Ինձ խիստ մտահոգեց վարչապետ Փաշինյանի՝ սահմանադրությունը փոխելու նպատակադրումը: Իսկ «ժողովրդի» սահմանադրություն պոպուլիստական սահմանումը անգամ վիրավորեց: Բացատրեմ՝ թե ինչու.
– Լինելով վառ հրապարակային գործիչ՝ Փաշինյանը համակարգային հետեւողական կառուցողական աշխատանքին գրեթե միշտ բնազդաբար գերադասում է հրապարակային շոուները, որտեղ գոնե վերջին տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտում իրեն հավասարը չկա: Այդպես էր մինչ համավարակը. ընդամենը Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակով ծրագրավորվեց համահայաստանյան միտինգային շոուների մի ամբողջ սցենար, որը խաթարվեց համավարակով եւ որի պատճառով գործադիրը ուշացրեց պետության անհրաժեշտ գործողությունները եւ չկարողացավ դիմակայել համավարակի ներթափանցմանը: Այսինքն՝ դեռեւս մարտ ամսին Փաշինյանը բնավ մտադրություն չուներ նոր սահմանադրություն նախաձեռնելու, այլ ընդամենը բավարարվում էր մեկ-երկու հոդված փոխելով՝ «զարհուրելի» Հրայրից ազատվելու նպատակով. կարեւորը շոուն էր` Show must go on հայտնի կարգախոսի տրամաբանությամբ:
– Սահմանադրությունները մեզանում, ցավոք, փոխվել են միայն կոնկրետ քաղաքական ուժի եւ/կամ առաջնորդի շահերը սպասարկելու համար: 1995-ի սահմանադրությունը չհաշված, իհարկե. այնտեղ պետականաշինության խնդիր էր դրված, եւ ի դեպ, հենց այդ սահմանադրության շնորհիվ այն հիմնականում լուծվեց: Քոչարյանը 2005-ին ստիպված էր մարդու իրավունքների մի քանի թարմ դրույթներով նոր սահմանադրություն առաջարկել՝ ըստ էության ձախողված եւ Ստեփան Դեմիրճյանին պարտված 2003թ. նախագահական ընտրությունների դառնահամը, նաեւ դրան հաջորդած տարում Վստահության հանրաքվեն մերժելու պատասխանատվությունը եւ Բաղրամյանի ջարդը մեղմելու ապարդյուն հույսով: Սարգսյանի՝ սահմանադրությունը փոխելու դրդապատճառներն ավելի տրիվիալ էին. ընդամենը նախագահի պաշտոնի փոխակերպման խնդիր էր դրված՝ նույն անձի պահպանմամբ, բայց դրա պատճառով խաթարվեց հսկայական դժվարությամբ ի մի բերված պետական համակարգը: Սարգսյանի գործած մեղքը այս առումով անգերազանցելի է. սեփական փառասիրական մղումների իրագործման նպատակով փլուզեց պետական կառավարման համակարգը:
Փաշինյանի՝ մասնագիտական հանձնաժողովին իջեցված խորհրդարանական կառավարման համակարգի պահպանման պատվերը ըստ էության նշանակում է, որ որեւէ համակարգային կամ կոնցեպտուալ խնդիր չի լուծվելու, այլ ընդամենը սահմանադրական այս գործընթացը մի լիարժեք առիթ է կրկին շոուներ կազմակերպելու եւ սեփական իշխանության անսասանությունը փաստելու համար: Այսինքն՝ շարունակվում է սահմանադրական գործընթացը մեկ մարդու շահերին համապատասխանեցնելու զազրելի ավանդույթը:
Կարդացեք նաև
Բացի այդ՝ ազնիվ չէ Փաշինյանի կողմից՝ 2015-ին փոխված սահմանադրության պատրվակով «Սերժին մերժման» գործողությունների համաժողովրդական ալիքի վրա իշխանության գալուց հետո ապավինել այդ նույն սահմանադրության սկզբունքներին:
– Սահմանադրական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է լինում ոչ միայն դրա օբյեկտիվ անհրաժեշտությամբ, այլ նաեւ իրականացման ճշգրիտ պահով: Այս իմաստով առավել անհաջող պահ, քան հիմա է, չէր կարելի ընտրել. համավարակի պատճառով (անգամ չհաշված մի շարք ոլորտների կառավարման ձախողումը) երկրի տնտեսությունը շոշափելի անկում է ապրելու, եւ ոչ մեկ տարի: Անգամ եթե հաջորդ տարի մարդկությանը հաջողվի հաղթահարել համավարակը, երկրի եւ հայության ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել տնտեսական ճգնաժամի ավերիչ հետեւանքները հաղթահարելու, զարգացման նոր եւ հեռանկարային ծրագրեր մշակելու եւ իրականացնելու վրա. բոլորովին սահմանադրական շոուների ժամանակը չէ, առավել եւս եթե դրանք ուղղված չեն վերականգնելու խաթարված արդարությունը եւ երկիրը վերադարձնելու նախագահական կառավարման կարգի:
– Այնուամենայնիվ, եթե անգամ նշված փաստարկները անտեսելով Փաշինյանն անդրդվելի է նոր սահմանադրություն ստեղծելու իր տակավին վերջերս առաջացած ցանկության մեջ, ցանկացած մտածող եւ քաղաքացիական պատասխանատվություն ունեցող անձի համար վիրավորական է մի քանի իրավաբանից, կուսակցական ներկայացուցիչներից ու ակտիվիստներից բաղկացած հանձնաժողովի անունից խորհրդարանական կառավարման ձեւի շուրջ «կոնսենսուսի» գալու մասին հայտարարությունը: Այսինքն՝ հանձնաժողովը՝ ակնհայտ վարչապետի պատվերը կատարելու հանձնարարականով ծանրաբեռնված, փորձում է երկրի կառավարման ձեւի շուրջ հասարակական կոնսենսուսի պատրանք ստեղծել: Հիասթափեցնեմ կոլեգաներին. նման կոնսենսուս չկա եւ չի կարող լինել՝ նախ արդեն հիշատակված ազնվության չափանիշի տրորումը հաշվի առնելով, եւ երկրորդ՝ ստորեւ բերվող հիմնավորումների ուժով: Եվ ուրեմն՝ Փաշինյանի երազած «ժողովրդի» սահմանադրությունը արդեն իսկ վիժեցված կարելի է համարել հենց սկզբնական փուլում:
– Բնության եւ պատմության մեջ «ժողովրդական» սահմանադրություններ չեն լինում: Ցանկացած սահմանադրական տեքստ երկրի եւ պետության տվյալ պատմական ժամանակահատվածի էլիտայի կոնսենսուսային փոխհամաձայնեցման արդյունք է: Եթե Փաշինյանը իրոք մտահոգված լիներ ապագա սահմանադրության հիմնադրույթների շուրջ մտածող հասարակության կոնսենսուսային համաձայնությունը ունենալ, ապա պիտի առնվազն ձեւավորեր Սահմանադրական Խորհուրդ՝ դրանում ներգրավելով գոնե 2018-ի հեղափոխության արժեքները ողջունած եւ հասարակության լայն շրջանակների վստահությունը վայելող մտավորականների, մշակութային եւ ազգային գործիչների, չբացառելով նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը: Անուննե՞ր եք ուզում՝ խնդրեմ. Հենրիկ Հովհաննիսյան, Ռուբեն Բաբայան, Հասմիկ Պապյան, Վահան Արծրունի, Էդգար Բաղդասարյան, Տիգրան Հեքեքյան, Արսեն Աղաջանյան, Գարեգին Չուքասզյան, Սուրեն Սահակյան եւ Միքայել Նահապետյան (ՔՈ կուսակցություն), Աննա Կոստանյան (ԼՀ կուսակցություն), Գարո Արմեն, Հրանտ Վարդանյան: Պարտադիր կհամարեի նաեւ 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում դե-ֆակտո հաղթած Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ներգրավումը: Նման Խորհրդի կողմից արձանագրված կոնսենսուսի պարագայում միայն կարելի էր ձեւավորել մասնագետների խումբ՝ շարադրելու համար այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ համաձայնության կգար Սահմանադրական Խորհուրդը: Այլ պարագաներում ուղղակի զավեշտ է կոնսենսուսի մասին խոսելը:
– Խորհրդարանական կառավարման համակարգը չի կարող արդյունավետ լինել Հայաստանի ներկայիս վիճակում գտնվող երկրների համար, երբ միջին խավը չի կազմում բնակչության առնվազն 60%-ը, աղքատության ցուցանիշը մոտենում է բնակչության կեսի թվին, տնտեսական կացությունը բարելավելու երբեմն միակ հնարավորությունը արտագաղթն է, քաղաքացիական գիտակցության եւ պատասխանատվության աստիճանը բարձր չեն, հանրային եւ քաղաքական կազմակերպությունները չունեն ինքնուրույն ֆինանսական սնուցման թափանցիկ աղբյուրներ, քաղաքական գործունեությունը դժվարությամբ եւ եզակի դեպքերում կարելի է նույնականացնել գաղափարականի հետ: Վերջապես, երկրին՝ երկարատեւ տասնամյակների բացթողումներից հետո հարկավոր են լայնամասշտաբ ռեֆորմներ, որոնք ունակ է նախաձեռնել, կազմակերպել եւ իրականացնել միայն կուռ նախագահական կառավարման համակարգ ունեցող պետությունը:
Բացի դրանից՝ մեր պետությունը ունի նաեւ եւս մեկ կարեւորագույն առաքելություն. համախմբել համայն հայությանը, իրական բաղձալի հայրենիք դառնալ Սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների համար: Չմոռանանք նաեւ, որ սովետական ամբողջ ժամանակահատվածը հենց խորհրդարանական ձեւական կառավարման շրջան էր, երբ որոշումները ընդունվում էին պոլիտբյուրոյում եւ ընդամենը ավտոմատ կերպով դակվում խորհրդարանի կողմից: Չե՞ք նմանեցնում այս մոդելը Սերժ Սարգսյանի՝ Մելիք-Ադամյանում որոշումներ կայացնելու եւ ապա հանրապետական մեծամասնության եւ բարգավաճական «ընդդիմության» միջոցով խորհրդարանում դակելու, կամ Նիկոլ Փաշինյանի՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կուսակցական գրասենյակում որոշումներ ընդունելու եւ բացարձակ անդեմ խորհրդարանով դրանք ընդամենը վավերացնելու գործելաոճի հետ: Նույն պոլիտբյուրոն է, ի՞նչ տարբերություն: Մեր ժողովուրդը պատմականորեն հոգնել է պոլիտբյուրոներից եւ իրական կառավարում է ուզում: Եվ արժանի է իրական, արհեստավարժ, թափանցիկ, ազնիվ ու հայրենասիրական կառավարման:
Որպես հոդվածիս վերնագիր ընտրել եմ հայտնի լեզվաբանական հնարքը՝ երբ ենթադրյալ ստորակետն է որոշում հարցի բախտը: Մտածենք՝ որտեղ այն դնենք, իսկ դնելուց հետո՝ ինչպես ապահովենք հարցի ընթացքը:
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ
Պրոֆեսոր
ՀՀ նախկին վարչապետ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2020