Բելառուսում ձերբակալվել է նախագահի ընդդիմադիր թեկնածուներից Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի կամավոր Լեւոն Խալաթրյանը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: «Ցավոք, այսօր իմացա, որ ձերբակալվել է իմ մտերիմ ընկեր, կամավոր Լեւոն Խալաթրյանը»,-սոցցանցի իր էջում հայտնել է Լեւոնի ընկերը՝ Բելառուսի երիտասարդական հայ համայնքի նախկին ղեկավար Գեորգի Կեւորկովը: Նա նշել է, որ ձերբակալման մանրամասների մասին քիչ բան է հայտնի:
Տեղեկացնենք, որ ըստ Բաբարիկոյի նախընտրական շտաբի իրավաբանի՝ իրենց հինգ կամավորները, այդ թվում՝ Խալաթրյանը, ձերբակալվել են զանգվածային անկարգությունների գործով, նրանց տեսակցել առայժմ հնարավոր չէ:
Այսօր տեղեկացրել էինք, որ Բելառուսի քննչական կոմիտեն ցուցարարների գործողություններն ուղղորդված է համարում:
Կեւորկովը նաեւ հույս է հայտնել, որ Լեւոնի անմեղությունը հնարավոր կլինի ապացուցել: «Մենք նրանք միայնակ չենք թողնի: Լեւոնը Բելառուսի հայ համայնքի ակտիվ անդամներից է, եղել է երիտթեւի ղեկավար, կազմակերպել շատ կարեւոր միջոցառումներ»,-գրել է նա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ օրերս Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում: Երկրում զանգվածային ցույցեր են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ