Սկսեմ, թերեւս, բավական համարձակ, բայց, ըստ ամենայնի, ոչ անհիմն պնդումից. Ղարաբաղյան կոնֆլիկտը, որը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, յուրաքանչյուր կողմն անվանում է իր ճաշակով (հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, կոնֆլիկտ՝ Ադրբեջանի ու Արցախի միջեւ, տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ այլն), այս փուլում լուծում չունի, եթե անգամ կողմերն անկեղծորեն ցանկանան այն կարգավորել։ Այլ կերպ ասած, կոնֆլիկտը չի կարող լուծվել, մինչ ավարտին չմոտենա, այսպես կոչված՝ նոր աշխարհակարգի ձեւավորմանը միտված աշխարհաքաղաքական լուրջ պայքարը։ Ե՞րբ դա տեղի կունենա եւ ինչպիսի՞ն կլինի այդ նոր աշխարհակարգը, առայժմ կարելի է դատել միայն տեսականորեն, հետեւելով խոշոր խաղացողների կողմից վարվող քաղաքականությանը եւ տարածաշրջանային առանձին տերությունների գերակտիվությանը։
Ակնհայտ է, որ ձեւավորվող նոր կառուցվածքը բացառելու է միաբեւեռ աշխարհը։ Հավանաբար. կամ կձեւավորվի երկբեւեռ աշխարհակարգ, բայց յուրաքանչյուր բեւեռում ներառելով որոշակի երկրների բլոկ, կամ էլ՝ առհասարակ բազմաբեւեռ, աշխարհագրական ու այլ չափորոշիչներով պայմանավորված երկրների յուրաքանչյուր խմբում առանձնացնելով պայմանական տարածաշրջանային ավագի, որն էլ պատասխանատվություն կկրի իրեն վերապահված աշխարհաքաղաքական տիրույթում կայուն խաղաղության եւ զարգացման համար։
Մինչ այդ, սակայն, հակամարտության առանձին ռեգիոններ, ցավոք, իբրեւ գործիք են օգտագործվելու մեկը մյուսի վրա ճնշում գործադրելու համար բոլոր այն հատվածներում, որտեղ կարելի է կետային հարվածներ հասցնել եւ դիրքերը բարելավել։ Տվյալ պահին ուժերի հարաբերակցության եւ առկա հնարավորությունների մոտավոր հավասարության պարագայում այնքան մեծ է գայթակղությունը՝ օգտվելու բոլոր հասանելի հնարքներից, որ անկարելի է դրանից հրաժարվել։
Այսպիսով, Ղարաբաղյան կոնֆլիկտն, իհարկե, ձեռք չի բերել աշխարհաքաղաքականի կարգավիճակ, փոխարենը կարծես հարմար գործիքի է վերածվել աշխարհաքաղաքական խաղացողների ձեռքում։ Եթե կարելի է ըստ նպատակահարմարության «հրդեհել» ու մանիպուլյացիաների ենթարկել Մերձավոր Արեւելքը, Աֆրիկան, Բալկանները եւ այլն, ինչո՞ւ չի կարելի Հարավային Կովկասը եւս դիտարկել իբրեւ համանման պոլիգոն։ Հասկանալի է, որ ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել, եթե, իհարկե, չկանգնեցնեն։
Կարդացեք նաև
Խոշոր խաղացողները, ունենալով իրենց շահերը, այդուհանդերձ տարբեր կերպ են դիտարկում Հարավային Կովկասը. ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հազիվ թե այդ տարածաշրջանն ընկալում են մեծ Մերձավոր Արեւելքի շրջանակներում, բայց հետաքրքրված են առկա լարվածությունն օգտագործել ՌԴ-ի դեմ, որն էլ իր հերթին շահագրգիռ է Հարավային Կովկասի կայունությամբ, քանզի այն իրավամբ պատմականորեն համարում է իր ազդեցության տիրույթ։ Հարեւան Իրանը եւս, անշուշտ, իր շահերն ունի տարածաշրջանում. նրան էլ է հարկավոր կայունություն, բայց ոչ ամեն գնով։ Իրանի գլոբալ շահերը պահանջում են բացառել Արեւմուտքի եւ Թուրքիայի դիրքերի չափից դուրս ամրապնդումը Հարավային Կովկասում։ Ուժերի հարաբերակցության ցանկացած արմատական փոփոխություն հղի է նոր մարտահրավերներով Իրանի համար եւս, այդ իսկ պատճառով նա բոլոր ջանքերը ներդնելու է, որպեսզի ծխացող օջախը չվերաճի անկանխատեսելի հրդեհի, որ կողմից էլ որ քամին փչի։
Ակնհայտ է՝ ամենաակտիվ խաղացողը Թուրքիան է, որը ոչ միայն անթաքույց ջանում է իրացնել իր շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում հաճույքով գործիք է «դառնում» ավելի խոշոր խաղացողների ձեռքում, ընդ որում՝ միշտ անկյունաքարային համարելով սեփական շահերը։ Թուրքիայի ախորժակը` ընդգրկելու ազդեցության լայն աշխարհագրություն՝ Աֆրիկայից մինչեւ Մերձավոր Արեւելք, Կենտրոնական Ասիայից մինչեւ ույղուրներ եւ ուրումչիներ Սինձյանում, մինչ վերջերս ընդունված էր համարել Օսմանյան կայսրության երբեմնի հզորության ֆանտոմային ցավեր։
Սակայն, ակնհայտ է, որ դա գործնականում իրականացվող հետեւողական քաղաքականություն է։ Քաղաքականություն, որն, ըստ էության, հաստատում է Անկարայի հրաժարումը քեմալիզմի գաղափարներից։ Աթաթուրքի պատմական դերի ձեւակերպման հարցում անկասկած լուծում կգտնեն։ Ասենք՝ կարող են հայտարարել, թե նա երբեք չի եղել բոլոր թուրքերի հայրը, քանզի վարել է իրավիճակային քաղաքականություն, ինչը հակասում է օսմանիզմի գաղափարներին։ Վատագույն դեպքում թողնելով նրա «բոլոր թուրքերի հայր» տիտղոսը, միաժամանակ կընդգծեն, որ Մուստաֆա Քեմալը օսմաններին նույնիսկ բարեկամ էլ չէր։ Ինչպես ասում են՝ թուղթն էլ է իրենց ձեռքում, գրիչն էլ։ Ոչ մի նոր, առավելեւս անսպասելի բան Էրդողանի վարած քաղաքականության մեջ չկա։ Նրա բոլոր քայլերը, հանգամանքների ազդեցությամբ թեթեւ շտկումներով, շարադրված են Թուրքիայի նոր մանիֆեստում՝ Ահմեդ Դավութօղլուի դեռ 2001թ. լույս տեսած «Ռազմավարական խորություն» գրքում։ Հետագայում լինելով անգամ վարչապետ եւ երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, Դավութօղլուն գտնում էր, որ ցանկացած պետություն իր արտաքին քաղաքական ձգտումներում առաջնորդվում է առաջին հերթին աշխարհառազմավարական դիրքով, իսկ երկրորդ՝ պատմական ժառանգությամբ, ինչն էլ հենց համարում է «ռազմավարական խորություն»։
Հասկանալի է՝ պատմական ժառանգություն ասելով նկատի է առնվում օսմանյան պատմությունը 15-րդ դարից սկսած։ Առանձնացնելով պետությունների չորս տիպ՝ գերտերություն, մեծ տերություն, տարածաշրջանային տերություն, փոքր երկիր, հեղինակը գտնում է, որ քեմալականները, հրաժարվելով կայսերական անցյալից, երկիրը տեղափոխեցին չորրորդ կարգ, ինչն անթույլատրելի է։ Անհրաժեշտ է վերադառնալ մինչքեմալական անցյալին եւ բարձրացնել երկիրը երրորդ կարգ եւ ավելի վերեւ, քանի որ Թուրքիան ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ հարմար աշխարհագրական դիրք, բնակչության թվաքանակ եւ այլն։ Թուրքիան չի ցանկանում կամուրջ լինել Եվրոպայի ու Ասիայի միջեւ, այդ դերը նրա վզին փաթաթել են, պնդում է Դավութօղլուն, շարունակելով. Թուրքիան հանդիսանում է եւ եվրոպական, եւ ասիական երկիր, բալկանյան ու կովկասյան, մերձավորարեւելյան ու միջերկրածովյան տերություն։ Ոչ այլ կերպ, քան մեծ տերության կարգավիճակի ոչ երկիմաստ հավակնություն։ Էրդողանն, իհարկե, արագ իր ճանապարհից հեռացրեց Ահմեդ Դավութօղլուին, իբրեւ իրական մրցակից, շարունակելով, սակայն, կյանքի կոչել նրա «Ռազմավարական խորության» քաղաքականությունը։
Թուրքիան արդեն այսօր Իրաքում է, Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Բալկաններում, Հարավային Կովկասում (Ադրբեջան, Վրաստանի ամբողջ սեւծովյան ափ), ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Թուրքիային ամենուր ինչ-որ բան հարկավոր է, իսկ թե հատկապես ինչ՝ արդեն անգամ չի էլ թաքցնում։ Այլ հարց է, որ Թուրքիայից բացի, դա որեւէ մեկին պետք չէ. ոչ ՌԴ-ին, ոչ ԱՄՆ-ին, ոչ Իրանին, ոչ արաբական երկրներին, ոչ հույներին ու այլ եվրոպացիներին, ոչ Չինաստանին, ոչ էլ ուրիշ մեկին։ Սիրիայում թուրքական սուլթանի պլաններին խանգարեցին ՌԴ-ն ու Իրանը, Իրաքում՝ ԱՄՆ-ն ու շիա «ինտերնացիոնալը», Լիբիայում մարշալ Հավթարին, ով պայքարում է «Մուսուլման եղբայրների» սիմվոլիկ իշխանության դեմ՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ, աջակցություն հայտնեց Եգիպտոսը՝ ոչ պաշտոնապես դա համաձայնեցնելով Մոսկվայի հետ, հուլիսի վերջին հույները քիչ էր մնում պատերազմի մեջ մտնեին Թուրքիայի հետ, արաբական աշխարհը սկսել է ավելի կոշտ արձագանքել Անկարայի նվաճողական նկրտումների դեմ։ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների արդյունքում Թուրքիան բարելավեց իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որպեսզի ապահովագրի իրեն, իսկ ԱՄՆ-ն իր հերթին կապերն ավելի սերտացրեց Սաուդյան Արաբիայի հետ՝ իբրեւ հակակշիռ։
Այժմ Թուրքիան ցանկանում է լինել ոչ միայն բոլոր թուրքալեզու հողերը համախմբողը (ավելի կոռեկտ ձեւակերպմամբ՝ իր ազդեցությունը տարածել նրանց վրա), այլեւ հավակնում է բոլոր սուննի մուսուլմանների հոգեւոր առաջնորդի ու պաշտպանի դերին։ Սաուդցիները, հավանաբար, ժամանակ չունեն դրանով զբաղվելու, թող հուսիթներով զբաղվեն Յեմենում ու հետագայում էլ ձեւացնեն, իբր մերձավորարեւելյան ազդեցիկ խաղացող են: Մեքքային ու Մեդինային Անկարան էլ կարող է «տեր կանգնել»։ Կամ էլ, վատագույն դեպքում՝ դրանք կփոխարինի Սուրբ Սոֆիայի այլեւս մզկիթով։
Այսպիսին է ժամանակակից Թուրքիան եւ նրա քաղաքականությունը։ Բնավ պարտադիր չէ զինվորական հեռադիտակով «հայտնաբերել» թուրքական զորքեր Նախիջեւանում, որպեսզի հասկանալ, որ նրանք այնտեղ եղել են, կան ու կլինեն։ Պոտենցիալ հակառակորդի նպատակներն ու խնդիրները միայն նրան առերեւույթ տեսնելու պահին հասկանալը լավ բանի չի հանգեցնի։ Անհրաժեշտ է մշտապես պատրաստ լինել ցանկացած զարգացման, բայց եւ այդ հավանական զարգացումները հարկ է կարողանալ կանխատեսել։
Ինչ վերաբերում է բուն հայ-ադրբեջանական կոնֆլիկտին (Տավուշում ադրբեջանական հուլիսյան սադրանքից հետո կարելի է այսպես կոչել), համարձակվում եմ ենթադրել, որ լայնածավալ պատերազմ չի լինի։ Չի լինի, քանի որ Հայաստանն առիթ չի տա Թուրքիային լեգալ ձեւով ներքաշվել պատերազմի մեջ՝ Ադրբեջանի կողմից, իսկ ոչ լեգալ պրովոկացիաները կարժանանան դիմադրության նաեւ ՌԴ-ի ու Իրանի կողմից։ Չի լինի նաեւ այն պարզ պատճառով, որ այն չի կարող մնալ լոկալ բախման շրջանակներում, իսկ դա չի տեղավորվում տարածաշրջանում սոսկ լարվածության վերահսկելի օջախ պահպանելու տրամաբանության մեջ։ Լոկալ բախումներով դիրքային առավելություն ստանալու Բաքվի պատրանքները հայկական կողմը հօդս ցնդեցրեց իր մարտունակության եւ վճռականության անվիճելի ցուցադրմամբ։ Ուստի, սա այն դեպքն է, երբ սարսափելի վերջը նպատակահարմար չէ, մնում է հանդուրժել անվերջ սարսափը։ Վատ է միայն, որ հանդուրժելու բեռը ծանրանում է ոչ թե խոշոր խաղացողների, այլ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի բնակիչների ուսերին, որոնք լայնածավալ աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժումների պրոցեսում հակամարտության սուբյեկտներից աստիճանաբար վերածվում են օբյեկտի։ Գուցե իմաստ ունի պարզապես սպասել ձեւավորված ստատուս-քվոյի շրջանակում ու չսպանե՞լ մեկ-մեկու։
Ռուս-թուրքական անհանգիստ հարեւանության հինգհարյուրամյա պատմությունը վկայում է, որ հարաբերությունների ջերմացումն ու լարվածությունը մշտապես հաջորդում են իրար, եւ առնվազն անհեռատեսություն կլինի Իլհամ Ալիեւի կողմից սեփական խաղը կառուցել Մոսկվայի ու Անկարայի այս պահին սերտ հարաբերությունների հարատեւության վրա, որպեսզի չմոտեցնի նրանց միջեւ բարդ ընտրություն կատարելու անխուսափելի անհրաժեշտության հեռանկարը։
Հայտնի ասացվածքը հուշում է. «Երբ Կովկասում մի անգամ կրակում են, ապա հարյուր տարի փոխհրաձգություն է գնում», սակայն, քանի որ կա ըմբռնում, որ երրորդ շահագրգիռ ուժերը գիտակցաբար են կրակի վրա յուղ լցնում, ինչո՞ւ չփորձել «արդարացնել» կովկասյան այդ ավանդույթը՝ գոնե առանձնակի կրակոցներով ու փոքր կորուստներով։
Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ
Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ
12.08.2020