Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկացել  է՝ տանում են սպանելու, վախից ծնկի է եկել, որ երեխային չսպանեն. մանրամասներ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով

Օգոստոս 13,2020 23:58

Վարդավառին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝  Կարեն Գասպարյանի մեքենան ջրած աղջկա նկատմամբ Գասպարյանը բռնություն գործադրել է: Ի պատասխան Գասպարյանի պաշտպանի պնդումներին, թե դեպքի վայրի տեսախցիկներն էլ են փաստում, որ բռնություն չի եղել , պնդում է տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Գրիգորյանը:

«Կարեն Գասպարյանն, իջնելով մեքենայից, գոռգոռալով մոտենում է երեխային, աղջիկը վախից կծկվում է, առվի մոտ Կարեն Գասպարյանը աջ ձեռքով սեղմում է երեխայի ծոծրակը ու փորձում գլուխը իջեցնել, որ առվի մեջ մտցնի, չի իջեցնում, որովհետեւ այդ պահին երեխայի հայրը՝ Ավետիք Սարգսյանը, աղմուկի ձայներից մոտենում է, խոսակցությանը խառնվում»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ թեեւ Գասպարյանը իր ցուցմունքում նշել է, որ առվից ցեխաջրով են ջրել իր մեքենան, սակայն, տեսախցիկների տեսագրությամբ, ակնհայտ է, որ ջուրը պարզ է, բացի այդ, ըստ փաստաբանի,  երեխաների ծնողներն էլ թույլ չէին տա, որ իրենց երեխաները ցեխաջրով խաղան:

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ Կարեն Գասպարյանը ի սկզբանե փորձել է կեղծել իրականությունը, մասնավորապես,  ըստ Գասպարյանի  ցուցմունքի, դեպքի օրը՝ վեճի թունդ պահին,  իրեն է մոտեցել մեկը ու փորձել բաժանել կռվողներին՝ ասելով, «շառ են, շառ, պարոն Գասպարյան, գործ չունեք, ձեզ էլ գիտեմ, իրենց էլ, քշեք, գնացեք»:  Վարույթ իրականացնող մարմինը Գասպարյանի հիշատակած անձին հրավիրել է հարցաքննության, պարզվել է, որ այդ անձը ասել է՝ ինքը չի էլ իմացել, թե կռվողներն ովքեր են, Գասպարյանն է, թե Գասպարյանը չէ, ինքը ուղղակի վեճի մասնակիցներին է բաժանել. «Հենց սկզբից իրենք  փաստերը կեղծել են: Մեկ այլ դրվագում էլ ցուցմունք տալիս Գասպարյանն ասել էր, որ ինչ-որ մի կին կանչել է ՝ պարոն Գասպարյան, քշեք, գնացեք, շառ են անում, ամեն տարի նույն պատմությունն է, այդ կնոջն էլ են հրավիրել  ցուցմունք տալու, պարզվել է, որ այդ կինը երկու ամսվա բնակիչ է, ոչ էլ իմացել է՝ ով ում հետ է կռվում »:

Անդրադառնալով իր վստահորդի՝ Գասպարյանենց ամառանոցում հայտնվելուն, փաստաբանը պատմեց, որ Գասպարյանները զանգել են Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին.  «Հրավիրել  են հենց Ավետիք Սարգսյանի եղբորը, վերջինս ասել է՝ ինքը քաղաքում չէ, մի քանի ժամից կգա, կհանդիպեն, սակայն Գասպարյանը պահանջել է հենց այդ պահին, հետո նրա որդին՝ Սերգեյ Գասպարյանն է  հեռախոսը վերցրել, շատ հանգիստ տոնով է խոսել , ասել՝ հայրս առողջական խնդիրներ ունի, եկեք ուղղակի խոսենք, բարիշենք, անցնի գնա, այդպես համաձայնության են եկել, պայմանավորվել , գնացել. այսինքն, խաբել, տարել են»: Ըստ փաստաբանի՝ Գասպարյանների ամառանոց է գնացել Ավետիք Սարգսյանը՝ հարեւանի ու եղբոր անչափահաս տղայի հետ:

«Կադրերից էլ են երեւում, հենց դռներից ներս են մտնում, Կարեն Գասպարյանը մի քանի հոգով հեռվից մոտենում է հայհոյելով, թե դու ով ես, որ ինձ  հայհոյես, հետո հայտարարում է ՝ պետք է ծնկի գաս, ներողություն խնդրես ինձնից, հակառակ դեպքում այստեղից ոչ ոք ողջ չի դուրս գա: Այս մասին, բացի իմ վստահորդից,  նաեւ հայտնել է  իրենց հարեւան վկան, որը հետը գնացել էր: Ավետիք Սարգսյանը հրաժարվել է ծնկի գալ,  այդ պահին Կարեն Գասպարյանի որդին մոտեցել  ու հարվածել է Ավետիք Սարգսյանի դեմքին, ինչից հետո նրա եղբոր անչափահաս տղային կողք են տարել, հեռացրել շարքերից: Ավետիք Սարգսյանը հասկացել  է՝ տանում են սպանելու, վախից ծնկի է եկել, որ երեխային չսպանեն, դրանից հետո Կարեն Գասպարյանը՝ ձեռքերը պարզած, կանչել է՝ վերջ , ծնկի եկավ, դռները բացեք, թողեք, թող գնան»:

Սարգսյանին ու նրա հետ եկածներին ճանապարհելիս էլ, ըստ փաստաբանի, Կարեն Գասպարյանը սպառնացել է՝ նայեք հա՜, ոչ մեկի դեպքի մասին չպատմեք, թե չէ…:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31