ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շուտափույթ չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հղած շնորհավորանքը՝ Բելառուսի նախագահական ընտրություններում վերընտրվելու առթիվ: Սա Հայաստանում խիստ քննադատությունների տեղիք տվեց այն առումով, որ իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունները, չպետք է շտապեին շնորհավորել ակնհայտ ընտրակեղծարարությունների միջոցով վերընտրված Լուկաշենկոյին, հատկապես այն դեպքում, երբ երկրում հետընտրական զարգացումները դեռ չեն դադարել։
«Օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել, որպես շնորհավորող: Բայց դա ուղղակի տեխնիկական բան է, որը, ասում եմ՝ պետք չէ դրա վրա որեւիցե ձեւով հենվել: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի ղեկավար հենվում է այն պաշտոնական տվյալների վրա, որ գոյություն են ունենում այդ պահի դրությամբ: Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ին գրեթե բոլոր եվրոպական երկրները, նաև հենվելով այդ պաշտոնական տվյալների վրա, նույնպես շնորհավորեցին նույն Սերժ Սարգսյանին: Հիմա, իմ ասածը հետեւյալն է: Ինձ մոտ կոնկրետ շատ մեծ մտահոգություն է առաջացնում այն, ինչ տեղի է ունենում այսօր Բելառուսում: Եվ ինձ համար անընդունելի է որեւիցե խաղաղ ցուցարարի նկատմամբ եւ ցուցարարների նկատմամբ ուժի, բռնության գործադրումը ու խիստ դատապարտելի է: Պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ տվյալ՝ ստացված Բելառուսի Հանրապետության կողմից այս պահի դրությամբ: Եվ մենք, որքան էլ տեղ չտանք ցանկություններին, էմոցիաներին, մեր անձնական դիրքորոշումներին, ՀՀ-ն պետություն է, որն իր գործառույթը պետք է կատարի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ