Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբանի դեմ հաղորդմամբ պահպանվե՞լ է, արդյոք, քրեական գործի հարուցման փուլը

Օգոստոս 13,2020 13:00

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0044/11/13 գործով իրավական դիրքորոշում էր արտահայտել այն մասին, որ քրեական գործի հարուցման փուլը քրեադատավարական ընթացակարգի ինքնուրույն փուլ է, որն ունի իր սկիզբն ու ավարտը, խնդիրները, սուբյեկտները եւ այլն: Քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարզում է քրեական գործ հարուցելու առիթների եւ հիմքերի առկայության կամ բացակայության փաստը: Այս փուլում հանցագործության փաստի հաստատման եւ անձի մեղքի հարց չի քննարկվում: Ըստ Արթուր Քոչարյանի ներկայացուցչի՝ փաստաբան Արթուր Մարգարյանի քրեական գործ հարուցելու մասին օրինական, հիմնավորված եւ ժամանակին կայացված որոշումն անհրաժեշտ նախապայման է հանցագործությունների արագ եւ ամբողջական բացահայտման, ինչպես նաեւ կանխարգելման համար: Միեւնույն ժամանակ, քրեական գործի չհիմնավորված հարուցմամբ սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները, նրանց վնաս է պատճառվում: Տվյալ դեպքում, ոստիկանության եւ դատախազության անգործությունն ուղեկցվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որն ազդել է Արթուր Քոչարյանի իրավունքի պաշտպանության վրա եւ նա  զրկվել է իր իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներից:

Այս տարվա փետրվարին Արթուր Քոչարյանը բողոք է ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Բողոքն առնչվում է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիրի բաժին ՀՀ քրեական օրենսգրքի 178 եւ 214 հոդվածներով նախատեսված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հետ:

Դեկտեմբերի 24-ին նրա հաղորդումը` իր նախկին փաստաբանի (մասնագիտական, գործարար համբավը չարատավորելու համար ձեռնպահ ենք մնում այս փուլում փաստաբանի անուն-ազգանունը հրապարակելուց-Ռ.Մ.) դեմ,  մերժվել էր, եւ քաղաքացին Արաբկիր ոստիկանության բաժնի անգործությունն է վիճարկում դատարանում: Ըստ էության, հաղորդման վերաբերյալ որեւէ որոշում չկա, այն բողոքարկվել է նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն: Քաղաքացին մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկին փաստաբանը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, խաբել է իրեն:

Ա. Քոչարյանի ներկայացուցիչը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ դատախազ Բ.Ղազինյանը իրենց գրություն էր ուղարկել, հայտնելով, թե իրենց դիմումը ոստիկանությունում ստուգվել է, տրվել է գրավոր պարզաբանում:

Ըստ Ա. Քոչարյանի ներկայացուցչի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2.Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

Սակայն իր վստահորդի դեպքում,  իրավական նորմերի եւ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումների վերլուծությունը փաստում է, որ խախտվել են Ա. Քոչարյանի իրավունքները, նրա ներկայացրած հաղորդման հիման վրա որեւէ որոշում չի կայացվել:

Արթուր Քոչարյանը 2019թ. դեկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 եւ 214 հոդվածներով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների մասին, որի վերաբերյալ հետաքննության մարմինը որեւէ որոշում չի կայացրել։

Ավելին, Արթուր Քոչարյանը հաղորդումից հետո ներկայացրած բացատրությամբ նաեւ հայտնել է երկու քաղաքացիների մասին, որոնք կարող էին հաստատել իր պնդումները իր նախկին փաստաբանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու մասին, սակայն հետաքննության մարմինը որեւէ գործողություն չի կատարել նշված անձանցից բացատրություն վերցնելու վերաբերյալ։

Հետեւաբար,  ներկայացված հաղորդման, բացատրությունների ու նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ եւ 214-րդ հոդվածով նախատեսված առերեւույթ հանցագործության վերաբերյալ որեւէ որոշում չկայացնելը իրավաչափ չէ, ոստիկանության կողմից ցուցաբերվել է անգործություն, որը խախտել է Արթուր Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ քրեադատավարական օրենքով պահպանվող իրավունքները եւ օրինական շահերը:

Ա. Քոչարյանի ներկայացուցիչն ասում է. «Ցանկացած պարագայում, եթե հաղորդմամբ մատնանշված են նվազագույն տվյալներ հանցագործության վերաբերյալ, ապա հետաքննության մարմինը պարտավոր է կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, այնինչ, ոստիկանությունն անտեսել եւ հաշվի չի առել դա:

Նմանապես, դատախազություն ուղղված բողոքի կապակցությամբ դատախազությունը որեւէ որոշում չի կայացրել, այլ միայն նշել է, որ մեր դիմումի կապակցությամբ կատարվել է ստուգում, այնինչ, նախ պետք է նշել, որ Արթուր Քոչարյանը ներկայացրել էր ոչ թե դիմում, այլ հանցագործության մասին հաղորդում, որտեղ կոնկրետ նշել էր հանցագործության մասին հստակ տեղեկություններ, երկրորդ, ոստիկանությունը եւ դատախազությունը, եթե գտնում էին, որ առկա չէ քրեական գործ հարուցելու առիթ, ապա պետք է որոշում կայացնեին քրեական գործի հարուցումը մերժելու մասին»։

Բողոքի հիմքում նշվել էին մի շարք նախադեպային որոշումներ, համաձայն որոնց. «Եթե հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին: Հետեւաբար, քաղաքացու դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում եւ քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությամբ իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որեւէ մեկը»:

Արթուր Մարգարյանը խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի եւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Բ. Ղազինյանի անգործությունը եւ վերացնել Արթուր Քոչարյանի իրավունքների խախտումները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31