Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք տուգանվո՞ւմ է 6 տարեկանից բարձր երեխան, եթե անդիմակ ու անփաստաթուղթ է լինում

Օգոստոս 13,2020 13:30

Covid-19-ի համավարակից պաշտպանվելու եւ այն չտարածելու համար կառավարությունը մշակել է հակահամաճարակային կանոններ: Պարտադիր է ձեռքերը հաճախ ախտահանել, օճառով լվանալ, պարտադիր է նաեւ յուրաքանչյուր քաղաքացու դիմակ կրելը հանրային վայրերում, անգամ բակերում ու ավտոմեքենայի մեջ։ Բացառություն են կազմում մինչեւ վեց տարեկան երեխաները, որոնք կարող են չկրել:  Ինչպես հայտնի է՝ հանրային վայրում դիմակ չկրելու դեպքում քաղաքացին տուգանվում է 10.000 ՀՀ դրամով, սակայն ի՞նչ միջոցառումներ է իրականացնում ոստիկանությունը 6 տարեկանից բարձր տարիքային խմբի երեխաների դեպքում, երբ դիմակը բացակայում է: Արդյոք ոստիկանությունը նրանց  տուգանո՞ւմ է, երեխա՞ն էլ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հարցերին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչեւ վարչական իրավախախտում կատարելու պահը. «Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 16-ից մինչեւ 18 տարեկան  անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը (ընդհանուր հիմունքներով)»:

Ոստիկանությունից նաեւ նշեցին, որ վեց տարեկանից մինչեւ 16 տարեկան երեխան տանից դուրս գալիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալու պարտականություն չունի եւ  որեւէ իրավական ակտով նման դրույթ նախատեսված չէ. «Իսկ վեցից տասնվեց տարեկան անձանց կողմից դիմակ չկրելու պարագայում ծնողը չի ենթարկվում վարչական պատասխանատվության»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31