Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները Նրանց բնակարաններն որպես հանրային գերակա շահ քանդվել են դեռեւս 2006 թվականին, մինչ օրս այս ընտանիքները ոչ բնակարան են ստացել, եւ ոչ էլ դրամական փոխհատուցում: Բնակիչներն ասում են՝ որոշները վարձով են ապրում, որոշներն էլ դրա հնարավորությունը չունեն՝ դրսերն են:
Ցույցի մասնակիցները շատ վրդովված էին խոսում, ասում էին՝ իրենց խնդիրը կառավարությունը չի ուզում լուծել, հանձնաժողով էին լուծել, անընդհատ նիստեր էին անում, ու խոստումներ տալիս, բայց ոչինչ էլ չեն անում:
«Ամեն հինգշաբթի գալիս ենք, էս դարդից ութ հոգի մահացել է, մենք էլ սրտի հիվանդ ենք դառել: Մարդ կա՝ անկողնուց հիվանդ-հիվանդ վեր է կացել ու եկել է ցույցի: Բա դուք խիղճ ունե՞ք»,-ասում էին բնակիչները:
Ցույցի մասնակիցները վստահեցնում էին՝ իրենց հասցեում նոր ներդրող էր հայտնվել, խոստացել էր՝ կառուցապատումից հետո իրենց այդ շենքում բնակարաններ կհատկացներ, սակայն քաղաքապետարանը շինթույլտվություն չի տվել, թույլատրել է միայն հինգ հարկանի շենք կառուցել, ինչը կառուցապատողին ձեռնտու չէր:
Կարդացեք նաև
«Արթուր Մեսչյանի մոտ էլ ենք եղել, ասել էր՝ շուտով կլուծենք: Յոթ ամիս է անցել, չի լուծվել: Քաղաքապետարանից ուղարկում են Նիկոլ Փաշինյանի մոտ, ինքն էլ՝ քաղաքապետարան »,-դժգոհում էին բնակիչները:
Ցույցի մասնակիցներից Անի Խուդավերդյանն էլ բավականանին վրդովված տոնով էր խոսում. «Մենք հրաժարվում են ՀՀ անձնագրից, մեկ է՝ չենք օգտվում, ո՞ւմ է պետք, մենակ նկար է խփած ու մեկ էլ թողնում եմ կառավարության անցակետում, բարձրանում վերեւ: Մենք պետության խաբվածներն ենք ոչ թե՝ անհատի, պետությունը պիտի մեր հարցը լուծի»:
Հաշմանդամություն ունեցող Շուշանիկ Վարդանյանն էլ էր ներկա ցույցին, նա դժվարությամբ էր խոսում, նրա փոխարեն Անի Խուդավերդյանն էր խնդիրը ներկայացնում, ասում էր՝ Շուշանիկը մի շարք դեղեր պետք է ստանա, բայց. «Հիվանդության թուղթը ձեռներս գնում ենք, ասում են՝ չունենք էս դեղից: Շուշանիկն այսօր մնալու է այստեղ: Զարուհի Բաթոյան, պարտավոր եք նրան օգնել, հատկացնել նրան հասանելիք բոլոր դեղերը»:
Շուշանիկ Վարդանյանը չմնաց կառավարության շենքի մոտ. Նրա ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով նրան ու որդուն տեղափոխեցին հիվանդանոց:
Բնակիչները կառավարությունից գրավոր պատասխան են պահանջում՝ այո կամ ոչ՝ բնակարան հատկացնել այլ հասցեում կամ՝ գումար:
Եկմալյանի բնակիչները քանի տարի է բողոքի ցույցեր են անում, սակայն նրանց խնդիրը ոչ նախկին իշխանության, ոչ էլ հեղափոխությունից հետո չի լուծվում: Բնակիչներն ասում էին. «Հեղափոխություն եղավ, ուրախացանք, մտածեցինք արդարություն կլինի, վերջապես մեր մասին էլ կմտածեն, բայց՝ չէ»: Այսօրվա ցույցի ժամանակ էլ կառավարության որեւէ ներկայացուցիչ ցույցի մասնակիցների հետ չհանդիպեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ