Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում 2018-ի հակաիշխանական բողոքների առաջնորդ Փաշինյանն այսօր օգնում է Լուկաշենկոյին լեգիտիմացնել այդ բեսպրեդելը իր շնորհավորանքով»

Օգոստոս 13,2020 12:08

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բելառուսում երեկ և այսօր կատարվում է մոտավորապես նույնը, ինչ Հայաստանում 2018-ի ապրիլին, այն տարբերությամբ, որ ՕՄՕՆ-ը ջարդում է ցուցարարներին, ծեծում է պատահական անցորդների, վարորդների, կոտրում է ավտոների ապակիները, գրոհում է բնակելի շենքերի շքամուտքերը՝ փորձելով գտնել այնտեղ թաքնվող ցուցարարների։

Մի քանի հազար մարդ է ձերբակալված, այդ թվում և լրագրողներ, նրանց էլ են ծեծում, ոմանց այնպես են ծեծում, որ տանում են հիվանդանոց։

Արդեն զոհ էլ կա։

Հայաստանում 2018-ի հակաիշխանական բողոքների առաջնորդ Նիկոլն այսօր օգնում է Լուկաշենկոյին լեգիտիմացնել այդ բեսպրեդելը իր շնորհավորանքով։

Ընկերներ, երբ ասում եք, որ դա նորմալ է, դա realpolitik է, «հանուն պետության» է և այլն, ուղղակի հիշեցնեմ, որ Լուկաշենկոն Հայաստանի հանդեպ գոնե վերջին 5–6 տարիներին իրեն երբեք դաշնակցավարի չի պահել։

Ու եթե Ռուսաստանը չվաճառեց Ադրբեջանին «Իսկանդերներ», ապա Լուկաշենկոն առանց վարանելու վաճառեց ադրբեջանցիներին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (հաստատված է մինչև 200կմ հեռահարությամբ հրթիռների առկայությունն Ադրբեջանի մոտ, բայց հնարավոր է ավելի հեռահար՝ մինչև 280կմ հրթիռներն էլ արդեն ունենան)։

Լուկաշենկոն նաև իր երկրի տարածքում ապօրինի բռնեց և ապա նույնպես ապօրինի արտահանձնեց իր բարեկամ Իլհամ Ալիևին իսրայելցի բլոգեր Լապշինին, որն առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ էր այցելել։

Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց։

Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ հասկանում, թե որն է Հայաստանի «պետական շահը» Լուկաշենկոյին շնորհավորելու, առավել ևս, որ արդեն այդքան էլ երաշխավորած չէ, որ Լուկաշենկոն կկարողանա իր եփած բորշչի մեջից անկորուստ դուրս գալ։

Հայաստանի ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին։

Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք։ Ճիշտ հակառակը։

Հաջորդ գրառմամբ երկու վիդեո կդնեմ Բելառուսից, ինքներդ նայեք ու մտածեք, թե արդյոք արժի այս հարցում Նիկոլին աջակցել»։

«Նիկոլը շնորհավորել է Լուկաշենկոյին «ընտրվելու» կապակցությամբ։ Կից 2 տեսանյութ այն մասին, թե ինչ է կատարվում Բելառուսում ընտրություններից 2 օր անց։

Այստեղ ահագին ուրիշ վիդեոներ էլ կան հավաքած, անպայման դիտեք բոլորը meduza.io

Ու չմոռանաք, որ նաև Նիկոլն է այս ամենին «դոբռո» տալիս իր շնորհավորանքով»։

https://www.facebook.com/groul/videos/pcb.3416782805026559/3416767118361461/?type=3&theater

https://www.facebook.com/groul/videos/pcb.3416782805026559/3416768471694659/?type=3&theater

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բելառուսում օգոստոսի 9-ին ակնհայտորեն կեղծված ընտրություններից հետո իրավիճակը չի կայունանում: Տասնամյակներով կուտակված ժողովրդական ցասումը հանդիպել է բռնապետական կոշտ հակահարվածին` բիրտ ուժի կիրառությամբ: Երբեմնի խաղաղ ու հանդարտ Բելառուսի ժողովուրդը հոգնել է 26 տարի շարունակվող միանձնյա կառավարումից եւ առանց քաղաքական ղեկավարի շարունակում է ազատության համար պայքարը:

Որքան էլ խուսափենք Բելառուսում տեղի ունեցողը հայկական Թավշյա հեղափոխության հետ համեմատելուց, արդեն 5-րդ օրը շարունակվող համաժողովրդական շարժման ընթացքում կիրառվող պայքարի մեթոդները չափազանց նման են հայկականին:

Այսպես, առաջին իսկ օրվանից ընտրվեց ոչ բռնի բողոքի ցույցերի ապակենտրոնացումը, ինչպես մայրաքաղաք Մինսկի տարբեր շրջաններում` այնպես նաեւ երկրի խոշոր քաղաքներում: Բջջային հեռախոսների լույսերից մինչեւ ճանապարհները մարդկանցով փակելը, մեքենաների ազդանշանները, դանդաղ վարելը, կամ` մեքենաներով ճանապարհները խցանելը: Գործադուլների մասին դեռեւս ավելի շատ խոսվում է, սակայն դրանք եւս հեռու չեն:

Աշխարհի տարբեր հատվածներում բնակվող բելառուսական փոքրաթիվ սփյուռքը եւս գործի է անցել: Մոսկվա, Կիեւ, Վարշավա, Բրյուսել, Վաշինգտոն եւ այլ խոշոր քաղաքներում կազմակերպվել ու նախատեսվում են բողոքի ցույցեր, որտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վախեցել են խոսել, երկրում ապրող հարազատներին խնայելու նպատակով` հաշվի առնելով Լուկաշենկոյի ռեժիմի բնույթը:

«Եվրոպայի վերջին բռնակալը» որակվածն անտարակույս հեռանալու կամ հեռացվելու է, սա այլեւս ժամանակի հարց է: Նրան այսպիսի թույլ դիրքերում պահելու ցանկություն ունեն ինչպես Մոսկվան, այնպես էլ խոշոր որոշ խաղացողներ: Եվրոպայի պարագայում, սակայն, մոտեցումը հստակ է. Լուկաշենկոն պետք է լինի արժեքային ռեգիոնում հավակնություն ունեցող վերջին բռնակալը եւ 2020-ի օգոստոսը նրան չի ներվելու:

Նախկին ԽՍՀՄ երկրներից Մինսկի բռնակալին շնորհավորել շտապողներից շատերը սա արեցին շատ կոնկրետ` մորթապաշտական մղումներով: Դրա ամենավառ դրսեւորումը Ալիեւինն էր, որը լավ է հասկանում, որ Լուկաշենկոյից հետո հերթն իրենն է, հաշվի առնելով Ադրբեջանում տեւական ժամանակ խմորվող դժգոհությունն ու խորացող ատելությունը Բաքվի բռնակալի նկատմամբ:

Այսպիսով` բացարձակ անհասկանալի է մնում Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Թավշյա հեղափոխության եւ ապա վարչապետի հասցեին հրապարակային ցինիզմից, մինչեւ Ալիեւի հետ շարունակվող ռազմաքաղաքական սիրահետումներով հայտնի ընտրակեղծարարին ինչո՞ւ եւ ի՞նչ առիթով ենք շտապում շնորհավորել: Որոշումը հիմնավորել փորձող որեւէ իրական փաստարկ մինչ այս պահը չեմ լսել, իսկ ռեալպոլիտիկի ու բարձր դիվանագիտության մասին «դասախոսություններն» առնվազն անլուրջ են սիրելիներ:

Իմ խորին համոզմամբ՝ սա մեծ սխալ էր, որն առաջին հերթին թուլացնում է հենց Նիկոլ Փաշինյանին: Այս քայլով ինքնակամ ընտրություն է արվում խորացնել Հայաստանի մասնակցությունը դեսպոտական ռեժիմների ակումբում, նվազեցնում ժողովրդավարությունը` որպես հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գործիք կիրառելու վաստակած իրավունքը, միֆականացնում քաղաքակրթական փոփոխությունների հասնելու մասին գործող քաղաքական մեծամասնության հռչակած արժեքային գերակայությունը:

Իսկ ամենացավալին այն է, որ, այսպիսով` կոտրում ենք Բելառուսի, եւ մեր մեծ տարածաշրջանում ազատության համար պայքարի ելած մարդկանց փոփոխության հասնելու հույսերը, գուցե անդառնալիորեն կորցնելով նրանց սրտերը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31