Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ և քսանչորսերորդ միջոցառումները:
23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Միջոցառմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշման նախագիծը բավականին երկար ժամանակ ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է կառավարությունում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտը մեծ վնասներ է կրել, և կառավարությունն այս ձևով փորձում է աջակցել, որպեսզի այդ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգնումը՝ մոտավոր ժամկետը 2021 թ. ապրիլն է: «Այստեղ վիճահարույց մի քանի հարցեր են եղել: Առաջինը եղել է հետևյալ հարցադրումը, որ այսօր, օրինակ, մարզերում այդ հյուրատները, հյուրանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, մյուս պարագայում՝ Երևանում գրեթե զրոյական է: Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ես այս մտահոգությունը, քանի որ ենթադրում եմ որոշման ընդունումից հետո էլ այդպիսի շեշտադրումներ կլինեն, ուզում եմ արձանագրել: Ըստ էության, մենք այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Եթե, օրինակ` մարզային որևէ մի այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, ունի շահույթ, հաճախորդներ, ապա այս աջակցությունը կօգնի վերջինիս, ասենք, մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել, իսկ վատ վիճակում գտնվողներին կօգնի աշխատատեղերը պահպանել: Այսինքն՝ իրականում այս աջակցության վերջանական շահառուները ոլորտի աշխատողներն են, որոնց մենք, այսպիսով` օգնում ենք աշխատատեղերը պահպանելու հարցում:
Կարդացեք նաև
Նաև այսպիսի մի տրամաբանություն կար, թե կան բիզնեսներ, ոլորտի ընկերություններ, որոնք այս ընթացքում այդքան էլ շատ չեն տուժել և կան, որ շատ են տուժել: Եվ ինչքանով է ճիշտ շատ և քիչ տուժածներին նույն չափ օգնել: Այստեղ էլ մենք հետևյալ փաստարկն ունենք, որ հնարավոր է՝ կան ոլորտի ընկերություններ, ովքեր ստեղծագործական և ստեղծարար ինչ-որ ծրագրերով կարողացել են այս ճգնաժամի պայմաններում ավելի լավ վիճակում գտնվել, քան մյուսները, որոնք այդքան ստեղծագործաբար չեն մոտեցել խնդրին: Եթե մենք միայն շատ տուժածի չափանիշը դնենք, կստացվի, որ ստեղծարար բիզնեսին մենք ասում ենք՝ քանի որ դու ստեղծարար ես, մենք չենք ուզում քեզ աջակցել, իսկ մյուսը, որ պակաս ստեղծարար է, նրան կաջակցենք, ինչը մեր տրամաբանությունից դուրս է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ առաջարկը, ըստ վարչապետի, եղել է զրկել այս աջակցությունից այն ընկերություններին, որոնք տեսչական մարմինների ստուգումներով պարզվում է հակահամաճարակային կանոնները չեն պահպանում: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պետք է լծակ ունենանք դուրս թողնելու ծրագրից այն ընկերություններին, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն այդ հակահամաճարակային կանոնները: Շատ կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական: Այս աջակցության ծրագրով մենք օգնում ենք, որպեսզի այդ բիզնեսը շարունակի գոյություն ունենալ, բայց ճիշտ չի լինի, եթե այդ բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բիզնեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ճգնաժամը, որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է դառնա. «Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտալ: ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է: Շատ կոնկրետ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը: «Երբ խոսում ենք հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջ գնալ գործընկերության նոր որակ և մակարդակ ապահովելու ուղղությամբ:
24-րդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ: Արդյունքում՝ խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։ 2020 թ-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը կտրամադրվեն, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս պարագայում էլ ի վերջո աջակցման միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները. «Այսպիսով` աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ են ապահովում, նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այս տարի խաղողի մթերումը լիարժեք իրականացնելու համար»:
Վարչապետն անդրադարձել է կառավարության նախկինում ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումներին և նշել. «Երեկվա դրությամբ շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ: Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսությանը, բիզնեսին և մի քանի այլ ոլորտների: Իհարկե, մենք այստեղ նաև ծրագրերին աջակցել ենք նաև այնքանով, որ սուբսիդավորել ենք մի շարք բազմաթիվ ծրագրերով, ներառյալ՝ կրթական: Եվ տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ է տրամադրվել բիզնեսին: Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»:
Կառավարությունը նախատեսում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը
Կառավարությունն ընդունել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ այդմ` առաջարկվում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի մասնավորեցմամբ: Հիմնավորման համաձայն՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով 2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 166 անձանց տրամադրվել են բնակարաններ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման համաձայն բնակարանները տրամադրվում էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, որի համաձայն տվյալ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության: Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այն կետին, որով նախատեսվում էր նաև բնակարանի մասնավորեցման հնարավորություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթացուցակում ներառված և բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար նախատեսվում է բնակարանային խնդիրները լուծել բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Ընդ որում, այդ նորմը տարածվում է նաև մանկատների 2014-2019թթ. շրջանավարտների վրա: Բնակարանի գնման վկայագրով հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք ներկայումս հայտնվել են անհավասար պայմաններում: 2003-2015թթ. մանկատան 166 շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծվել է 10 տարվա անհատույց վարձակալության պայմանագրի միջոցով, իսկ ներկայումս մանկատան շրջանավարտներին բնակարանները տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով: Միանման մոտեցման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին առաջարկվում է տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004թթ, այսինքն` մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության և այդ շենքերն անհատույց օգտագործման պայմանագրով զբաղեցրած անձինք իրենց դերակատարումը չունեն շենքերի այդ վիճակում հայտնվելու հարցում:
Քննարկվող թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի կարևորությունը: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առումով պետք է ճշգրտել կառավարության ռազմավարությունները և գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է: Մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, բայց իրականում արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն: Մենք կարող ենք 5-10 տարի հետո գնալ և ուսումնասիրել այդ դեպքերը, տեսնել այդ մարդկանց հետ ի վերջո ինչ է տեղի ունեցել: Շատ քիչ դեպքեր, ցավոք, կտեսնենք, երբ մարդն այդ ճանապարհով ի վիճակի է եղել, կարողացել է իր բարեկեցությունը և իր երեխաների ապագան ինչ-որ ձևով ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այլ որոշումներ. արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԲԱԱՄ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու են բժշկական դիմակների արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել 219 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, 1 տարվա ընթացքում կստեղծվի 30-35 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7․2 մլրդ դրամ, որից 2․4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 219.8 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 11.3 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ն, որը ներմուծվող պահամաններն օգտագործելու է կենդանիների, ձկների, ընտանի թռչունների համար համակցված կերերի արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումքի և սարքավորումների ձեռքբերման համար իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 185 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ, որից 4.9 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը նախատեսվում է պահեստավորել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.9 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 1.1 մլրդ դրամ:
Գործադիրը բավարարել է նաև «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հայտերը՝ մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: 2001թ-ին հիմնադրված «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը Հայաստանում իրականացնում է Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ ծրագիրը, որի շրջանակում գործում է 4 բարձրակարգ հյուրանոց: Դրանցից մեկը Ծափաթաղ գյուղում է։ Ընկերության գործունեությունը նպաստել է Հայաստանում տուրիզմի զարգացմանը և դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի հանրապետության մի շարք համայնքներում։ Ծրագրի շրջանակում կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղում, որտեղ օգտագործվելու են ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ․ մասնավորապես՝ վերջին սերնդի երկերեսանի արևային վահանակներ և արևին հետևող վահանակների շարժական կրող կոնստրուկցիաներ, ինչպես նաև Huawei ընկերության արտադրության փոխակերպիչներ։ Տարեկան արտադրվելու է մոտ 12․739 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 308 մլն դրամի էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արդեն իսկ իրականացվել է 266 մլն դրամի ներդրում հողամասի և նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 386 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.2 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ` 250 հազ․դրամ միջին աշխատավարձով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ