«Հարմարավե՞տ եք զգում պարգևավճարների ֆոնին և գտնու՞մ եք , որ այնքան տաժանակիր աշխատանք եք կատարել, որ արժանի եք այդ ամենին». այս հարցն այսօր «Արարատ» մամուլի ակումբում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին համացանցի միջոցով փոխանցել էր ՀՀ մի քաղաքացի:
Գևորգ Պապոյանն այսպես պատասխանեց հարցին. «Այն ժամանակ, երբ խնդիր էր առաջացել և մենք պետք է այդ գումարները չստանայինք, որովհետև պետությունը 3 միլիոն դրամից ավելի գումար էր տալիս քաղաքացիներին, մենք 4 ամիս շարունակ՝ մարտից-հունիս, մեր պարգևավճարները փոխանցել ենք Covid 19-ի դեմ պայքարի ֆոնդին, որտեղից որոշակի միջոցներ են տրամադրվել մեր հիվանդներին, պարգևատրվել են բուժաշխատողները, գնվել է պարեն, դեղամիջոցներ և այլն: Բոլոր այն դեպքերում պատգամավորներն առաջինն են նման բան արել»:
Իշխանական պատգամավորն անդրադարձավ առհասարակ պարգևավճարների թեմային՝ նշելով, որ խոսվում է 25 միլիարդ դրամ պարգևավճարների մասին, սակայն, ըստ նրա՝ դրանից ավելի քան 24 միլիարդը ստանում են պետական կառավարման համակարգի միջին օղակի աշխատողները՝ կրտսեր, ավագ, գլխավոր մասնագետները, բաժնի պետերը և դրա շատ փոքրիկ տոկոսն է հասնում բարձրաստիճան պաշտոնյաներին: «Այսինքն, ամեն ինչ համաչափ է բաշխվում, բայց, քանի որ մեծ մասը հենց քաղաքացիներն են, հետևաբար հենց նրանց է ուղղվում այս գումարը:
Նույնիսկ վարչապետն է նշել, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձը շատ ցածր է. մարդիկ աշխատել են պետական համակարգում, որովհետև կար կաշառք: Մենք կաշառքը հավասարեցրել կամ մոտեցրել ենք զրոյի և առաջացել է մասնագետների խնդիր. լավ մասնագետները չեն մնում պետական համակարգում, դրա համար պետք է նրանց եկամուտը բարձրացնել:
Կարդացեք նաև
Այո, մեր պետական համակարգում աշխատավարձերը բարձր չեն: Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետ և որակյալ մարդ ունենալու համար պետք է պատրաստ լինենք նրանց եկամուտները բարձրացնելուն»,- բացատրեց Գևորգ Պապոյանը:
Նույն քաղաքացին Գևորգ Պապոյանին հարց էր ուղղել նաև արտագնա աշխատանքի մեկնողների և Հայաստան մտնող տրանսֆերների մասին: Հարցի համատեքստում Գևորգ Պապոյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ շուտով Հայաստանը Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ բացելու հնարավորություն կունենա և մեր քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ աշխատելու: Ինչ վերաբերվում է Հայաստան եկող տրանսֆերներին, իշխանական պատգամավորի տվյալներով՝ վերջին տարիներին դրանք էականորեն նվազել էին, ուստի համավարակի արդյունքում նվազ տրանսֆերների մուտքից Հայաստան, Գևորգ Պապոյանի հավաստմամբ, մեր քաղաքացիները չտուժեցին:
Առհասարակ, իշխող խմբակցության պատգամավորի գնահատականներով՝ հետկորոնավիրուսային Հայաստանը տնտեսական առումով լավ վիճակում է, քանի որ գնաճը մեր երկրում, իր գնահատմամբ, 1-1,5 տոկոս է, մինչդեռ հարևան և եվրոպական երկրներում՝ տասնապատիկ անգամ ավելի:
Վկայակոչելով Վիճպետվարչության տվյալները՝ Գևորգ Պապոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2020թ. վեց ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսության անկումը 4 տոկոս է կազմել, իսկ եվրոպական և հարևան երկրներում տնտեսության անկումը հասել է մինչև 30 տոկոսի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ