Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռացիր, քանի դեռ ուշ չէ». հայտնիների կոչը՝ Լուկաշենկոյին

Օգոստոս 13,2020 19:03

Մի շարք հայտնիներ այս օրերին Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոյին հեռանալու կոչ  են անում եւ դատապարտում նրա դեմ հանդես եկող ցուցարարներին ճնշելու իրավապահների գործողությունները: Բելառուսցի գրող, Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեյեվիչը Լուկաշենկոյին հորդորել է հեռանալ, քանի դեռ ուշ չէ: «Իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին: Այն ամենից հետո, ինչ կատարվեց փողոցներում, ինչպե՞ս հավատաս այդ մարդուն: Բելառուսցիները շեշտում են, որ իրենք խաղաղ մարդիկ են եւ որեւէ մեկին չեն ցանկանում սպանել»,-հայտարարել է Սվետլանա Ալեքսեյեվիչը՝ նշելով, որ իրավապահների գործողությունները պատկերացնել անգամ հնարավոր չէ: «Գնա, քանի ուշ չէ, քանի դեռ ժողովրդիդ չես հասցրել քաղաքացիական պատերազմի: Որեւէ մեկը «մայդան» չի ուզում, որեւէ մեկն արյուն չի ուզում, միայն դու ես ուզում իշխանություն, եւ այդ ցանկությունն արյուն է պահանջում»,-Լուկաշոնկոյին կոչ է արել Սվետլանա Ալեքսեյեվիչը:

Օպերային երգչուհի Մարգարիտա Լեւչուկը սատարել է ցուցարարներին՝ Բելառուսի ժողովրդին կոչ անելով դիմել համազգային ընդվզման:

Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները տեսաուղերձով կոչ են արել դադարեցնել ցուցարարների հանդեպ տեռորը: «Մենք այլեւս չենք կարող ապրել այնպես, ինչպես առաջ էր: Պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը»,-հայտարարել են նրանք:

«Լենինգրադ» հայտնի խմբի մենակատար Սերգեյ Շնուրովն էլ ծաղրել է Լուկաշոնկոյի գործողությունները, իսկ դերասան Գոշա Կուցենկոն վրդովմունք է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ իրավապահները դաժան ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին:

«Լուկաշենկոն իր ազգին մահակներով եւ ռետինե գնդակներով է սիրում: Մարդիկ իրավունք ունեն ցույց անելու»,-իր հերթին գրել է հայտնի բլոգեր, շոումեն Գարիկ Խարլամովը:

Thirty Seconds to Mars խմբի կատարող, հուլիվուդյան դերասան Ջարեդ Լետոն հրապարակել է Մինսկում տեղի ունեցած ցույցերի լուսանկար եւ գրել՝ «մենք քեզ հետ ենք, Բելառուս»:

Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է  նախագահի պաշտոնում: Երկրում զանգվածային ցույցեր են: Այսօր տեղեկացրել էինք, որ Բելառուսի քննչական կոմիտեն ցուցարարների գործողություններն ուղղորդված է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31