Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյանին ընկերները չեն կարողացել համոզել, որ հացադուլի չդիմի

Օգոստոս 12,2020 20:25

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի հայտարարած անժամկետ հացադուլը շատերին է անհանգստացրել: Ընկերները, ծանոթ-բարեկամները, պարզապես երկրպագու քաղաքացիները անընդհատ զանգահարում են նրան, այցելում, հետաքրքրվում են որպիսությունով: Ոմանք աջակցելու պատրաստակամություն են հայտնում, մյուսները հորդորում են չգնալ այդ ծայրահեղ քայլին:

Օրվա երկրորդ կեսին լեգենդար բռնցքամարտիկին կողքին էին նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Վերադարձ» հիմնադրամ հասարակական նախաձեռնության խմբի անդամ Արագած Ախոյանը:

Aravot.am-ը զրուցեց նրանց հետ:

Գառնիկ Իսագուլյան. «Ես ավելի քան մեկ շաբաթ փորձում էի համոզել մեր հռչակավոր Իսոյին, որպեսզի այսպիսի քայլի չդիմի: Բայց, հավատացեք, չկարողացա: Իսրայելի պահանջն ազգային միասնությունն է: Նա ասում է, որ իր ամբողջ խնդիրն է, որ ժողովուրդը միասնական լինի, որ սեւեր-սպիտակներ, հներ-նորեր, հեղափոխականներ-հակահեղափոխականներ չլինեն: Եվ հատկապես շատ զայրացած է՝ կապված այն խնդիրների հետ, որոնք մեր ազգային ավանդույթների, ազգային արժեհամակարգի հետ կապ չունեն՝ Ստամբուլյան, Լանսարոտեի կոնվենցիաներ. ԼԳԲՏ համայնքի ակտիվացում, որոնք մեր իրականությունից ուզում են բոլոր հայկականը հանել եւ տեղը դնել ինչ-որ բան, որ բոլորի համար անհայտ է: Նույնը՝ հանրակրթական չափորոշիչների հետ կապված: Նույնիսկ, երբ ասացի, թե դու աշխարհահռչակ մարզիկ ես, 20-րդ դարի լավագույն բռնցքամարտիկ, պատասխանեց, որ իրեն վատ է զգում, որ իր երեք տղաները, ապագայում՝ թոռները կարող են դառնալ այդ ամենի գերին: Եվ եթե իշխանությունը, ընդդիմությունը, ժողովուրդը միասնական կլինեն այդ հարցերի տեսանկյունից, ինքը որեւէ խնդիր չի ունենա:

Այս առումով համարում եմ, որ Իսրայել Հակոբկոխյանի ակցիան միասնականության, համախմբվածության, ծառացած խնդիրներին միասնական լուծումներ տալու օրինակելի ճիչ է: Ինքը ոչ մեկին չի տարանջատում: Ասում է, որ այն գաղափարները, որ հռչակել էին 2018 թվականին եւ հիմա չեն իրականացնում, եւ տեսնում է ճիշտ հակառակը, չի կարող չընդվզել: Սա է այսօր նրա հայտարարած անժամկետ հացադուլի խորհուրդը:

Կրկնում եմ, Իսոյին համոզել չի ստացվել, եւ հիմա բոլորին եմ խնդրել՝ գան, միանան ինձ, որպեսզի համոզենք՝ դադարեցնի հացադուլը: Պայքարի մյուս բոլոր ձեւերը սպառված չեն: Մենք ընկերներ ենք, եւ ես Իսրայելի բնավորությունը շատ լավ գիտեմ: Նա մի անգամ էլ՝ 2007 թվականին էր հացադուլ արել է: Այն ժամանակ խնդրեցի Սերժ Սարգսյանին եւ նրա հետ միասին համոզեցինք, որ հացադուլը դադարեցնի: Հիմա էլ, եթե հարկ լինի, ցանկացած մեկին կգնամ կխնդրեմ, որպեսզի ծայրահեղ մեթոդների Իսրայելը չգնա»:

Արագած Ախոյան. «Մի քանի ժամ առաջ եմ իմացել, որ մեր աշխարհահռչակ բռնցքամարտիկը անժամկետ հացադուլ է հայտարարել: Շատ եմ ցավում, որ նա դիմել է ամենածայրահեղ այս քայլին: Նրա բարձրացրած խնդիրները մեզ շատ վաղուց են ծանոթ: Ու այս հարցում Իսրայելը միայնակ չէ: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մենք ու շատերը, մասնավորապես, «Կամք» ՀԿ-ն, պայքարում է, ընդհուպ, մինչեւ ստորագրահավաքներ կազմակերպելով: Եթե հիշում եք, մենք տեսանք, որ դավադրություն կատարվեց եւ այս համավարակի պայմաններում գաղտագողի այդ կոնվենցիան 79 ապազգային պատգամավորներով ԱԺ-ում անցկացրեցին դավադրաբար, ինչի ընթացքին մենք ուղղակի տեղյակ չեղանք:

Մեր ազգն այսօր իսկապես կանգնած է աղետի առջեւ եւ այդ ճանապարհին արդեն մի քանի քայլ արվել է: Ցավոք սրտի, դա շարունակվում է եւ կխորանա, եթե անտարբեր լինենք, թույլ տանք, որպեսզի այդ ապազգայինները տարբեր ուղղություններով տորպեդահարեն մեր ազգային արժեքները՝ եկեղեցին, հայոց պատմությունը, գրականությունը, ներմուծեն հանրակրթական ինչ-որ նոր չափորոշիչներ, որոնց կտրականապես դեմ են արտահայտվում մասնագետները, գիտականորեն ցույց տալիս վտանգները: Եթե ամեն մեկս զբաղվենք միայն մեր առօրյա կյանքով, մի քանի տարի հետո, Աստված չանի, կունենանք մի այնպիսի Հայաստան, որում այսօրվա իշխանությունները ուզում են գլոբալիզացիայի շրջանակներում հայի կոդը փոխել եւ Հայաստանում «կերտել» ատոմային նոր մարդու կերպարը:

Մենք այդ ծրագրում չկանք եւ թույլ չենք տալու այդ ներդրված «ճարտարապետներին», որոնք կան նաեւ կառավարությունում ու Ազգային ժողովում, դրանք իրականացնել: Այս առումով, Իսրայել Հակոբկոխյանի այս քայլը դիտարկելով որպես բողոք արտահայտելու ծայրահեղ քայլ, այսօր եկել ենք նրան սատարելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31