Մեզանում դեռեւս վերջնականապես չի հաստատվել սահմանազատումը մի կողմից պետության շահի, պետական միջոցառման, պետությունը ներկայացնող անձի հանդեպ վերաբերմունքի, պետության սահմանած օրենքի եւ մյուս կողմից՝ անձնական կարծիքի, համոզմունքի, ինքնարտահայտման միջեւ: Պետության դեպքում գործում են խիստ, անսակարկելի կանոններ, իսկ անձն իրավունք ունի անել, մտածել կամ ասել ամեն ինչ, եթե դա չի սահմանափակվում օրենքով: Տարբերությունը նուրբ է, բայց ինձ համար՝ շատ հստակ:
Այդ սահմանագիծը կարելի է ցույց տալ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել-չշնորհավորելու հարցի շուրջ ծագած բանավեճի օրինակով: Նիկոլ Փաշինյանը, որպես անձ, քաղաքացի կամ քաղաքական գործիչ, կարող է դեմ լինել Լուկաշենկոյի հավերժ իշխելու եւ բռնությամբ իշխանության մնալու գործելակերպին, իսկ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի հոգեկերտվածքին այդ գործելակերպը գուցեեւ միանգամայն համապատասխանում է: Բայց, անկախ նրանից, թե Հայաստանում ով է տվյալ պահին իշխանության գլխին, այդ ղեկավարը, իմ կարծիքով, պարտավոր է շնորհավորել Բելառուսի դե-ֆակտո նախագահին՝ ելնելով մեր երկրի պետական շահերից: Ովքեր դրա հետ համաձայն չեն, պետք է ապացուցեն, որ Բելառուսի հետ հարաբերություններ փչացնելը համապատասխանում է Հայաստանի շահերին: (Ինչ մնում է շնորհավորելու համար «ճիշտ ժամանակ» ընտրելուն, ապա դա, ըստ իս, դիվանագետների որոշելու հարցն է):
Բերեմ եւս երկու օրինակ: Եթե ճանապարհային երթեւեկության նշանը ցույց է տալիս «60», մեքենան պետք է վարել ըստ այդ ցուցանակի, իսկ ավելի արագ քշելու համար հասնում է տուգանք՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ռեժիմ է այդ պահին հաստատված Հայաստանում: Բայց լրատվամիջոցներում կարող է բանավեճ առաջանալ այն մասին, որ ցուցանակը պետք է լինի «40» կամ «80»՝ այստեղ կարծիքների բազմազանությունը խրախուսելի է:
Կամ, երբ նույն Փաշինյանը դուրս է գալիս ԱԺ ամբիոնի մոտ եւ սկսում է այն, ինչ Օրուելի վեպում շատ դիպուկ կոչվում է «Two Minutes Hate»՝ պարտադիր ուսուցողական ծես՝ «կուսակցության թշնամիներին» խարազանելու համար, դա ինձ դուր չի գալիս, չնայած մեր քաղաքացիների մեծամասնությունը, ենթադրում եմ, դա հավանում է: Բայց երբ Հայաստանի վարչապետը մեր երկիրը ներկայացնում է միջազգային ասպարեզում, մեր ներքին տարաձայնություններն այլեւս նշանակություն չունեն, եւ բոլորիս ցանկությունը պետք է լինի, որ Հայաստանը հաջողություն գրանցի:
Կարդացեք նաև
Համավարակի դեմ պայքարը այդ՝ վերը նկարագրված սահմանագծի «պետական» կողմում է՝ պարետատան միջոցառումները քաղաքական բանավեճի առարկա չպիտի լինեն: Երբ վաղվանից որոշակի մեղմացումներ կլինեն, դա չի նշանակում, որ պետք է թուլանալ եւ կորցնել զգոնությունը՝ կորոնավիրուսը Հայաստանում դեռեւս ամենեւին հաղթահարված չէ: Հետեւաբար, առաջարկում եմ պարետատանը հնարավորինս տրամաբանական, պարզ եւ միանշանակ շարադրել նոր կանոնները, իսկ քաղաքացիներին՝ դրանց անվերապահ հետեւել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չգիտեմ մեր փոքր երկրին ինչ առաւելութիւն կը բերէ ԱՌԱՋԻՆ շնորհաւորողը ըլլալ -ընդհակառակը մարդ այն տպաւորութիւնը կ՛ունենայ որ մեր վարչապետը ,որ ծանօթ է այլեւս որպէս ինքնատիպ ելոյթներ սիրող անձ, յարմար նկատեց առիթը իր մասին խօսիլ տալ անգամ մը ևս /և յաջողեցաւ ինչպէս կը տեսնուի/. Եթէ պահ մը մտածէր որ երկրին մէջ մեծ կրնայ ըլլալ հակառակ մտածողներուն թիւը, ըստ իս որպէս Երկիրը ներկայացնող վարչապետ պէտք էր յարգել նաև այդ տեսակէտը և այդքան չաճապարեր։
ջանս, Ռուսաստանի հետ յարաբերութիւններու խաթարումը երկիրը իսկապէս հասցուց Անդունդին ծայրը… Յուլիսեան պատերազմը այդ գոյութենական ճգնաժամին դեռ միայն ցայտուն մասն է… վրան ալ՝ համաճարակը, ընկերա-տնտետական անասելի հետեւանքներով… մարդը, վերջապէս, խոհեմ բան մը ըրաւ, հիմա՞ ատենը գտաք ասոր համար զինք քննադատելու !! կամ՝ ամենասկիզբէն, դէ՛մ պիտի ըլլայիք որ հասնի ուր որ հասաւ, կամ ալ հիմա՝ պիտի իրեն զօրակցիք կամ գոնէ զսպուիք տեւաբար քննադատելէ… pour limiter les dégâts ինչպէս որ կ’ըսեն այն սիղուն եղկիղը ողրտեղէն գացած ես Հայաստան…
բացայայտ է որ շատեր, որոնք Փաշինյանին խստօրէն այպանում են որ շնորհաւորեց Լուկաշենկոյին, եթէ նա այդպէս չանէր, նոյն կոշտութեամբ զինք պիտի քննադատէին որ՝ որպէս Ռուսաստանի դաշնակից երկրի պետական ղեկավար, Ռուսաստանի աշխարհա-քաղաքական ազդեցութեան ոլորտում, կողմն է բռնում՝ արեւմտեան պետութիւններին… ի վնաս Հայաստանի եւ Արցախի շահերին…
ի դէպ, «շատ արագ» շնորհաւորելու քննադատութիւններն ալ սխալ են անշուշտ… հենց այս պահի՛ն շնորհաւորանքն է, կշիռք ու արժէք ունեցող քայլը… ի դէպ, հակառակ ուղղութեամբ, հեշտ է նկատելը որ Մինսկի փողոցը պաշտպանող արեւմտեան ձայները՝ երկչոտ ու տատամսոտ են… անոնք զգուշօրէն, սպասում են… խնդիրը որ վերջ գտնէ, բոլո՜րն ալ կը յարմարուին կացութեան… (նոյներն են, գիտէ՞ք, որ պաշտօնապէս ընդունած էին Հայաստանի խորհրդարանային ընտրութիւնների արդիւնքները, ամէն անգամ, մինչեւ 2017-ը, ներառեալ… )
«Բայց երբ Հայաստանի վարչապետը մեր երկիրը ներկայացնում է միջազգային ասպարեզում, մեր ներքին տարաձայնություններն այլեւս նշանակություն չունեն, եւ բոլորիս ցանկությունը պետք է լինի, որ Հայաստանը հաջողություն գրանցի:»
…Ճիշտ է. պետք է ներքին տարաձայնությունները մի կողմ դրած՝ ազգովի խղճանք վարչապետին, որ իր գավառամտության գերի՝ իր խղճուկ անգլերենով ամբողջ աշխարհին տեղեկացրեց, որ ղարաբաղյան հակամարտության սկզբում հայերը ԼՂ բնակչության 19… չէ, 18 տոկոսն էին… Եվ ինքներս մեզ, որ ունենք վարչապետ, որին այսօր հղում են անում ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ները: