«Գաղտնի, «անտեսանելի» միջոցառումներ են տեղի ունենում՝ ավելի շատ Երեւանից դուրս: Հնչում է բարձր երաժշտություն, կա աղմկոտ հրավառություն, շատ մարդիկ են հավաքվում: Ինչպես ինձ փոխանցեցին, ռեստորանի աշխատողների միակ հորդորն այն է, որ մասնակիցները հանկարծ «լայվ» չմտնեն: Ոստիկանությունը չէր կարող չնկատել նման միջոցառումները: Որքանո՞վ է նպատակահարմար 40 հոգով միջոցառումները թույլատրելը»,-ԱԺ հատուկ նիստում այսօր պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանը:
Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ նման դեպքերը հատուկենտ են, որոնք ծածուկ կերպով են իրականացվում. «Բայց երբ ասում եք, որ ոստիկանությունը դա չի նկատում, հարց է առաջանում՝ ինչի՞ց է հասկանալի, որ չի նկատում: Կարող է լինել իրավիճակ, որ հնարավոր է միջոցառումը չնկատել, եթե քաղաքից շատ հեռու է: Վստահեցնում եմ՝ բոլոր այն միջոցառումները, որոնք ընթանում են հակահամաճարակային կանոնների խախտմամբ, ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողությունները, իսկ հետեւանքները կոշտ են լինում»:
Շաքե Իսայանը պնդեց՝ հնարավոր չէ բազմամարդ միջոցառումը չնկատել, եթե ռեստորանից ոչ հեռու ոստիկանական բաժին կա: Ավինյանն առաջարկեց ասել՝ ե՞րբ եւ որտե՞ղ է եղել նման միջոցառում. «Խոստանում եմ գնալ այդ դեպքերի հետեւից»: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ