Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Աղուզումցյանը՝ առցանց կրթության ու գործիքների մասին. «Երկրագունդը փոքրացել է»

Օգոստոս 13,2020 13:16

Վերջին ամիսներին աշխարհում կրթական հաստատություններն անցել են առցանց ուսուցման: Քեմբրիջի համալսարանն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ ամբողջությամբ անցնում է առցանց ուսուցման: Արդյոք պատրա՞ստ է դրան Հայաստանը, եւ ինչպես համատեղել անցյալի դրական փորձն ու ապագայի առցանց միտումները: «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց մամուլի ասուլիսին Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ թեմայի վերաբերյալ կարծիքները տարբեր են, շատ են ու հակասական, բայց ինքը կհայտնի իր տեսակետը՝ հոգեբանական զարգացման տեսանկյունից:

«Ընդհանրապես, գործիքները փոփոխվում են՝ տեխնիկայի եւ գիտության զարգացման հետ միաժամանակ, եթե նայենք վերջին հարյուր-երկու հարյուր տարվա կտրվածքով, տեխնիկայի զարգացումը բերեց մարդկային գործունեության ու մարդկային կյանքի փոփոխությունների, օրինակ` մինչև ինքնաթիռ ստեղծելը մարդիկ տեղափոխվում էին ձիերով, հետո գնացքով, ապա՝ ինքնաթիռով, եւ երկրագունդը փոքրացավ այդ ամենի արդյունքում: Կարելի է մի քանի ժամում աշխարհի մի ծայրից մյուսը հասնել:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում եւ դեռ արագանալու են: Միշտ չէ, որ մարդը կարողանում է հասնել փոփոխման տեմպերին, եւ ստացվում է հետեւյալը՝ մենք միշտ կարծես գնացքի հետեւից ենք վազում, ուզում ենք հասնել, բայց գնացքն արագ գնում է, որ հնարավոր չէ հասնել: Պատճառն այն է, որ շատ քիչ ենք մտածում, թե ինչ փոփոխություններ կլինեն եւ այդ փոփոխություններին պատրաստ լինելու համար ինչ պետք է անել»,-նշեց հոգեբանը:

Ռուբեն Աղուզումցյանն ընդգծեց, որ համակարգչի՝ մեր կյանք ներխուժելու պարագայում փոխվել է մեր կյանքը: «Ինչքան տարիքդ մեծ է, այդքան ուզում ես հակադրվել: Եթե համեմատենք մեր ժամանակների 5-6, 10-12 տարեկան երեխաներին նախկինի հետ, ապա կտեսնեք, որ այն, ինչ հասուն մարդկանց համար օտարացած է եւ անցանկալի, երիտասարդների համար սովորական է: Օնլայն կյանքը իրենց համար ավելի սովորական է, քան հասուն մարդկանց համար»:

Հոգեբանը շեշտում է. «Պետք է կարողանալ հասկանալ սերունդների միջեւ տարբերությունը, ոչ թե հակասությունը, չընդդիմանանք այդ տարբերությանը, այլ հասկանանք, որ մյուս սերունդների հետ հակասություն, թշնամություն եւ ագրեսիա չկա»:

Նրա խոսքով, առցանց կրթությունն ունի իր առավելություններն ու թերությունները. «Այն ուսուցման ձեւերը, որոնք եղել են, միշտ ունեցել են հակասական կողմեր, օրինակ` խորհրդային կրթական համակարգը, որ մինչեւ հիմա էլ պահպանվում է բուհերում եւ դպրոցներում, հիմնականում իրականացվում էր տեսության զարգացման տեսանկյունից եւ բավականին լուրջ խնդիրներ ուներ պրակտիկ մասով: Ունեինք գիտնականներ, որոնք պրակտիկ տեսանկյունից չեն կարողացել գործունեություն իրականացնել: Իսկ նրանք, ովքեր կարողացել են նաեւ պրակտիկ կողմն ապահովել, միշտ պահանջված են եղել…

Այն ուսուցման ձեւերը, որոնք կապված են տեսական գիտելիքների փոխանցման հետ, շատ հեշտ է իրականացնել օնլայն ձեւաչափով: Վերջին մի քանի ամիսներին բուհերում եւ դպրոցներում օնլայն ենք աշխատել, ուսանողների հետ, ինչը առավել եւս մագիստրատուրայում սովորողների հետ շփման ժամանակ արդյունավետ է եղել:

Ինքս հաշվի առնելով օնլայն ուսուցման առանձնահատկությունները՝ նկատել եմ, որ դրական կողմերը շատ են: Մեծ թվով մարդիկ նախկինում դասերից բացակայում էին, մինչդեռ օնլայն կրթության դեպքում բոլորն են մասնակցել դասերին, որովհետեւ նաեւ աշխատանքից բացակայելու խնդիր չեն ունեցել: Օնլայն կրթությունը կարող է լինել արդյունավետ, եթե դու եւ ուսանողը համագործակցում եք, եւ դու զուտ սովորեցնողի դերում չես, այլ ուսանողին ներքաշում ես սովորելու գործընթացի մեջ:

Այդ առումով Կառավարման ակադեմիան շատ մեծ առավելություններ ունի, քանի որ քանի տարի է ուսուցումն ուղղել ենք կոմպետենցիաների զարգացման ուղղությամբ: Դա ավելի շատ հոգեբանական գործոնի հաշվի առնելն է, դրա համար արդյունքն էլ շատ ուժեղ է»: Ինչ վերաբերվում է պրակտիկ կողմի ապահովմանը, մասնագետը կարծում է՝ պետք է մտածել, թե առցանց տարբերակով ինչ կարելին է անել, որպեսզի պրակտիկն էլ իրականացվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31