ու բերանը դառնացնի:

Հա, գիտեմ, պիտի ասեք`կարդանք, որ օգտվենք մեր պապերի սխալներից, միանանք եւ մեր անկախությունը պաշտպանենք:

Ասացե՛ք, երեք միլիոնանոց ժողովուրդն ինչքան էլ միանա, կարո՞ղ է դեմ գնալ քսանհինգ միլիոն թշնամի պետության: Ո՛չ: Այդ պատճառով էլ մեր ուժեղ հարեւաններն ինչպես կամեցել են`վարվել են մեզ հետ:

Ինչ մեր վիպասանները ցանկանում են, որ բազմամիլիոն թուրքն իր գլուխը ծռի հայի առջեւ եւ ասի`զա՞րկ:

Այդ չի՛ լինի:

Չէ որ հնում մենք էլ, մեր Արտաշես Աշխարհակալի եւ Տիգրան Մեծի ժամանակ ճիշտ այնպես, ինչպես թուրքերը, հարձակվել ենք մեզանից թույլ բազմաթիվ ազգերի վրա, նրանց ջարդել, կողոպտել եւ գերի բերել Հայաստան:

Եթե պատմական վեպ գրող հայ վիպասանն անաչառ է, պետք է մերժի նաեւ այս բարբարոսությունը: Գրո՞ւմ է այս մասին: Ոչ: Նրանք միայն բորբոքում են հայի ատելությունը թուրքի դեմ եւ ուրիշ ոչինչ:

Գամառ Քաթիպան ասում է. «Հիմի է՞լ լռենք»…

Խեղճ բանաստեղծ, չլռես`ինչ պիտի անես:

Րաֆֆին (ես չգիտեմ` ինչ տարիքում) պատանեկան ձայնով կշտամբում է հայությանը.

-Եթե դուք վանքերի տեղակ բերդեր շինեիք, եթե խնկի տեղ վառոդ ծխեիք, մեր օրը այս չէր լինի:

Իսկ ես, եթե Րաֆֆին լինեի`կգրեի.

-Կորչի՛ վանքն իր խունկ ու մոմերով, որովհետեւ նա բանական մարդուն ստրուկ է դարձում մի գոյություն չունեցող Աստծու, կորչե՛ն բոլոր բերդերն ու վառոդի հոտերը, որովհետեւ դրանք մարդկանց համար միայն իրար կոտորելու գործոններ են դառնում:

Ես երբ ծնվեցի`ոչ մի ազգի չէի պատկանում, ոչ մեկի լեզվով չէի խոսում եւ չգիտեի`Աստված ինչ բան է: Ես մարդ էի միայն եւ մտադիր չէի որեւէ ազգի վրա քշել:

Եթե մարդու տարիքի հետ հետզհետե կորչում է մարդու այս անմեղությունը եւ քանի մեծանում`գազանանում է եւ նախապաշարումներով լցվում, եկեք նորածին մնանք եւ բնավ չմեծանանք:

Ո՛չ վանք, ո՛չ բերդ:

Իսկ եթե ազգային վիպասանն ուզում է անպայման մեծանալ, նա իրավունք չունի կես ճանապարհին կանգ առնել եւ միջակ մարդ դառնալ: Նա պետք է շարունակի երկարել եւ մի գլխով բարձր կանգնել իր ընթերցողից, ու ոչ մի ազգամիջյան ատելություն չպիտի հրահրի, այլ քարոզի մարդկայնության:

Պիտի ասի`աշխարհում ամենաթանկագին բանը մարդու կյանքն է: Կորչեն մնացած բոլոր բաները, որոնք կարճում են այդ կյանքը: Թո՛ւրք, դու մեզանից ռազմապես ուժեղ ես, բայց մի կոտորիր մեզ: Մենք էլ լավ ճարտարապետներ ենք, գովական դերձակներ, ընտիր կոշկակարներ: Մենք մեզ համար մզկիթներ շինենք, շալվար ու կոշիկներ կարենք ու միասին կողք-կողքի հաշտ ապրենք: Երկրի վրա, ինձ էլ, քեզ էլ տեղ կա ապրելու, առաժմս ապրենք, հետո երբ տեղներս նեղացավ`բնական է, որ դու մեզ պիտի կոտորես, որովհետեւ գոյության կռիվն այդպես է հրամայում:

Իսկ թե մեր պատմավեպ գրողներն ի՞նչ են անում. ճիպոտը տալիս են հայ ազգի ձեռքն ու ասում`գնացեք, կրետի բույնի հետ խաղացեք:

Օրինակի համար, 1904թ. Սասունի ապստամբությունը պարզապես կրետի բույնի հետ խաղալ էր: Մի քանի տասնյակ հայեր լեռ բարձրացան եւ ասացին թուրքին` եկ մեզ կոտորիր:

Հա, այստեղ էլ գիտեմ`ինչ պիտի ասեք:

Պիտի ասեք`հայերն ուզում էին կոտորվել`քրիստոնյա մեծ պետությունների ուշադրությանն արժանանալու համար, որ միջամտեին մեր կռվին ու մեզ անկախություն տային:

Բայց եթե երբեւէ դա հնարավոր բան է, գեթ ապստամբությունն այդ ժամանակ սկսվելու էր, երբ մեծ պետությունների երեսը Հայաստանի կողմ դարձված լիներ: Այլապես պետությանց ետեւում տեղի ունեցած ապստամբությունը կնկատվի՞: Մեծ պետությունը խոմ ծոծրակին աչք չունի՞…

Ինձ լսիր, պատմական վեպ գրող հայ վիպասան, նախքան գրիչ վերցնելը դու պիտի իմանաս, որ կյանքը գոյության կռիվ է, որ հաղթում են միայն ուժեղները:

Ուժեղ ես`զարկ, թույլ ես`հարմարվիր շրջապատիդ, եթե ուզում ես ապրել:

Իսկ եթե դու բանական մարդուն կամենում ես տարբերել վայրի գազաններից եւ համոզմունքին էլ տեղ ես տալիս, այն ժամանակ լարիր քո ողջ հանճարդ`քարոզելու մարդկանց, որ նրանք եղբայրներ են, միասին պիտի ապրեն ու միասին մեռնեն:

Բայց այս բարի սերմերը ցանելուց հետո չմոռանաս ջրել…

«Առավոտ» օրաթերթ
13.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31