Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը մտահոգված է՝ անհավասար պայմաններ են ստեղծվել մեղադրող կողմի և պաշտպանական կողմի համար: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս առիթով նա մանրամասնեց. «Նախագահող դատավորն օգոստոսի 23-ին պետք է գնա թոշակի: Ստացվել է, որ այս երեք տարվա մեջ մեղադրող կողմը հնարավորություն է ունեցել իր ապացույցները ներկայացնել, մեզ համար ապացույցների ներկայացման համար տրվել ու է լավագույն դեպքում մեկ դատական նիստ: Հակառակ դեպքում դատարանը չի հասցնի ավարտել, նոր դատավոր պիտի նշանակվի, գործը նոր քննության կուղարկի»:
Ըստ մեղադրանքի՝ «Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է` մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն. «Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար»: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության գույքը փչացել է նրանից, որ քաղաքացիները քարերով խփել են մահակներին:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ այսօր դատախազությունն ամեն կերպ փորձում է հետաձգել այս գործի ավարտը և այն ուղարկել նոր քննության: Նա պարզաբանեց. «Ակնհայտ է, որ դատախազությունը տապալել է այս գործը: Եթե գործը հիմա ամփոփվի, ի հայտ է գալու, որ սա եղել է շինծու գործ: Այդ ֆոնի վրա ինչպե՞ս պետք է «Սասնա ծռերի» մեղադրանքը արտասանեն, իսկ մյուս տեղում հայտարարեն, որ շինծու գործ են հարուցել: Դատախազությունը պահպանում է նախորդ ռեժիմի իրավահաջորդությունը և այս գործերում ղեկավարվում է այն կանխավարկածով, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, որ Սերժ Սարգսյանը պարզապես հոգնել է պաշտոնավարումից և հրաժարական տվել: Եվ այս բոլոր գործերը շարունակվում են այնպես, ինչպես կշարունակվեին Սերժ Սարգսյանի օրոք: Բոլորին պարզ է, որ դատախազությունը պատվեր է կատարում. այն կատարում է շատ վատ»:
Նա տեղեկացրեց, որ քննության սկզբից իր պաշտպանները՝ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, առաջարկում էին պաշտպանությանը կից կոնսերվատիվ մոտեցում, որ ոչ մի ցուցմունք ու ապացույց չես ներկայացնում: Այս առիթով Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Եթե ես այդ խորհուրդներով շարժվեի, հիմա բանտում կլինեի: Պարզվում է՝ այդ փաստաբանները կարծես թե Վլադիմիր Գասպարյանի երկրպագուները դարձան: Իսկ Կարեն Մեժլումյանի հետ առաջին իսկ օրվանից ակտիվ պաշտպանություն եղավ: Մենք ներգրավեցինք վկաների, լրագրողների, որոնք մասնակցում էին: Նրանք արդարացի ճշմարիտ ցուցմունքներ տվեցին, որոնք բավարար էին, որ այդ գործը դեռ 2016-2017-ին կարճվեր: Նաև իրենց ցուցմունքները հաստատվեցին տեսագրություններով: Դրանք վկայում են, որ առհասարակ չեն եղել Սարի թաղում զանգվածային անկարգություններ, այլ ոստիկանությունը ցրել է այդ ցույցը և առհասարակ դուրս է եկել օրենքով սահմանված իրենց պատվիրված լիազորությունների շրջանակներից»:
Կարդացեք նաև
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ նախնական քննության ժամանակ իրենց համար պարզ էր, որ շինծու գործի ֆաբրիկացիա է տեղի ունենում: Նա ասաց. «Մեկ քննիչը նույն ցուցմունքը ութ անգամ կրկնում է. փոխում է վկաների անունները: Սա հնարավոր է միայն անպատժելիության այն աստիճանի դեպքում, որ այն անհամատեղելի է առհասարակ քննչական մարմինների աշխատանքի որևէ չափանիշների հետ: Լկտիությունը հասել է նրան, որ ակնհայտորեն կեղծված ապացույց՝ ոստիկանության մահակները, որոնք ակնհայտ է, որ 8 տարվա ընթացքում շահագործվել են, հասկանալի ու տեսանելի է, որ այն երկարատև օգտագործման արդյունքում են մաշվել, չամաչեցին դատարանի առաջ դնել ու պնդել, որ այդ գույքը քաղաքացիների կողմից է վնասվել»:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց՝ այս գործն ի սկզբանե Արթուր Դավթյանի անձնական պատասխանատվության ներքո է գտնվել, և նա անձնական պատասխանատվություն պիտի կրի այս գործի տապալման դեպքում. «Նա հայտարարել է նաև ԱԺ-ում, որ Անդրիաս Ղուկասյանն այդ գործողությունները կատարել է: Ինքը պետք է պատասխան տա: Իր անձնական հարցն է դարձել: Այս դեպքում այդ ժամանակահատվածը անձնական պատասխան տալու փորձում է երկարաձգել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ լրագրողները, օպերատորները, Եղիշե Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը սկսեցին ցուցմունք տալ»:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այս ամենը վկայում է՝ կա, եղել է և շարունակում է գործել քաղաքական պատվեր: Նա ասաց. «Այդ պատվերի շրջանակներում դատախազությունը շարունակում է գործել և «Սասնա ծռերի» գործի մասով և իմ դեմ քրեական հետապնդման մասով. «Դատախազությունը շարունակում է կատարել այն պատվերը, որը տվել էր Սերժ Սարգսյանը: Եթե դատախազությունն իրականացնում է այս քաղաքականությունը բաց ու անկաշկանդ, եթե փաստեր կեղծողներն անպատիժ ու խիզախ են, որ իրենց գլխի վրայից մազ չի ընկնի, առաջանում է քաղաքական հովանավորչությունը: «Իմ քայլը» ցանկանում է, թե՝ ոչ, այսօր պատասխանատվությունն իրենն է, քանի որ իրենից է կախված՝ գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավորել, թե՝ ոչ: Եթե «Իմ քայլը» չի օգտվում իր՝ սահմանադրական իրավունքից՝ անվստահություն հայտնել գլխավոր դատախազին, դա նշանակում է, որ հովանավորում է»:
Ըստ Կարեն Մեժլումյանի՝ եթե դատախազությունը մեղադրանքից հրաժարվի, դա ավելի ազնիվ կլինի: Փաստաբանը զգուշացրեց՝ հակառակ դեպքում բաժակը լցվում է. ինչքան կուշանա պատասխան տալու ժամկետը, այնքան ավելի ծանր կլինի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի