Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ներդրողի իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ գուշակություններ. «Լիդիան Արմենիան» պատասխանում է Հովիկ Աղազարյանին

Օգոստոս 13,2020 22:46

Aravot.am-ն այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության պատասխանատուներին խնդրեց մեկնաբանել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Իմ քայլի» պատգամավորը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել էր «Ես՝ որպես քաղաքացի եւ քաղաքական գործիչ ունեմ հիպոթեզ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի ուզում շահագործել Ամուլսարի հանքը, քանի որ հաշվետու ժամանակահատվածում ինքը ծախսել է շատ ավելի գումարներ, եւ իր համար շահեկան կլինի այդ անվան տակ դադարեցնել աշխատանքները եւ եթե կարողանան որպես տուգանք պետությունից ինչ-որ գումար ստանալ, ապա շատ շահեկան դուրս կգան իրավիճակից»։

Ի պատասխան՝ «Լիդիան Արմենիայի» իրավաբան, փաստաբան Նունե Հայրապետյանն ասաց. «Պարոն Աղազարյանի «հիփոթեզը» ընկերությունը որակում է անհեթեթություն, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Ցավում ենք, որ նման անպատասխանատու հայտարարությունների հեղինակը ԱԺ մեծամասնության ներկայացուցիչն է: Ամուլսարի շուրջ ստեղծված ապօրինություններին օր առաջ վերջ դնելու եւ երկրի խոշորագույն ներդրողի օրինական իրավունքները պաշտպանելու փոխարեն նրանք, ովքեր պատասխանատու են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար այսօր զբաղված են գուշակություններով եւ հիփոթեզներ ներկայացնելով: Եթե ընկերության նպատակը, ինչպես նշում է պատգամավորը, տուգանքների ստացումը լիներ (ենթադրում ենք, որ պատգամավորը նկատի ունի հնարավոր արբիտրաժային գործընթացը Հայաստանի կառավարության դեմ), ապա դեռ մեկ տարի առաջ ընկերությունը սկսած կլիներ իր այդ իրավունքի իրացումը: Ընկերությունը առ այսօր ցանկացած պահի կարող է սկսել արբիտրաժային գործընթաց։ Բայց ցանկացած ներդրողի առաջնային նպատակը կայուն բիզնես ծրագիր իրականացնելն է, տվյալ դեպքում՝ Ամուլսարի հանքի շինարարությունը ավարտին հասցնելն ու շահագործումը, որի համար Լիդիան Արմենիան ունի բոլոր օրինական գործող թույլտվությունները եւ բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Իսկ արբիտրաժը ծայրահեղ լուծումն է։ Սեփական «հիփոթեզը» ստուգելու լավագույն փորձը պարոն Աղազարյանի կողմից կարող է լինել գործադիրից՝ Ամուլսարում օրենքի վերականգնման պահանջը, ինչը իր՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործառույթների առավել արդյունավետ իրացում է: Այդժամ պարզ կլինի, արդյոք Լիդիանը ուզո՞ւմ է հանքը շահագործել»։

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31