«Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին արտահանման շուկաներում կորոնավիրուսի տարածումը ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության եւ գինեգործության ոլորտի կազմակերպությունների արդյունքների վրա»,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 24-րդ միջոցառումն, ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Միջոցառման նպատակն է աջակցել խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին:
«Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է վաճառքների ծավալների վրա: Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ թե արտահանման թվերի եւ, թե ներքին շուկայում իրացման ծավալները ավելի քան 30 տոկոսով անկում են արձանագրել, որոշ կազմակերպությունների մոտ ավելի մեծ անկումներ են արձանագրել: Այս ամենը ազդեցություն է թողել կազմակերպությունների վրա երկու առումով. նվազել են ընթացիկ դրամական եկամուտները, որովհետեւ նվազել է վաճառքը, եւ երկրորդ, այդ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետեւանքով բանկերն ավելի զգուշավոր են եւ դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոններն առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների որոշակի դեֆիցիտ, եւ դա այն ժամանակահատվածում, երբ առջեւում խաղողի մթերումներն են, իսկ այս տարի խաղողի բերքը ավելի բարձր է լինելու նախորդ մի քանի տարիների համեմատ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
24-րդ միջոցառմամբ նախատեսվում է խաղող մթերող կոնյակի եւ գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել սուբսիդավորվող վարկեր, կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսն ամբողջությամբ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ