«Մեծ հաշվով՝ քար լռությունը պահպանվում է ԱԺ «Իմ լռությունը» խմբակցության պատգամավորների կողմից: Ես «Իմ քայլը» խմբակցությանն այդպես եմ անվանում»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ մտահոգություն էիք հայտնել, որ Ամուլսարի համար պայքարող ակտիվիստների նկատմամբ բռնության փաստերի հետ կապված իրենց նախկին պայքարակից ընկերները, որոնք հիմա պատգամավորներ են, լռություն են պահպանում և հարցին, այնուամենայնիվ, որևէ արձագանք չկա՞, այսպես պատասխանեց «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը:
Նա հայտնեց՝ մասնավորապես ջերմուկցիներն ակնկալում են, որ իրենց ընտրած խորհրդարանի մեծամասնությունը վերջնական դիրքորոշում արտահայտի և նաև կառավարությունից կպահանջի, որպեսզի խնդրին վերջնականապես լուծում տան: Այնուհետև շարունակեց. «Այդ մարդիկ արդեն երկու տարուց ավելի է վագոն տնակներում են գիշերել, հերթապահել են, տարբեր առիթներով տարբեր սադրանքների են ենթարկվել, ոստիկանության կողմից բռնության, և այսպես անդադար շարունակվել չի կարող: Թեև քրեական գործ կա, քննչական մարմինը քննում է, բայց որևէ առաջընթաց, թափանցիկություն չկա: Մենք ընդհանրապես առաջընթաց չենք տեսնում: Ի վերջո, ջերմուկցիները պահանջում են ղեկավարությունից վերջնական որոշում՝ ինչ է լինելու հանքի հետ կապված: Եվ կառավարությունը պարզապես այդ պահանջն անտեսում է: Անգամ մեկ մեկնաբանություն մեկ բառ այդ թեմայով կառավարությունը չի արտաբերել այս ընթացքում, նույնն էլ խորհրդարանը: Խորհրդարան ասելով՝ նկատի ունեմ «Իմ լռությունը» խմբակցությանը, մյուս երկու խմբակցություններից պատգամավորներ խոսել են այդ մասին և խոսում են: Մարդիկ, այդ թվում ես ակնկալում ենք, որ խորհրդարանն ի վերջո այս լռությունը կոտրի. և′ ինքը խոսի, և′ կառավարությանը պարտադրի, որպեսզի վերջնական լուծում տան այս հարցին այս անորոշությունը պարզելու համար: Ի վերջո, իրենց լռության արդյունքում տեսանք, որ բախումներ են հենակետերում տեղի ունենում, զինված խումբն է այնտեղ հայտնվել՝ պահնորդական խումբը»:
Ըստ Արման Ղարիբյանի՝ կառավարությունն ուղղակի դիտորդի դիրք է գրավել, իսկ խորհրդարանը մոռացել է, որ ինքը կառավարությանը վերահսկողն է: Երկուսն էլ դիտորդի դերում սպասում են, տեսնեն, թե «Լիդիան Արմենիա» և Հայաստանի ժողովուրդ պայքարում ով է հաղթելու, որպեսզի նրա կողմն անցնեն:
Արման Ղարիբյանն ասաց, որ հենց սա է պատճառը, որ ինքը անդադար կոչ է անում պատգամավորներին խոսել, հստակ դիրքորոշում հայտնել՝ ևս մեկ հանք բացվելուն իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ: Եվ եթե դեմ են, ապա որպես խորհրդարանական՝ ի՞նչ են անելու, որպեսզի թույլ չտան՝ կառավարությունը նման բան անի:
Կարդացեք նաև
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիրից հետաքրքրվեցինք՝ այս պահին Ամուլսարում ի՞նչ իրավիճակ է: Նա հայտնեց, որ այնտեղ չէ, սակայն տեղեկություններ ունի, որ հարաբերական անդորր է. մարդիկ սպասում են, տեսնեն, թե կառավարությունն ինչ է անելու: Արման Ղարիբյանի ձևակերպմամբ՝ մարդիկ, այսպես ասած, սպասում են Նիկոլ Փաշինյանի քայլին:
Ակտիվիստի հետ զրույցում հիշեցրինք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ է տարածել, որում մեղադրում է նրանց երկրի միջազգային վարկանիշը գցելու, երկրի ապագայի հաշվին խաղ ու պար անելու մեջ: Փաստեցինք՝ այս տեսանյութում մարդիկ սոցիալական խնդիրներն են առաջ քաշում և կողմ արտահայտվում հանքի շահագործմանը:
Արման Ղարիբյանն արձագանքեց. «Սոցիալական խնդիրները մեր երկրում նոր չեն և բնավ մոտ չեն լուծվելուն: Եվ մեկ հանք բացելով՝ այնպես չէ, որ երկրի սոցիալական խնդիրները լուծվելու են: Իրականում այդ հանքը չի էլ բացվել: Իրենք նախապատրաստական աշխատանքներ են տարել, բայց բուն հանքի շահագործում տեղի չի ունեցել: Այնպես որ, մարդիկ ինչպես ապրել են մինչ այդ՝ որևէ տարբերակով խնդիրը լուծելով, հիմա էլ բոլոր նրանք՝ նույն Ջերմուկի տարածքի բազմաթիվ բնակիչներ, շարունակում են ապրել: Ջերմուկը նաև զբոսաշրջային, առողջարանային բացառիկ կենտրոն է Հայաստանում, և իրականում այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ ներգրավված են հենց տուրիզմի ոլորտի աշխատանքներում: Այսինքն, եթե այս կառավարությունը սրտացավ է մարդկանց սոցիալական խնդիրները լուծել, ապա կարող է էլ ավելի զարգացնել Ջերմուկում և հարակից համայնքներում տուրիզմը: Մանավանդ COVID-19-ից հետո, երբ սահմանները բացվեն, կարելի է շատ արագ այդ խնդիրը լուծել հենց տուրիզմը զարգացնելու շնորհիվ: Դա կլինի ավելի կայուն, ավելի բնապահպանական առումով անվտանգ և նաև տնտեսական առումով կայուն: Ի վերջո, հանքը շահագործում ես, և մի օր այդ պաշարները սպառվում են: Հանքակերները հեռանում են միլիարդներով՝ բնակչությանը թողնելով ավերված բնությունը: Իսկ կայուն առողջարանային և բնության վրա հիմնված տուրիզմը կարող է անդադար ուղղակի եկամուտներ բերել թե′ բնակիչներին, թե′ երկրի բյուջեին: Այնպես որ, դա պարզ մանիպուլյացիա է: Բնականաբար, կան ինչ-որ մարդիկ, որոնք կողմ են` արագ գնան, հանքում շատ ստորացուցիչ պայմաններում աշխատելով՝ գումար վաստակեն և ինչ-որ հարցեր լուծեն: Բայց դա չի նշանակում, որ այդ մի քանի կամ մի քանի տասնյակ հարյուրավոր մարդկանց պահանջը բավարարելու համար պիտի դիմենք այնպիսի քայլի, որը ավերելու է մեր բնությունը»:
Արման Ղարիբյանը նշեց՝ համայնքում դեռ ոչ ոք հանրաքվե չի անցկացրել, որ հասկանանք՝ մեծամասնությունը կո՞ղմ է, թե դեմ: Նա հայտնեց, որ ջերմուկցիները ստորագրահավաք են արել, Ջերմուկի ավագանին էլ է հաստատել, որ իրենք դեմ են հանքի շահագործմանը: Մոտ երեք հազար ստորագրություն է հավաքվել հանքի դեմ հանդես եկող: Արման Ղարիբյանի պնդմամբ՝ ակնհայտ է, թե քանի մարդ է դուրս գալիս հանքի շահագործմանը դեմ ցույցերի և քանի մարդ է հավաքվում կառավարության շենքի դիմաց, որոնք խնդրում են հանքը բացել: Ըստ նրա՝ անզեն աչքով ակնհայտ է, որ մեծամասնությունը դեմ է հանքին. «Նույնիսկ, եթե մեծամասնությունը դեմ չլինի հանքի շահագործմանը, կառավարությունը պետք է առաջնորդվի մեր ազգային, պետական շահով: Եվ նաև հաշվի առնի՝ մեր քաղցրահամ ջրերի ավազանը վտանգելը որքանո՞վ է բխում մեր շահերից, նույնիսկ, եթե մեծամասնությունն ասի, որ մենք ուզում են հանքը բացել: Չէ՞ որ միշտ չէ, որ մեծամասնությունն է ճիշտ: Միշտ պետք է առաջնորդվել մարդու իրավունքներով և պետական շահի գերակայությամբ»:
Արման Ղարիբյանն ասաց, որ այժմ ապակենտրոն պայքարի միտումներ է տեսնում. սկզբում գործողությունները կենտրոնացած էին Ամուլսարի շրջակայքում, հետո տեղափոխվեցին նաև Երևան, ցանկալի է նաև Երևանում և Երևանից դուրս լինեն ապակենտրոն գործողություններ: Այսինքն՝ մարդկանց խմբեր իրենց բողոքն արտահայտեն՝ հասարակական ճնշում գործադրելով որոշում կայացնողների վրա:
Ակտիվիստը նաև նշեց, որ իրենք չեն կարող անդադար վերահսկել, որ տարբեր քաղաքական միավորներ՝ հատկապես նախկին ուժեր, միավորներ չհավաքեն Ամուլսարի շուրջ տեղի ունեցող գործողություններից ու մանրամասնեց. «Նույն ջերմուկցիները չեն կարող անդադար վերահսկել կամ անդադար զտել, թե որ լրատվամիջոցին հարցազրույց տան, որին՝ ոչ: Իրականում մեր ֆունկցիան չէ անդադար այս իշխանության թիկունքին լինելը և իրենց նախկինների հարվածներից, հարձակումներից պաշտպանելը: Տևական ժամանակ այդպես եղել է: Մարդիկ շատ զգուշորեն էին մոտենում, որ որևէ նախկին իշխանության ներկայացուցիչ չկարողանա այս իշխանության դեմ այդ թեման շահարկել, որևէ նախկին իշխանության պատկանող լրատվամիջոց չկարողանար դարձյալ շահարկել, բայց դա անվերջ տևել չի կարող, մանավանդ, երբ պայքարող մարդիկ տեսնում են, որ «Լիդիան Արմենիային» և ՀՀ կառավարությանը սատարողները համացանցում անդադար իրենց վիրավորում ու հայհոյում են: Դու չես կարող անդադար հարվածներ ստանալ մի կողմից, բայց շարունակաբար նրանց թիկունքում լինել: Իրենք դա պիտի հասկանան: Ես ինքս էլ չեմ պատրաստվում որևէ մեկին արգելել միավորներ հավաքել այս պայքարից: Դա կառավարությունն է թույլ տալիս և խորհրդարանը: Իրենք իրենց երկարատև լռությունով և ջայլամային քաղաքականությամբ մեծ դաշտ են բացում, որպեսզի որոշ մարդիկ շահադիտական մղումներով իրենց դեմ միավորներ հավաքեն: Կարծում եմ մյուսներն էլ չեն կարող դա վերահսկել և ցանկություն էլ չունեն, քանի որ տեսնում են իրենց լռությունը, երբ իրենց նախկին պայքարակից ընկերների նկատմամբ բռնություն է կիրառվում, երբ համացանցում համատարած վիրավորանք, զրպարտանք են տարածում, բայց այդ մարդկանց լռությունը տեսնելով՝ ես նպատակ չունեմ իրենց հակառակորդների համար զսպող օղակ լինել և նրանց խանգարել այսպես ասած՝ միավորներ հավաքելուց: Եթե հավաքում են, իրենց խնդիրն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից