Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը տուրիզմի ոլորտին էլ կաջակցի. ով կարող է օգտվել եւ ում չի հասնի աջակցությունը

Օգոստոս 13,2020 14:10

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ճգնաժամը մեծ վնաս է հասցրել հատկապես զբոսաշրջության ոլորտին ու նրա հետ առնչվող ծառայությունների բնագավառին։ Նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որն աջակցություն է տրամադրելու զբոսաշրջության ոլորտին։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին ամիսների տվյալները վկայում են, որ նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատված են ավելի քան երկու անգամ: Ըստ նրա, առաջացած ֆինանսական դժվարությունների հետեւանքով կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի դժվարությունների առաջ. «Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մի քանի քննարկումները պարզել են, որ այդ կազմակերպությունների համար ամենակարեւոր խնդիրներից մեկը աշխատատեղերի հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է։ Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի եւ աշխատատեղերի պահպանումն է եւ այդ աշխատատեղերի խթանումը»,-ասաց նախարարը։

Աջակցությունը կտրամադրվի կացության կազմակերպում իրականացնողներին՝ ներառյալ առողջարանները, հանրային սննդի կազմակերպումը, զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների գործունեությունը, տեղերի ամրագրում եւ զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ։

«Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից եւ ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։ Եթե կազմակերպությունը զբաղվում է միաժամանակ գործունեության մի քանի տեսակներով, ապա կարող է դառնալ միջոցառման շահառու, եթե եկամուտների կեսից ավելին ստացվել է թվարկված ոլորտում գործունեությունից։ Աջակցության տեւողությունը 2020 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի մարտ ամիսներն են»,ասաց պարոն Խաչատրյանը՝ նշելով, որ, եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն, աջակցության տրամադրումը կդադարեցվի։

Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատողի աշխատավարձի սուբսիդավորումն է, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում։

«Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանած են եղել իրենց աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը»,-նշեց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը հստակեցրեց՝ թե որ ոլորտի կազմակերպությունները չեն կարող օգտվել այս ծրագրից. «Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019 թվականին կառավարության որոշման արդյունքում ԱԱՀ 50 միլիոն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, բայց չնայած դրան կրճատել են աշխատակազմի կեսից ավելին։ Չեն կարող օգտվել նաեւ այն դեպքում, եթե կազմակերպությունը կատարել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում եւ այդ ակտը դարձել է անբողոքարկելի։ Դա խթանում է կարգապահությունը, մենք մեծապես շահագրգռված ենք, որ նրանք լինեն չափազանց բարձր կարգապահության դաշտում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31