Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան 163 շրջանավարտ նվեր ստացավ իր զբաղեցրած բնակարանը

Օգոստոս 13,2020 12:55

2003-2015 թվականների ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան նախկին շրջանավարտներին: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Որոշումն ընդունվեց այսօրվա նիստում:

Նախարարի խոսքով, բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել եւ շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրի կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց տիկին Բաթոյանը:

Նրա տեղեկացմամբ, հերթացուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թ.-ին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, ինչի արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով. «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչեւ 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, որոնք չունեն բնակարան, տրամադրվելու է, ի պատասխան նախարարն ասաց՝ այո եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991-ից 2019 թվականը եւ չունեն սեփականություն, կունենան բնակարան:

Վարչապետը նաեւ ասաց, որ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա։ «Մեր խնդիրն այն չպետք է լինի, որ մանկատան սաներին բնակարան տանք։ Մեր խնդիրն այն պետք է լինի, որ մեր մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին ու հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն։ Բնակարանով հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետեւից, ապա կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում»,-ասաց պարոն Փաշինյանը:

Այս որոշման համաձայն՝ մանկատան 3 շրջանավարտների կտրամադրվեն նոր բնակարանների գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31