Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը պատրաստ է, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի. Անի Սամսոնյանն այսպիսի տպավորություն ունի

Օգոստոս 12,2020 19:59

Ամուլսարի հանքի շահագործման հարցում իշխանության լռությունից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եկել է այն եզրակացության, որ իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Հակառակ դեպքում, լռությունը չէր պահպանվի, այս ընթացքում կարվեին որոշակի աշխատանքներ։ Նաեւ, ինձ համար զարմանալի է, երբ օրինակ՝ «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարող են կառավարության մոտ բողոքի ակցիա անել, բերման չենթարկվել, բայց Ամուլսարի բնապահպան-պաշտպանները կարող են բերման ենթարկվել »,- ասաց պատգամավորը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պատասխանն  այս հարցով, ընդդիմադիր պատգամավորը պատասխան չի համարում, այլ շարադրանք, բառակույտ, որտեղ անգամ հասկանալի չի, թե ո՞վ է հարցի իրական պատասխանատուն: Անի Սամսոնյանի տպավորությամբ՝ Տիգրան Ավինյանի պատասխանից երեւում էր, որ վերջինս խնդրին անգամ տեղյակ չէ: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, վստահ է՝ կառավարությունում ամեն ինչ «լավ էլ գիտեն, եթե չգիտեն՝ ավելի վատ իրենց համար»:

Ըստ նրա, Ամուլսարի պահապանները, Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները, սպասում են գործադիրի որոշմանը` Ամուլսարի խնդրի հետ կապված, սակայն կառավարությունից չկան անհրաժեշտ պատասխանները։ Նա տարակուսում է՝ «ի՞նչ է, պետք է հավաքվեն եւ գան կառավարության մոտ ցո՞ւյց անեն, որ պատասխաններ ստանան»: Այս ընթացքում պատգամավորը միայն տեսել է «Իմ քայլի» պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները այն մասին, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են եւ նկատում է՝ դրանք «ընդամենը գրառումներ են», եւ եթե իշխող ուժն այս առիթով քննարկումներ է ունենում, ճիշտ կլինի, որ արդյունքների մասին հոդաբաշխ տեսակետ արտահայտեն խնդրի վերաբերյալ:

Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրեն չի համարում հարցի հասցեատերը։ Լրագրողների հետ զրույցում, համենայնդեպս, Ամուլսարի հանքի շահագործման մասին հարցին Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Չեմ տիրապետում բավարար չափով ինֆորմացիայի։ Ինձ վրա չեմ վերցնի պատասխանատվություն՝ դրա մասին խոսելու։ ՀՀ իշխանությունը չի արել եւ չի անի որեւիցե քայլ, որը կվնասի ՀՀ քաղաքացու, երկրի, բնության շահերին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31