Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհած Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որով աշխարհահռչակ երաժիշտը պարգեւատրվել էր 2014-ին: Ինտերֆաքսի փոխանցմամբ , նա այդ քայլով իր բողոքն է արտահայտել Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների դեմ:
Բաց նամակում արվեստագետը գրել է, որ իր սիրտը ցավում է Բելառուսի ժողովրդի, իրենց տարրական իրավունքների եւ ազատությունների համար պայքարող քաղաքացիների համար: «Ես ամաչում եմ կրել այդ շքանշանը, որը կապված է ձեր կառավարման հետ»,- հայտարարել է Յուրի Սպիվակովը՝ իր խոսքերով, Լուկաշենկոյի «սեւ ուժը» որակելով ահռելի թուլություն:
«Ձեր այսօրվա «տոնի» ժամանակ (Բելառուսի նախագահը ընտրությունները տոն էր անվանել-Գ.Հ.) թագավորում են անբարոյականությունը, բռնությունը եւ դաժանության անվերջանալի օրինակները, որոնք վկայում են ողջ երկրով մեկ քաղաքացիներին դաժան ճնշումների ենթարկելու մասին»,- ընդգծել է Վլադիմիր Սպիվակովը, որը տարբեր տարիների բազմաթիվ շքանշանների ու մեդալների է արժանացել, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (Հայաստան, 1999), ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոցարտի ոսկե մեդալի:
Նշենք, որ Վլադիմիր Սպիվակովի տիկինը դիրիժոր Զարեհ Սահակյանցի դուստրն է՝ Սաթի Սահակյանց-Սպիվակովան: Նա այս տարվա հունվարին աջակցություն էր հայտնել սկանդալի առանցքում հայտնված օպերային երգիչ Յուսուֆ Էյվազովին, որը, ըստ մամուլի հրապարակումների, Դրեզդենի օպերայում հրաժարվել էր նույն բեմում ելույթ ունենալ հայազգի օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ, Սպիվակովի տիկինը նաեւ համերաշխության կոչ էր արել Մանթաշյանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ