Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալլա Սահակյան. «Երբ մարդ շնորհակալ է լինում, շնորհ է վերցնում» (տեսանյութ)

Օգոստոս 13,2020 16:27

Երգչուհի, դերասանուհի, հագուստի մոդելավորող Ալլա Սահակյանը, որի հետ զրուցել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում այսօր արդեն ժպիտով է հիշում, թե ինչպես էր երեխա ժամանակվանից մասնակցում թատերական, ասմունքի, ասեղնագործության եւ գորգագործության խմբակների, թեեւ տնտեսագիտական վարժարանում էր սովորում, եւ հայրը ցանկանում էր դստերն անպայման տնտեսագետ տեսնել:

Ասում է ՝ թատերական խմբակում իրեն ոգեւորում էր Արեւ Սանթրոսյանը, իսկ ուսուցիչներից մեկը պահանջում էր՝ թատրոնը թողնել ու երկրաչափությամբ զբաղվել:

«Շատ ճակատագրական դերակատարություն է ունեցել իմ կյանքում Սոֆիկ Սարգսյանը…Մի օր Վահան Թեքեյանի անվան դպրոցի դիմաց գտնվող այգում տխուր նստած էի, երբ Սոֆիկը մոտեցավ ու հարցրեց, թե ինչու եմ տխուր: Ասացի, որ մերոնք պնդում են՝ տնտեսագիտական ընդունվել, բայց ես թատերական եմ ուզում, ու հիմա չգիտեմ՝ ինչ անել, այս տարի էլ թատերականում մեծ մրցույթ կա, հայոց լեզուն էլ մրցութային առարկա է դարձել…

Սոֆիկ Սարգսյանն այդ պահին ինձ ասես բարձրացրեց աստղերին, ասաց, որ ոչ մի բանի մասին չպետք է մտածեմ ու լավ պարապեմ: Իր եւ ամուսնու ողջ գրադարանը, որը ոչ մեկին չէր տրամադրում, ինձ վստահեց, ամբողջը տոպրակներով բերեցի տուն ու կարդացի՝ գրքեր, ալբոմներ, հոդվածներ…Այնպես պատրաստվեցի, որ հնարավոր չէր «կտրվել»: Ինչ հարց տային՝ արվեստի պատմությունից, գրականությունից, թատրոնից, բոլորի պատասխաններն ունեի»,-ասում է Ալլա Սահակյանը: Հավելում է, որ ի վերջո, հայրն ասել էր՝ ոչինչ, այս տարի փորձիր թատերական, «կկտրվես», մյուս տարի տնտեսագիտական կընդունվես, բայց ինքն ընդունվում է թատերական՝ երեք 20 միավորով:

«Ամեն անգամ, երբ 20 էի ստանում, Ռազմիկ Դավոյանն ասում էր՝ ո՞ւր է այն վարդագույն շորերով աղջիկը…»,-հիշում է մեր զրուցակիցը, որ սովորել է Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսում: Հաճույքով է հիշում վարպետին, ասում է՝ նա շատ օգնել է, որպեսզի իրենք նաեւ որպես մտածող դերասան ձեւավորվեն ու լավ քաղաքացի. «Քեզ այնպիսի խնդրի մեջ էր դնում, որ ինքդ կարողանում էիր քեզ «բացել», ոչ մի շտամպային բան չէր տալիս…Շատ բաներ կան՝ բեմի, խոսքի հետ կապված, մատի ժեստից սկսած՝ «ասեղնագործած» պետք է ցույց տայիր, որ գոհ մնար…Այսօր էլ, երբ խաղում ենք, նոր կերպար ենք անում, մտածում եմ, թե Սոս Սարգսյանն ինչ կասեր…Հիշում եմ իր արտահայտությունները՝ երբ բեմադրվում էր «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը», մի տեսարանում պետք է քահ-քահ ծիծաղեինք, ասում էր՝ այստեղ Հոմերոսյան ծիծաղ պետք է լինի, պետք է քառատվեք…Ինքը նաեւ սովորեցնում էր սիրել երկիրդ, ասում էր ՝ արվեստը պետք է լինի ճաշակով…Սոս Սարգսյանի խոսքերը այսօրվա եւ վաղվա խոսքերն են, դրանք շատ արդիական են…»:

Ալլա Սահակյանի առաջին լուրջ դերը թատրոնում եղել է Նինուչան («Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»), իսկ մինչ այդ երկրորդ կուրսից թատրոնում արդեն խաղում էին, որովհետեւ Ջեմմա Մարտիրոսյանը, Սոս Սարգսյանը եւ Դավիթ Հակոբյանը իրենց ընդգրկում էին ներկայացումներում, իսկ կուրսային՝ «Բաղնիսի բողչա», «Շխոնց Միհրան» ներկայացումները թատրոնի խաղացանկում էին, դրանցով նաեւ հյուրախաղերի են մեկնել: Դերասանուհին թվարկում է այն բոլոր մարդկանց, որոնք գնահատել են իր տաղանդը եւ թեւ տվել, ի թիվս այլոց, նրանց մեջ են՝ Դավիթ Հակոբյանը, Ջեմմա Մարտիրոսյանը, Հրաչյա Գասպարյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Նելլի Փիրումովնան, Նարինե Գրիգորյանը… Էական է ամուսնու՝ ճանաչված ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանի դերակատարությունը:

Մեր հարցին՝ հիմա ավելի շատ երգչուհի՞ է, թե՞ դերասանուհի, Ալլա Սահակյանը պատասխանում է՝ երկուսն էլ հավասարաչափ սիրելի են, ինքը եւ թատերական ինստիտուտն է ավարտել, եւ կոնսերվատորիան. «Ես միշտ կողմ եմ եղել, որ ամեն ինչը լրջությամբ ուսումնասիրվի, ուղղակի վոկալի դասեր չեմ վերցրել ու հայտարարել, թե երգչուհի եմ: Ես սովորել եմ կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում:

Օպերային ժանրն ինձ համար չափազանց սիրելի է, այն շատ բարձր եմ գնահատում, բայց կոնսերվատորիան ավարտելու տարիներից սկսած՝ ջազի հանդեպ թուլություն ունեի: Հետո սկսեցի փոքրիկ կատարումներ ձայնագրել, ավելի ուշ՝ Գարիի հետ ծանոթանալուց հետո այդ ամենն ավելի ամրացավ: Գարին իմ մեջ սիրեց դասական ջազի հանդեպ մաներայնությունն ու հետաքրքիր կատարողականությունը, որը լրացվում է իմ դերասանական արտահայտամիջոցներով: Նա դա շատ գնահատեց, ասաց, որ պետք է խորացնեմ: Ես ոգեւորվեցի ու մենք սկսեցինք պարապել:

Մի խոսքով, երկուսն էլ զուգահեռ գնում են, եւ հետո դերասանը պետք է բազմապրոֆիլ լինի, պետք է եւ պարի, եւ երգի: Այդ իմաստով լավագույն փորձառությունը եղավ Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Երեք գրոշանոց օպերայում», որն ափսոս ինչ-ինչ պատճառներով կարճ կյանք ունեցավ: Դա շատ կարեւոր փուլ էր, որտեղ իմ երկու մասնագիտությունները ներդաշնակեցի»:

Կորոնավիրուսային շրջանը Ալլա Սահակյանի համար դատարկ չի անցել: Նա հեքիաթներ է կարդացել եւ ձայնագրել երեխաների համար, այժմ ֆեյսբուքում «Լուսատու» էջ կա, ասում է՝ ինքն էլ փոքրիկ ունի, եւ գիտի, թե ինչ կարեւոր է երեխաներին ոգեւորելը՝ հատկապես այս շրջանում, երբ նրանք կտրված են թատրոնից ու այն բոլոր վայրերից, որտեղ զբաղվում էին:

«Տասից ավելի ներկայացում պիտի խաղայինք, եւ մի չորս համերգ ունեինք Գարիի հետ, չեք պատկերացնի,թե ինչ ահավոր է, որ դու ռիթմի մեջ լինելով՝ մեկ էլ պարզում ես, որ անկախ քո կամքից այդ բոլորը պետք է ընդհատես»,- նշում է մեր զրուցակիցը: Հավելում է, որ ընտրել է այնպիսի հեքիաթներ, որոնք քիչ լսված լինեն, փորձել է դրանք մատուցել այնպես, որ երեխաներին իմաստուն խոսքը մատչելի լինի, այժմ նաեւ կարողանում է մոնտաժել հեռախոսով, անիմացիաներ է հավելում, զուգորդում գեղեցիկ երաժշտությամբ: Այդ բոլորը սովորել է կարանտինային շրջանում:

Իսկ իր էջում արվեստագետների մասին տեսանյութեր է տեղադրում, ասում է՝ փորձում է հայտնի մարդկանց այլ անկյունից ներկայացնել՝ Մինասին, Բաժբեուկ-Մելիքյանին, Բաշինջաղյանին. «Արվեստագետներն այնքան անսահման են, որ միշտ բացահայտելու բաներ կան, այդպես էլ Այվազովսկին է, որին նույնպես սկսել եմ ուսումնասիրել: Ուզում եմ մարդկանց հետաքրքիր ինֆորմացիա տրամադրել, որ ոգեւորվեն, չընկճվեն, լավատեսությամբ զինվեն, այնքան կարեւոր է՝ մեկս մյուսին լույս տալը: Լուսատու էջն էլ այդպես ծնվեց, որը յութուբում էլ կա: Ես ուրախ եմ, որ այդպիսի մի բան եմ անում իմ ցանկությամբ, իմ հեռախոսով, ոչ մեկ ինձ դրա համար չի վարձատրում…Ես պարզապես ուզում եմ, որ երեխաները բարի էներգիայով բաներ դիտեն ու լսեն, ոչ թե տագնապային երաժշտություն ու մուլտեր»:

Ալլա Սահակյանը չի բացառում, որ մի օր կարող է գիրք գրել, որովհետեւ էներգիայի կուտակումներն ի վերջո նաեւ դրան են տանելու: Մինչեւ դստեր՝ Մարիայի ծնվելը հեքիաթներ է գրել, մտածում է, որ կհասունանա այն պահը, որ մի օր գիրք գրի:

Արվեստագետն ասում է, որ երբեք փոխզիջման չի գնա ճաշակի առումով, չի մասնակցի իրեն եւ ընտանիքին պատիվ չբերող նախագծերի՝ էժան ձեւերով ճանաչում ձեռք բերելու համար: Այլ է՝ ակտիվ լինելը կինոյում, թատրոնում, հեռուստատեսային նախածերում, որոնց պարագայում նշաձողը պետք է բարձր լինի:

Ալլա Սահակյանն իրեն հաջողակ մարդ է համարում: Վկայակոչելով մի գերմանական հեքիաթ, ժպտալով ասում է՝ քանի մարդկանց բախտը բերում է, դա վերագրում են ճարպկությանը, իսկ անհաջողության դեպքում մեղադրում՝ մյուսներին, բայց ոչ՝ իրենք իրենց: Ընդգծում է՝ որ մարդ ծնվել է, արդեն իսկ հաջողություն է, հետեւաբար պետք է իմաստություն խնդրել աստծուց, որպեսզի իմանալ, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները ընտանիքի, շրջապատի եւ գործընկերների հետ, ինչպես վարվել նոր գործ նախաձեռնելիս: Ամենակարեւորը, Ալլա Սահակյանն իրեն երախտագետ մարդ է համարում, չի զլանում շնորհակալություն հայտնել ամեն՝ թեկուզ չնչին իսկ հաջողության համար: Ասում է՝ երբ մարդ շնորհակալ է լինում, շնորհ է վերցնում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ալլա Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31