Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոաշխարհի ճանապարհով քայլողը

Օգոստոս 13,2020 12:30

Միասնականությունն արդեն իսկ հաղթանակ է, իսկ լավագույն հաղթանակները կերտվում են պրոֆեսիոնալ թիմում: Այս սկզբունքով ծրագրեր իրագործողներն ավելի քան վստահ են, որ այն ոչ միայն թիմային հաջողություն է, այլ նաեւ անձնական, քանի որ ինչքան հետաքրքրված է մարդը, այնքան կարող է զարգանալ եւ  ինքնահաստատվել տարբեր ոլորտներում:

Օրերս Արցախում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը հանդիպել է  երկու տասնյակից ավելի ֆիլմասեր երիտասարդների հետ, որոնց հետ խոսել է իր առաջիկա ֆիլմի աշխատանքների մասին եւ տեղեկացրել, որ ձեւավորվում է կամավորական խումբ, որն անմիջական մասնակցություն կունենա ֆիլմի նախապատրաստական եւ նկարահանման աշխատանքներին: Նա սկզբից նշել է կամավորականների  պարտականությունները, զրուցել նրանց հետ՝  ֆիլմին առնչվող կազմակերպչական հարցերի շուրջ: Ներկաները բավականին հետաքրքրված էին եւ պատրաստակամ՝ ֆիլմի կամավորական խմբում ընդգրկվելու եւ աշխատանքներին մասնակցություն ցուցաբերելու համար: Կինոռեժիսորը հանդիպման ընթացքում պատասխանել է ներկաների հարցերին:

Ջիվան Ավետիսյանը  երկու տասնամյակ է, որ զբաղվում է պրոֆեսիոնալ կինոյով: Ունի կարճամետրաժ, դոկումենտալ ֆիլմեր, բայց վերջին տարիներին ստեղծել է երեք լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝  «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: Ներկայումս աշխատանքներ են ծավալվում  նոր ծրագրերի շուրջ:

Գաղափարների պակաս չկա: Ամեն ինչ՝ իր ժամանակին: Բավականին հագեցած եւ լուսավոր զրույց եմ ունեցել Ջիվան Ավետիսյանի հետ, որը ներկայացնում եմ ստորեւ:

– Արցախում կինոյի զարգացման ընթացքն ինչպիսի՞ն է:

– Արցախում կինոյի զարգացման քայլերը սկսել ենք ավելի վաղ, դեռ իմ կարճամետրաժ եւ դոկումենտալ  ֆիլմերի ժամանակ: Նպատակ ենք ունեցել ստեղծել արվեստի գործ կոչվելու հավակնություն ունեցող ֆիլմեր, որոնք կպատմեն Արցախի մասին: Այդ ֆիլմերն են՝ «Ղարաբաղ` թաքնված գանձ»,  «Ընդհատված մանկություն», «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»։ Եվ ամենակարեւորն էլ այն է, որ արցախցիներն են անմիջական մասնակցություն ունենում այս ֆիլմերի նկարահանումներին։

– Ինչքանո՞վ  է հաջողվել պատմել Արցախի մասին միջազգային հարթակներում:

– Հետեւողական քայլերով ենք Արցախի մասին միջազգային հարթակներում պատմել, սակայն դրան զուգահեռ, միշտ մտածել եմ, թե ոնց պետք է կինոն զարգանա Արցախում, եթե ոչ այսպիսի քայլերով, ինչպիսիք են՝ մարդկանց ներգրավվածությունը, իրազեկումն ու ճանաչողությունը, որովհետեւ մարդիկ սիրում են  ֆիլմ դիտել, իսկ թե ինչպես է ստեղծվում ֆիլմը՝ դա անհավանական եւ բարդ ճանապարհ է: Հաճախ  նկարահանվող շատ արագ աշխատանքները նույնիսկ ստվեր են գցում դասական կինոյի ստեղծման ճանապարհի եւ սկզբունքների վրա: Մենք տարիներով սցենարի զարգացման շրջան ենք անցնում, որը ֆիլմի  կարեւորագույն կետերից է:  Ֆիլմը  քայլ առ քայլ բոլոր պրոդյուսերների հետ զարգացնելու գործընթացը  դասական ճանապարհ է, բայց պետք է շատ էներգիա, համբերություն, կամք:

– Արցախում կինոարտադրության հետ կապված ի՞նչ նախադրյալներ կան:

– Ես հավատում եմ, որ Արցախն իսկապես կարող է լինել կինոյի ամենավառ արտադրող երկրներից մեկը: Մենք ունենք լավ տեղանք, առկա են բոլոր նախադրյալները, կա նաեւ ունակ մարդկանց թիմ, որոնք ավելի արագ են ընկալում խնդիրները եւ դրանց լուծումը գտնում են: 35-40 երկրում եմ եղել, բայց արցախցիները, մեկ է, աչքի են ընկել արագ խնդիրների լուծմամբ, որը կինոյի համար առաջին նախադրյալն է: Մենք ապրում ենք իրար մեջ, դրա համար չենք պատկերացնում, բայց մենք այդպիսին ենք: Ես ուզում եմ, որ Արցախում կինոն զարգանա, քանի որ կինոն շփում եւ  աշխարհայացքների փոխանակում է:

– Ո՞րն է կինոյում ամենաթանկ բանը:

– Ժամանակն է թանկ: Օրինակ, եթե արեւը թեքվեց, դու այդ կադրը չես ստանա, այդ ստվերը չի լինի կադրում, որը պետք էր լիներ, դու  այդ օրվա պլանավորումը չարեցիր՝ նշանակում է ձախողել ես շատ ավելին, քան կարող ես պատկերացնել: Իրականում շատ նուրբ հարցեր կան, այսինքն՝ չասեմ նաեւ ինդուստրիան, երկրի էկոնոմիկ վիճակը, բայց պետք է զարգացնել, դնել հիմքեր, ստեղծել ուժեղ թիմ:

– Մի քիչ խոսենք «Վերածնվածը» ֆիլմի մասին: Ի՞նչ փուլում են գտնվում  նախապատրաստական աշխատանքները  եւ   վերջապես, ինչի՞ մասին է լինելու այս ֆիլմը:

– 2018 թվականի հոկտեմբերից մենք աշխատում ենք սցենարի զարգացման վրա, ինչպես մնացած նախորդ  ֆիլմերը՝ ստեղծվում է միջազգային համագործակցության արդյունքում, նախադրյալները եւ աշխատանքներն այդպիսին են: Անցել ենք Բեռլինի կինոշուկայում՝ զարգացնելով, ձեռք բերելով թիմակիցներ, ֆիլմընկերություններ, որոնք պատրաստ են մաս կազմել արտադրությանը: Միջազգային կինոշուկաներում հանդիպումների արդյունքում տարբեր պրոդյուսերների եւ կինոարտադրող  ընկերությունների  ներկայացուցիչների հետ, որոնց միջոցով էլ ձեւավորվում է թիմը, զարգացման  շրջանում սցենարի  մակարդակում աշխատանքներ են իրականացվում, հետո արդեն գումարի  գոյացումը եւ հաջորդիվ՝ համապատասխան բոլոր քայլերը: «Վերածնվածը» ֆիլմի համար պատմություն կա գրված, սակայն առանց դիալոգների ու  համավարակի պայմաններում կարողացանք շատ ժամանակ տրամադրել սցենարի համար, որովհետեւ  տանն էինք, բոլորս օնլայն աշխատում էինք սցենարի վրա: Աստծո հաջողությամբ, «Վերածնվածը» ֆիլմը կնկարահանենք հաջորդ տարի կամ մյուս տարի: Այս պայմաններում  կոնկրետ ժամանակահատվածի առումով չենք կարող պլանավորումներ անել, որն էլ, ինչպես գիտեք, համավարակի հետեւանքն է:

Ցանկանում եմ, որ ֆիլմասեր  մարդիկ մաս կազմեն ֆիլմի ստեղծման աշխատանքների եւ մասնագիտանան հետագա աշխատանքների համար, որովհետեւ, բացի ինձանից, շատերն են այստեղ ֆիլմեր նկարում:

Ֆիլմը  կլինի մարդկանց մասին, որոնք ապրում են տարբեր միջավայրերում, տարբեր ազգություններ ու կրոններ ունեն եւ կարծես կապ չունեն իրար հետ, բայց շատ նուրբ թելերով կապված են իրար հետ: Նրանք կարող են ազդել ու փոխազդել մարդկանց ճակատագրերի վրա, եւ այդ ամենն ունի մի սկզբնական ակունք, դա թիթեռի  էֆեկտով 1993 թվականին են դեպքերը տեղի ունենում Տիգրանակերտի հովտում, եւ մինչ օրս փաստացի այդ ալիքը շարունակվում,  ալիք է տալիս եւ, ինչպես ասացի, անկախ ազգությունից, կրոնից, սոցիալական դիրքից, մասնագիտությունից, լրիվ տարբեր մարդիկ են, ովքեր իրենց վրա զգում են դրա հետեւանքը:

Գաղափարը հետեւյալն է՝ որքան հեռու կամ մոտ ես պատերազմից, եթե աշխարհում կա պատերազմ՝ դու վտանգված ես:

– Մարդկանց մի հատված գոյություն ունի, որ չեն սիրում ֆիլմեր դիտել, գուցե չեն հասկանում, դժվար կլինի ասել: Ուզում եմ խոսենք մարդու՝ ֆիլմ դիտելու պրոֆեսիոնալիզմից ու հենց ֆիլմից, կարծում եմ, որպես ռեժիսոր, ավելի խոր մեկնաբանություն կտաք։

– Ես չեմ հավատում, որ մարդիկ չեն սիրում  ֆիլմեր դիտել, հնարավոր է, որ մարդ այդ պահին չի կարողանում տրամադրվել,  ունի տասնյակ հոգսեր: Ֆիլմը հեքիաթ է, ու ես չեմ հավատում մի մարդու, ով չի հավատում հեքիաթին, երբեւէ հեքիաթ չի կարդացել: Չեմ հավատում, որ կա մարդ, ով չի ապրել, երազել, ձգտել: Կամ գուցե ֆիլմերի ընտրությունն է մեծ, որ մարդիկ չեն կողմնորոշվում: Գուցե մարդու մեջ հեքիաթը մարել է:

Ֆիլմը հրաշալի աշխարհ եւ անհատակ օվկիանոս է: Դու ֆիլմում գտնում ես քո չապրած հույզերը, սերը, դու տեսնում ես քո չիրականացած երազանքները, պատկերացրած ապագան, դու ֆիլմում անում ես քո չիրականացած հաջողությունը, քաջությունը: Ֆիլմն ունի մոգականություն, որը պահում  է ամեն ինչ իր տեղում:

– Ժամանակն ինչպե՞ս է ազդում ֆիլմերի  վրա: Ինչի՞ կարիք ունենք:

– Ինձ համար ամենակարեւորն անկեղծությունն ու անկեղծ ֆիլմն է: Կապ չունի, թե տվյալ ֆիլմը որ ժամանակի մասին է: Պետք է պատմել մի պատմություն, որը մենք դեռ չենք տեսել, չենք լսել, որ նրա մեջ ազնվություն եւ անաչառություն  լինի: Ժամանակի հարցը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե դու ցանկանում ես անել այդ ամենը:

Մենք անկեղծ պատմված պատմության կարիք ունենք, որովհետեւ, իմ կարծիքով, եթե անկեղծ լինի ամեն ինչ, չի լինի մարդ, որ չսիրի, այսօր մարդն այնքան է հագեցված ու ինֆորմացված, որ ցանկացած բան կարող է գտնել:

– Եթե ձեզ հանդիպեր 15-ամյա մի պատանի, ով ցանկանում է ռեժիսոր դառնալ, առաջինն ի՞նչ խորհուրդ կտայիք:

– Երբեք չհանձնվել:

– Հայացք դեպի ռեժիսորական աշխարհ:

– Ռեժիսորն ամենաչարքաշ աշխատանքն է անում, ռեժիսորը բոլորի՝ դերասանի, նկարչի, օպերատորի, բանվորի, հավաքարարի, ցանկացածի հետ  ապրում է: Ցանկացածին պետք է համոզի, պատմի,  որ հավատան: Դա բարդ, շատ բարդ աշխատանք է:

Դու պետք է մարդկանց վարակես, որ հավատան քեզ եւ գան քո հետեւից, այն ֆիլմը, որ քո գլխի մեջ է, պարզվի եւ բոլորի գլխի մեջ հայտնվի:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31