Ռուբեն Կոսեմյանը՝ իր յուրահատուկ նախագծերի եւ ծրագրերի մասին:
Կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Բեթհովենյան տարվա շրջանակում 2 ամիս առաջ ձայնագրել է «Կրեյցերյան սոնատը»: «Այս սոնատը շատ տարբերվում է մյուսներից, նախ նրանով, որ մասշտաբային է եւ դուրս է գալիս կամերային ժանրի սահմաններից: Ինքը՝ Բեթհովենն այն անվանել է սոնատ՝ կոնցերտի ոճով: Մյուս սոնատների համեմատությամբ՝ այստեղ ջութակի եւ դաշնամուրի պարտիաները համահավասար են ու կարծես մրցում են միմյանց հետ: Եվ իրոք, երբ Մարգարիտա Գրիգորյանի հետ նվագում էինք, այդ զգացողությունը չէր լքում մեզ: «Կրեյցերյան սոնատը» անձամբ ինձ շատ ոգեշնչեց, եւ մենք սկսեցինք աշխատել նաեւ Բեթհովենի մյուս 9 սոնատների վրա: Այս տարի որոշել ենք հանդես գալ համերգներով, որտեղ կատարելու ենք բոլոր 10 սոնատները: Այնուհետ պլանավորում ենք թողարկել ձայնասկավառակ եւ այն նվիրել Բեթհովենի ծննդյան 250-ամյակին»,-հայտնեց Ռուբեն Կոսեմյանը:
Նրա խոսքերով, ստեղծագործություններ կան, որոնք իրեն հատկապես դուր են գալիս, բայց գրված են ուրիշ գործիքների համար, բայց ինքը տարվել էր այն մտքով, որ դրանք պետք է նվագել ջութակով։ «Այդպես սկսեցի փոխադրել տարբեր ստեղծագործություններ ջութակի եւ դաշնամուրի համար։ Ինձ համար այդ գործում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումը։ Շատ կարեւոր էր պահպանել Կոմիտասին բնորոշ մաքրությունը եւ հանճարեղ պարզությունը, որը բխում է մեր ազգային ակունքներից»,-ասում է երաժիշտը, որի փոխադրությունների ժողովածուն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կարելի է հանրահռչակել Կոմիտասին եւ ինքն ինչպես է դա իրականացնում, երաժիշտը պատասխանեց. «Կարծում եմ, որ Կոմիտասը միշտ իր առանձնահատուկ տեղը կգրավի համաշխարհային երաժշտության մեջ։ Իմ երազանքներից մեկն է՝ Կոմիտասի իմ փոխադրությունները կատարել եւ ձայնագրել միջնադարյան հայ եկեղեցիներում»։
Կարդացեք նաև
Ռուբեն Կոսեմյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր ունի երեւանի հետ կապված: «Երեւանում գտնվելով՝ ելույթներ եմ ունեցել բազմաթիվ բեմերում՝ տարբեր ծրագրերով։ Այս ընթացքում հասցրել եմ մեծ ծրագիր ձայնագրել։ Պայմանագրեր կան աշխարհի տարբեր լեյբլների հետ ձայնասկավառակներ թողարկելու նպատակով։ Այդ թվում պլանավորում եմ ձայնագրել Է. Միրզոյանի եւ Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները՝ ամերիկյան լեյբլի պատվերով։ Մեծ ցանկութուն ունեմ նաեւ օգնել հայ պատանի ջութակահարներին իրենց դժվարին ուղու վրա»։
Ռուբեն Կոսեմյանը Կանադայում հաստատվել է 2010-ից, համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն դահլիճներում: «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ երաժշտության միջոցով իրեն աշխարհաքաղաքացի է զգում, քանի որ երաժշտությունը համամարդկային շփման միջոց է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2020