«Հայաստանում սով պարզապես չի կարող լինել, դա հնարավոր չէ: Այս տարբերակը մենք չենք քննարկել նույնիսկ համավարակի տարածման ամենաբարդ օրերին, կամ սկզբնական շրջանում, երբ կար որոշակի խուճապ»,- այսօր «Արարատ» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողին հարցին կապված վերջերս հնչող ահազանգերի հետ, թե կորոնավիրուսի համավարակի արդյունքում կարող է սով սկսվել:
«Կապված մեր երկրի պատմական ամենաբարձր արտարժույթային պահուստային միջոցների, մեր երկրում մշակվող հողատարածքների, արտահանման մակարդակի, ներմուծման անխափանության, բեռնափոխադրումների՝ մեծ հաշվով անխափանության հետ՝ սով Հայաստանում հնարավոր չէ»,- ասաց իշխանական պատգամավորը՝ բերելով ամենապարզ օրինակը. «Մտահոգություն ունեինք, որ կարող են խնդիրներ առաջանալ գյուղմթերքի արտահանման հետ՝ հաշվի չառնենք Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների հետ կապված մանր դեպքը, սակայն նման խնդիր չունեցանք: Դեռ ավելին, գյուղմթերքն այսօր այնպիսի մեծ ծավալով է արտահանվում, որ մեր ներքին շուկայում առկա է մրգի, բանջարեղենի դեֆիցիտ, որը բերում է բարձր գների: Սովի հետ կապված որևէ խնդիր ու մտահոգություն չունենք, մեր ազգաբնակչությունն էլ չպիտի ունենա: Կա ևս մեկ կարևոր հանգամանք. Այս տարի գյուղատնտեսությունն աճ է արձանագրել՝ ի տարբերություն նախորդ տարիների: Սա պայմանավորված է նրանով, որ մեր շատ քաղաքացիներ բարեբախտաբար կամ ցավոք սրտի չկարողացան մեկնել և սկսեցին աշխատել մեր երկրում»:
Պատասխանելով գազի գնի թանկացման և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր անդրադարձերի մասին հարցին՝ իշխող խմբակցության պատգամավորը ասաց, որ գազի գինը ինչպես Հայաստանի, այնպես էլ շատ այլ երկրների դեպքում միայն տնտեսական գործոն չէ, այն նաև քաղաքական հարց է. «Ես կարծում եմ, որ գազը չպետք է լինի ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է իր գործընկերներին ԵԱՏՄ տարածքում: Առաջին հերթին, այն պետք է դիտարկվի որպես ռեսուրս, որի միջոցով Ռուսաստանը և իր գործընկերներ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը կկարողանան այնպիսի բարձր տնտեսական մակարդակի հասնել, որի շնորհիվ ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների տնտեսական գրավչությունը կավելանա: Գուցե 2025թ.-ին, գուցե ավելի շուտ կամ ուշ, միևնույն է, մենք գալու ենք գազի միասնական սակագնի, որովհետև դա այն կարևոր կետերից է, որը բերելու է ԵԱՏՄ-ի ընդհանուր մրցունակության և տնտեսական ու քաղաքական գրավչության ավելացմանը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ