Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյան. «Թող չմտածեն, թե իրենք Անմահ Կաշչեյն են»

Օգոստոս 12,2020 19:05

Բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը, որը նաեւ 2 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, անժամկետ հացադուլ է հայտարարել:

Լեգենդար մարզիկը յոթ կոնկրետ պահանջ ունի. Ոչ՝ ստամբուլյան կոնվենցիային, Ոչ՝ Լանզարոտեի կոնվենցիային, Ոչ՝ թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին, Ոչ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, Ոչ՝ մեր պատմության կեղծմանը, Ոչ՝ Ամուլսարի շահագործմանը, Ոչ՝ անօրինական բռնություններին: Ութերորդ տողում էլ գրել է՝ «Ոչ» ու կախման կետեր դրել:

Aravot.am-ը Իսրայել Հակոբկոխյանին հարցրեց նաեւ ակնարկվող պահանջների մասին, սակայն նա ասաց, որ դրանք եթերում հրապարակային արտահայտելու ենթակա չեն, բայց բոլորն էլ հասկանում են:

-Ի՞նչ նպատակ եք հետապնդում անժամկետ հացադուլ հայտարարելով:

-Ես դեռ 2018 թվականին եմ հասկացել, որ այս կառավարությունը հակաազգային է լինելու եւ այդ մասին ասել եմ: Հիմա տեսնում եմ, որ ազգիս միմյանց հետ թշնամացրել են: Մի ժամանակ փողոցներում գոչում էին չէ՞«ոստիկանը մերն է»: Բայց հիմա ոնց հասկացել եմ՝ ոստիկանին ու ժողովրդին իրար հետ թշնամացրել են: Ասես, մեկը թուրք է, մյուսը՝ հայ: Ի՞նչ է կատարվում: Դպրոցական աղջնակի թեւերն են ոլորում-տանում, կանանց վրա են հարձակվում դիմակը ճիշտ չկրելու համար: Ես ինչպե՞ս այդ բաներին դիմանամ: Մենք մի թշնամի ունենք, եւ մեր պայքարը պետք է այդ թշնամու հետ լինի, այլ ոչ թե մեկս՝ մյուսի: Ես իմ այս քայլով որոշել եմ մեզանում քաղաքականությամբ զբաղվողներին ազգային արժեքների շուրջ համախմբվելու կոչ անել, որպեսզի միասին մեր երկիրը աղետից դուրս բերենք:

-Նաեւ կառավարությա՞նն եք համախմբվելու կոչ անում:

-Օ՜հ: Կառավարությանը ասելու բան չունեմ:

-Ոստիկանն, ի վերջո, հրաման է կատարում:

-Վաղը եթե ավելի ահավոր հրաման տան, դա՞ էլ են կատարելու: Հրաման տվողները եւ կատարողները պիտի հասկանան, չէ՞, որ ասֆալտին փռելու, պատերն ծեփելու ուղտը վաղը կարող է իրենց առջեւ էլ չոքել:

-Անժամկետ գործադուլ: Այսինքն, որքան ուժերդ կներե՞ն:

-Այո: Քանի դեռ սիրտս բաբախում է, ուղեղս էլ՝ աշխատում: Մինչեւ տեսնեմ, որ այսօրվա իշխանությունից դուրս քաղաքականությամբ զբաղվողները համախմբվել, մի բռունցք են դարձել: Պարտադիր չէ՝ մի անձի շուրջ հավաքվեն, պարտադիր է ազգային մի գաղափարի շուրջ համախմվեն, այլ ոչ թե ամեն մեկը վերմակն իր կողմը քաշի կամ կարապի, խեցգետնի եւ գայլաձկան պատմությունը լինի: Ուզում եմ, որ Հայաստանը պաշտպանեն օտարերկրյա միջամտություններից ու ազդեցություններից:

-Դու ճանաչված եւ սիրված մարդ ես: Քո այս քայլը ժողովրդի, քեզ ճանաչողների շրջանում հետաքրքրություն առաջացրե՞լ է:

-Ես իմ առջեւ նման նպատակ չեմ դրել: Սա կինո չէ, որ հետաքրքիր կամ անհետաքրքիր լինի: Ազգին սեւերի ու սպիտակների բաժանելու իմ մտահոգությունը այսպես եմ արտահայտում, որպեսզի ոստիկանն էլ, ռամիկ ժողովուրդն էլ, իշխանությունն էլ իմանան, որ իրենք մեր հայերն են: Որպեսզի իրենք չմտածեն, թե Անմահ Կաշչեյն են, եկել նստել են աթոռին ու  ազգին իրար հետ թշնամացնեն:

-Մարզական աշխարհի պահվածքն այս ընթացքում քեզ գոհացնո՞ւմ է:

-Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ: Մարզիկների մասին ինձ հարց մի տվեք:

-Ի՞նչը քեզ կստիպի դադարեցնել հացադուլը:

-Երբ տեսնեմ, որ մեր հանճարեղ մարդիկ միավորվել են եւ պատրաստ են Հայաստանը հանել այս անդունդից:

-Իսկ եթե ԿԳՄՍ նախարարը, որպես երկրում նաեւ սպորտային քաղաքականությունը մշակող պաշտոնյա, դիմի հացադուլը դադարեցնելու խնդրանքով, ընդառաջ կգնա՞ս:

-Վայ-վայ-վայ: Այսօր այդպիսի մարդ կամ պաշտոնյա կա՞, որը սպորտը, գիտությունը համակարգում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31