Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվելու էր մանկասպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանի գործով դատավարությունը։ Սակայն այն չկայացավ դատախազ Արտյոմ Ավետիսյանի հիվանդ լինելու պատճառով․ դատարանից տեղեկացանք, որ նա հիվանդացել է կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ այս դեպքը ցնցել էր բոլորին․ գյումրեցի 20-ամյա Անի Մինասյանը մեղադրվում է իր մեկ տարեկան աղջկան աղբանոց նետելու ու նրան սպանելու մեջ։
Ըստ քրգործի․ «Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է»։
Դատարանում արդեն իսկ վկայություն են տվել ամբաստանյալի ամուսինը, սկեսրայրն ու սկեսուրը, աղբատարի վարորդ Հովհաննես Գալոյանը, որը պատմել է, թե աղբ հավաքողները երեխային աղբանոցից հանել, կողքի էին դրել։ Երեխային աղբը դատարկելիս էին տեսել, հագին տակդիր էր, գանգուր մազերով, երեխայի ոտքերը, ձեռքերը սկոթչած էին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ